Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկյան ռազմական օժանդակության բոլոր տեսակներից Ադրբեջանին զրկելու ուղղությամբ աշխատանքներ շարունակվում են. ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի աշխատանքների ամփոփագիր

Նոյեմբեր 24,2021 12:24
hyd

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների՝ նոյեմբերի 1-24-ն իրականացրած հիմնական աշխատանքների ամփոփագիր

Ամերիկայի Միացյալ նահանգներ

Հայ դատի Ամերիկայի Միացյալ Նահանգների հանձնախումբը շարունակել է աշխատանքները կենտրոնացնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունից զրկելու, պատերազմական հանցագործությունները ամերիկյան պատկան կառույցների կողմից քննության ենթարկելու և Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը հասնելու ուղղություններով։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի և գործընկեր չորս կազմակերպությունների ջանքերով՝ (որոնց թվում են Հունաամերիկյան առաջնորդության խորհուրդը, «Քրդստանի ամերիկացի բարեկամները» Ամերիկահնդկական հիմնադրամը և «Մերձավոր Արևելքի ֆորումը») ամերիկացի ավելի քան 40 կոնգրեսականներ դիմել են նախագահ Բայդենին՝ կոչ անելով մերժել F-16 կործանիչների ձեռքբերման վերաբերյալ Թուրքիայի դիմումը։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ջանքերով ԱՄՆ Սենատում «ԱՄՆ ազգային պաշտպանական արտոնությունների ակտի» քննարկումների ընթացքում Սենատորներ Ռոբերտ Մենենդեսը և Ալեքս Պադիլան ներկայացրել են օրենսդրական փոփոխությունների երեք առաջարկներ։ Դրանցից մեկով նախատեսվում է վերականգնել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի (առավել հայտնի որպես «907-րդ բանաձև») պահանջների կատարումը, որը արգելանք է դնում Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակության վրա։ Մյուս երկու նախագծերն ուղղված են Պետդեպարտամենտին և Պաշտպանության դեպարտամենտին՝ պահանջելով տեղեկատվություն տրամադրել «Բայրակթար» անօդաչուներում ամերիկյան տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ՝ այն համատեքստում, որ այդ տեխնոլոգիաների օգտագործումը երրորդ երկրի կողմից արդյո՞ք ամերիկյան օրենսդրության խախտում չէ։ Օրենսդրական փոփոխության երրորդ առաջարկով, որը ներկայացրել է սենատոր Ալեքս Պադիլան,  Պետդեպարտամենտից և Պաշտպանության դեպարտամենտից պահանջվում է համատեղ զեկույց ներկայացնել՝ 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ՝ ներառյալ հարձակումների ժամանակ ամերիկյան տեխնոլոգիաների կիրառումը, սպիտակ ֆոսֆորի, կասետային ռումբերի և այլ արգելված զինամթերքի օգտագործումը, ինչպես նաև օտարերկրյա վարձկանների ներգրավումը։

Նոյեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ տևական աշխատանքից հետո ԱՄՆ Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովը կքննարկի  Ադրբեջանին և Թուրքիային վերաբերվող հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանին ռազմական օժանդակությունից զրկումը, թուրքական «մարդասպան» անօդաչուների հետաքննությունը և ռազմական հանցագործությունների վերաբերյալ զեկույցի պատրաստումը։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակում է աշխատանքներն Ամերիկյան ռազմական օժանդակության բոլոր տեսակներից Ադրբեջանին զրկելու ուղղությամբ։

Նոյեմբերի 16-ին ՀՀ սահմանների ուղղությամբ ադրբեջանական ագրեսիային անդրադարձել են առավել քան մեկ տասնյակի հասնող կոնգրեսականներ, ովքեր իրենց լիակատար աջակցությունն են հայտնել հայ ժողովրդին և ԱՄՆ կառավարությունից պահանջել գործուն քայլերով վերջ դնել Ադրբեջանի սանձարձակ պահվածքին։

Եվրոպա

Բելգիայի Անտվերպեն քաղաքի Սուրբ Վիլիբրորդուս եկեղեցում նոյեմբերի 6-ին տեղի է ունեցել Արցախյան երկրորդ պատերազմին և Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի հանդիսավոր բացումը:

