Նոյեմբերի 24-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում դատարանը մերժեց իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի պաշտպան Սամսոն Կարապետյանի՝ նրա խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին վերացնելու միջնորդությունը՝ գտնելով, որ իրավապաշտպանը կարող է խոչընդոտել գործի քննությանը:
Հիշեցնենք՝ Սաշիկ Սուլթանյանին մեղադրանք է առաջադրվել ԱԱԾ-ի քննիչի կողմից, որը Հայաստանում ապրող եզդիների իրավունքների խախտումների մասին խոսելը որակել է որպես ազգային թշնամանքի հարուցում։ Քրեական գործի հիմքում 2020 թվականի հունիսին Սաշիկ Սուլթանյանի զրույցն է yezidinews.com լրատվամիջոցի հետ։ Զրույցի ընթացքում նա բարձրաձայնում է Հայաստանում ապրող եզդիների խնդիրների մասին և մտահոգություն հայտնում, որ չնայած ներդրված ջանքերին՝ այնուամենայնիվ ազգությամբ եզդի ՀՀ քաղաքացիների իրավունքների երաշխավորման հետ կապված որոշ խնդիրներ դեռևս լուծված չեն։ Եզդիերենով այս զրույցը ոչ ճշգրիտ թարգմանության ու բովանդակության խեղաթյուրման արդյունքում դարձել է շահարկումների առիթ, ավելին՝ հարուցվել է քրեական գործ։ Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքները պաշտպանելու, նրանց խնդիրները բարձրաձայնելու համար Սաշիկ Սուլթանյանը բազմիցս թիրախավորվել է։
Նշենք, որ ԱԱԾ-ի՝ եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի դեմ հարուցված քրեական գործի և մեղադրական եզրակացության, ինչպես նաև Ազգային ժողովի՝ վերջերս հաստատված օրինագծի, ըստ որի քրեականացվում է պետական պաշտոնյաների և այլ գործիչների վերաբերյալ քննադատությունը, Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն էր տարածել, իրավապաշտպանի հետ կատարվողը դատապարտել են նաև ՄԱԿ-ի ազգային փոքրամասնությունների, խոսքի ազատության, իրավապաշտպանների վիճակի հարցերով հատուկ զեկուցող-փորձագետները և շեշտել, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների առնչությամբ մտահոգությունների բարձրաձայնումը թշնամանքի հարուցում չէ։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