Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիևը գիտի, թե ինչ է նշանակում Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան»․ Արտաշես Գեղամյան

Նոյեմբեր 24,2021 13:49

«Ինչ խոսք, ճակատագրական օրեր ենք ապրում։ Մեր երկրի փաստացի ղեկավարը աշխարհաքաղաքական տարրական գիտելիքներից զուրկ է, չի տիրապետում իրավիճակին, ինչը մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի պետականության լինել, չլինելու համար»,- այսօր այս մասին «Հենարան» ակումբում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արտաշես Գեղամյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը լսելուց հետո կարելի է եզրակացնել, որ Նիկոլ Փաշինյանը, բացի իրավիճակին չտիրապետելուց, նաև իրավիճակի մասին անտեղյակ է և չի հետևում մամուլին։

«Նոյեմբերի 12-ին Ստամբուլում կայացավ թյուրքալեզու պետությունների գագաթաժողովը, որը վերանվանվեց թյուրքալեզու պետությունների, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պարգևատրեցին Հայաստանի դեմ Ղարաբաղում հաղթանակ տանելու համար։ Ալիևին ծափահարում էին նաև Ղազախստանի և Ղրղըզստանի նախագահները, ովքեր և՛ ՀԱՊԿ, և՛ ԵԱՏՄ անդամ երկրներ են։ Ալիևը պաշտոնապես հայտարարում է, որ Ղարաբաղի հարցը լուծված է, իսկ այս ամենից մեր ղեկավարն անտեղյակ է, երեկ խոսում էր բացարձակապես նշանակություն չունեցող հարցերի մասին»,- տեղեկացրեց Գեղամյանը:

Ըստ բանախոսի՝ ադրբեջանցիները սարսափում են Հայաստանում իշխանափոխության ռիսկից, նրանք ցանկանում են, որ Փաշինյանը հնարավորինս երկար կառավարի։ Զարմանալի չէ, քանի որ հենց երեկվա ասուլիսում Փաշինյանը հայտարարում էր, որ ուզում է հասկանալ, թե Թուրքիան ու Ադրբեջանը շարունակու՞մ են հայերի ցեղասպանությունը, ուզում են այլևս չլինի՞ Հայաստան։ Բանախոսի պնդմամբ՝ սա նշանակում է, որ Փաշինյանը ինքնաբացահայտվեց և իր դիրքորոշմամբ ապացուցեց, որ շատ վտանգավոր քայլի է գնում՝ այս հարցում չներառելով ՀԱՊԿ-ին։

«Էրդողանը բազմիցս ասել է, որ Սյունիքի միջանցքն առանցքային նշանակություն ունի թյուրքական պետություններն իրար կապելու հարցում։ Էրդողանը հյուրընկալել էր Թուրքիայի ազգայնական կուսակցության ներկայացուցչին, որն իր հետ բերել էր քարտեզ, որում պատկերված էր մեծ Թուրանը՝ Հայաստանն ընդգրկած։ Թուրքական իշխանություններն ամեն կերպ սադրում են ռազմական գործողություններ Հայաստանի սահմանին, որպեսզի հետագայում այդ սահմանի երկայնքով նույնպես հսկողություն իրականացնեն»,- հայտարարեց Արտաշես Գեղամյանը։

Բանախոսն անդրադարձավ նաև 2018 թվականին իշխանափոխությանը՝ նշելով, որ Սերժ Սարգսյանը, եթե մնար կառավարման ղեկին, այսպիսի քայլերի չէր գնա։ Նրա կարծիքով՝ պետական հեղաշրջման հետևում կանգնած էին Թուրքիան, իսկ Թուրքիայի մեջքին՝ ամերիկյան և բրիտանական հատուկ ծառայությունները․ «2016 թվականի ապրիլի 4-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կճանաչի Արցախի անկախությունը։ Իսկ Ալիևը գիտեր, որ եթե Սերժ Սարգսյանն ասել է՝ ուրեմն կանի։ Ահա այդպես ադրբեջանցիները հրադադար խնդրեցին։ Դա նրանից է, որ Ալիևը գիտի, թե ինչ է նշանակում Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան։ Նա գիտի, որ նրանք խրամատից դուրս եկող չեն»։

Արտաշես Գեղամյանն անդրադարձավ նաև մեր պետության առջև ծառացած խնդիրների լուծմանը։ Նա որպես լուծում տեսնում է Արցախի ազգաբնակչության դիմումը Ռուսաստանին՝ նրանց հովանավորության ներքո ապրելու համար։

«Ռուսաստանն ու Բելառուսը միութենական պետություն են, դրա համար էլ չստացվեց այնտեղ իրականացնել այն, ինչ եղավ 2018 թվականին Հայաստանում։ Լուկաշենկոյին չճանաչելով, Գերմանիայի կանցլերը ստիպված եղավ նրան զանգահարել և պայմանավորվածության գալ»,- ամփոփեց Գեղամյանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930