Ցուցահանդեսը ֆլամանդական Խաղաղության Միության (VOS) և լրագրող-լուսանկարիչ Յենս Դը Ռայքի նախաձեռնությունն է, որը կյանքի կոչվեց նաև ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենեակի հետ համագործակցությամբ։ Միջոցառման ընթացքում VOS-ի նախագահ Դոմինիկ Փոթթերսը և լուսանկարների հեղինակ Յենս Դը Ռայքը լուսաբանեցին ցուցահանդեսի հիմնական նպատակը, այն է՝ իրազեկել Բելգիայի հանրությանը Արցախյան պատերազմի և Հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաև կանխել մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունը: Միջոցառմանը ներկա էր նաև Բելգիայի դաշնային խորհրդարանի անդամ Փիթեր դը Ռովերը, ով 2015թ. ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի զեկուցողն էր։

Բացման խոսքում Հայ դատի Եվրոպայի Հայ դատի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետյանն իր երախտագիտությունը հայտնեց ցուցահանդեսի բոլոր նախաձեռնողներին և ընդգծեց նման միջոցառումների կարևորությունը՝ Արցախյան հակամարտության և Հայոց ցեղասպանության վրա ուշադրություն հրավիրելու համար. «Մենք պետք է դասեր քաղենք մեր պատմությունից, մարդկության դեմ կատարված հանցագործություններից, որպեսզի դրանք չկրկնվեն։ Ավաղ, միշտ չէ, որ այդպես է։ Այս ցուցահանդեսը կարևոր է, քանի որ ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ եթե հանցագործությունը չի պատժվում, ապա այն դատապարտված է կրկնվելու։ Ցավոք 2020թ. աշնանը մենք ականատես եղանք նաև Թուրքիայի անմիջական մասնակցությանը աղետալի պատերազմում»:

Նոյեմբերի 10-ին վերակազմվեց Եվրոպական Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խումբը։ Այդ միջոցառումը նաև նշանավորեց Հայաստանի Հանրապետության անկախության 30 ամյակը։

Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործունեության կարևոր ուղղություններից մեկը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բարեկամների շրջանակի ընդլայնումն է և հանուն արդարության՝ հայկական պետական շահի պաշտպանությունը: Այս նպատակներին հասնելու համար Հայ դատի Եվրոպայի գրասենյակն ավանդաբար ակտիվորեն համագործակցում է ԵՄ-ում Հայաստանի առաքելության դիվանագիտական անձնակազմի հետ:

Ինչպես Եվրախորհրդարանի նախորդ երկու գումարումներում, այս անգամ էլ Հայ դատի գրասենյակն ակտիվորեն աշխատել է Հայաստանի հետ միջկուսակցական բարեկամության խմբի վերագործարկման ուղղությամբ, որը բաղկացած է Եվրոպական խորհրդարանի բոլոր հիմնական քաղաքական խմբերի անդամներից:

Միջոցառման ընթացքում Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց խմբի նախագահ Լ.Ֆուրլասին՝ իր նախաձեռնության համար, բարեկամության խմբի բոլոր մասնակիցներին, ինչպես նաև Եվրոպական Միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Աննա Աղաջանյանին՝ ծավալուն աշխատանքի համար։ Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ բարեկամության խումբը արդարության պաշտպանության և Հայաստանում ու Արցախում մեր ժողովրդին օգնելու համար բազմաթիվ նախաձեռնություններ է ունենալու։

Ադրբեջանի կողմից նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան սահմաններում ռազմական գործողությունների սանձազերծումից հետո, Հայ դատի Եվրոպայի գրասենյակը կոչով դիմեց ԵՄ հիմնական ղեկավար կառույցներին՝ պահանջելով օգտագործել իրենց ունեցած բոլոր լծակները՝ Ադրբեջանի բռնապետական իշխանությունների վրա քաղաքական ճնշում գործադրելու համար՝ հարգելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Արդեն նոյեմբերի 19-ին Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասի նախաձեռնությամբ, թվով 33 խորհրդարանականներ նամակով դիմել են ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ անդրադառնալով նոյեմբերի 16-ին Ադրբեջանի զինված ուժերի ներխուժմանը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք:

Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտել են Ադրբեջանի ագրեսիան՝ պահանջելով ադրբեջանական զինված ուժերի անհապաղ և ամբողջական հեռացումը ՀՀ տարածքից և կոչ արել ԵՄ Արտաքին Գործողությունների ծառայությանը ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը։

Մեծ Բրիտանիա

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի առաջին ընթերցումը տեղի ունեցավ նոյեմբերի 9-ին։ Օրինագիծը ներկայացրել է պահպանողական խորհրդարանական Թիմ Լաութոնը, նպատակն է պաշտոնական ճանաչման և հիշատակության  միջոցով ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը: Օրինագիծն ունի հիմնական երեք դրույթներ. առաջին՝ Օսմանյան կայսրության և դրան հարակից տարածքներում 1915-1923թթ. ընթացքում հայության ջարդերի պաշտոնական որակում՝ որպես ցեղասպանություն, երկրորդ՝ ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության զոհերի ամենամյա ոգեկոչում, երրորդ՝ Հայոց ցեղասպանության և դրան առնչվող մարդու իրավունքների ժամանակակից խախտումների ու պատերազմական հանցագործությունների  վերաբերյալ կրթության և հանրային տեղեկացվածության խթանում։

