Լրահոս
Օրվա լրահոսը

«Հերքել Բադեն-Բադենի մասին ասածները, հերքումը տեղադրել ԱԺ կայքում»․ Սերժ Սարգսյանն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի հայցի քննությունը

Նոյեմբեր 24,2021 13:10

Վարչական դատարանն այսօր սկսել է քննել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հայցն ընդդեմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի, որով պատգամավորից պահանջվում է երրորդ նախագահի բարի համբավն արատավորող ակնհայտ զրպարտչական տեղեկությունները հերքել եւ վճարել փոխհատուցում։

Նիստի մեկնարկին դատավորը կողմերից հետաքրքրվեց՝ հաշտության եզրեր կա՞ն։ Սերժ Սարգսյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ամրամ Մակինյանն ասաց․ «Եթե պատասխանող կողմը հայտարարի, որ իր ասած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, հայցից կհրաժարվենք»։ Պատասխանող կողմ Խաչատուր Սուքիասյանի շահերի ներկայացուցիչ Աննա Տոնոյանը պատասխանեց, որ այդ համատեքստում հաշտության եզրեր չեն տեսնում։

Ապա դատարանն անցավ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչ Մերի Մոսինյանի միջնորդությանը՝ այս հայցով ԱԺ աշխատակազմին պատասխանողների կազմից հանելու մասին։ Մոսինյանը պնդեց՝ պատգամավորի արտահայտած կարծիքի պարագայում ՀՀ-ն, ի դեմս ԱԺ աշխատակազմի, չի կարող պատասխանող կողմ լինել․ «Ըստ Սահմանադրության՝ ընդլայնված են պատգամավորի խոսքի անձեռնմխելիության սահմանները՝ բացառությամբ զրպարտությունը։ ՄԻԵԴ-ի վճիռ կա, որով, եթե պատգամավորի խոսքը չի վերաբերում նրա գործունեության շրջանակներին, ապա գործ ունենք անձնական վեճի հետ։ Եթե դատարանը պարզի, որ Խաչատուր Սուքիասյանի կարծիքը եղել է պատգամավորական գործունեության շրջանակից դուրս, այդ դեպքում գործ կունենանք անձնական վեճի հետ, որի դեպքում ԱԺ-ն չի կարող լինել պատշաճ պատասխանող»։

Խաչատուր Սուքիասյանի ներկայացուցիչ, փաստաբան Աննա Տոնոյանը եւս կարծիք հայտնեց, որ ՀՀ-ն, ի դեմս ԱԺ աշխատակազմի, չի կարող այս հայցով լինել պատշաճ պատասխանող։

Լսելով կողմերի կարծիքն ԱԺ աշխատակազմին պատասխանողների կազմից հանելու վերաբերյալ ԱԺ աշխատակազմի ներկայացուցչի միջնորդության շուրջ եւ հաշվի առնելով, որ հայցվորն առարկում է միջնորդության դեմ, նկատի ունենալով, որ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը չի նախատեսել դատարանի լիազորություն որեւէ պատասխանողի՝ պատասխանողների կազմից հանելու վերաբերյալ, դատարանը գտավ, որ միջնորդությունն անհիմն է եւ ենթակա է մերժման։

Ապա հայցվոր կողմը ներկայացրեց հայցի բովանդակությունը։ Սերժ Սարգսյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Վահագն Գրիգորյանը տեղեկացրեց, որ Խաչատուր Սուքիասյանի՝ «Բոլորդ լավ գիտեք 3-րդ նախագահը հարյուր միլիոն դոլարից ավելի կազինոներում կրվել է, նույն Բադեն-Բադենում» արտահայտությունը համարում են զրպարտություն եւ պահանջում են՝ դատարանի որոշման հրապարակումից հետո յոթ օրվա ընթացքում ԱԺ ամբիոնից հերքել նշյալ արտահայտությունը, իսկ ժամկետային անհնարինության դեպքում՝ դա անել առաջիկա ԱԺ նիստի ընթացքում՝ հերքման տեքստին չավելացնելով այլ գնահատողական արտահայտություններ։

Հայցվորը պահանջում է նաեւ Խաչատուր Սուքիասյանից բռնագանձել մեկ միլիոն դրամ, որը, Վահագն Գրիգորյանի խոսքով, Սերժ Սարգսյանը պատրաստվում է փոխանցել զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, ընդ որում՝ համաձայն է, որ Խաչատուր Սուքիասյանն ինքը կատարի փոխանցումը։

Հայցվորը պահանջում է նաեւ Խաչատուր Սուքիասյանի հերքման տեսքը հրապարակել ԱԺ կայքում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930