Ըստ Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը այդ երկրի համար կարևոր է մի քանի պատճառներով: Նախ՝ օրինագծի ընդունումը կհաստատի Մեծ Բրիտանիայի հավատարմությունը «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիային և նրա հիմնական արժեքներին։ Երկրորդ՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, Մեծ Բրիտանիան կամրապնդի իր հավատարմությունը համամարդկային իրավունքների պաշտպանությանը, քանի որ նման մասշտաբի հանցագործությունը չճանաչված թողնելը անպատժելիության վտանգավոր ուղերձ է. անպատիժ հանցագործությունը խրախուսվող հանցագործություն է: Երրորդ՝ Միացյալ Թագավորության, որպես համաշխարհային խաղացողի դերն ու պարտականությունն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և առաջ մղել Ցեղասպանության ուսումնասիրությունը և մեծացնել մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ հանրային տեղեկացվածությունը:

 Ավստրալիա

Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի ջանքերով՝ Սիդնեյի նշանավոր վայրերից հեռացվել են Արցախի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիան փառաբանող գովազդային վահանակները:

Հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը գովազդը տեղադրած ընկերության տնօրենին հասցեագրված նամակում ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ընկերության ակտիվներն օգտագործվել են «Ադրբեջանի բռնապետի կողմից իրականացված էթնիկ զտումների և մարդկության դեմ կատարված հանցագործությունների փառաբանման համար»։ Նամակում նաև նշվել է, որ այդ գովազդները վիրավորում են ավստրալահայ համայնքի զգացումները

Լիբանան

Լիբանանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների հետ քաղաքական-հարաբերական աշխատանքի շրջանակներում ՀՅԴ Հայ դատի Լիբանանի մարմինը նոյեմբերի 6-22ը նամակներ է ուղարկել Եվրոպական Միության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի դեսպաններին, ինչպես նաև Լյուքսեմբուրգի Դքսության պատվո հյուպատոսին։ Եվրոպական Միության ներկայացուցչին ուղղված նամակի մեջ Հայ դատի մարմինն անդրադարձել է Տավուշի մարզի Վերին Կարմիրաղղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանի և Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի գործերով Մարդու իրավունքներով եվրոպական դատարանի վճիռներին։

ԱՄՆ դեսպանին ուղղված նամակում Հայ դատի մարմինն իր գնահատանքն էր հայտնում ԱՄՆ պետդեպարտամենտի եվրոպական և եվրասիական հարցերի գրասենյակի կողմից Շուշիում հայ քաղաքացիների դեմ ադրբեջանական հարձակումն ու այդ քաղաքացիներից մեկի սպանությունը դատապարտող հայտարարության համար, որ նաև Հայաստանին ու Ադրբեջանին կոչ էր անում աշխուժացնել իրենց մասնակցությունը բոլոր ձևաչափերում, մասնավորաբար Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափում՝ լուծելու համար Արցախյան հիմնախնդիրն ու դրանից բխող բոլոր խնդիրները: ԱՄՆ դեսպանի մի նամակ էլ ուղարկվել է նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի ծննդյան օրվա առթիվ։

Լիբանանում Մեծ Բրիտանիայի դեսպանին հղված նամակով՝ Հայ դատի մարմինը ողջունեց Միացյալ Թագավորության Համայնքներում պալատի կողմից առաջին ընթերցումով Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի որդեգրումը։

Հայ դատի Լիբանանի մարմինը Լյուքսեմբուրգի պատվո հյուպատոսին ուղղված նամակով ողջունեց Լյուքսեմբուրգի խորհրդարանի կոչին, ըստ որի, մինչև Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիների՝ իրենց հայրենիք վերադարձվելը, Լյուքսեմբուրգի կառավարությունը չպետք է սատարի Ադրբեջանի և Եվրոպական Միության միջև համագործակցության խորացումը։ 

Հայ Դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունեության համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը վերականգնելու, գերիների և զոհվածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու, արտասահմանյան լրատվամիջոցներին օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելու ուղղությամբ կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրա, որոնք հաճախ վերաճում են կոնկրետ բանաձևերի ընդունման։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

24.11.2021 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930