Ազատագրական շարժումը, որը նախաձեռնել են մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը, փաստաբան Արա Զոհրաբյանը, ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը եւ այլք, առավոտյան 10-15 րոպեով խաթարեց Երեւանի մետրոպոլիտենի աշխատանքը Երիտասարդական կայարանում:
«Էս ձեւով չեն անում»,-ասում էր մի ոստիկան: Արա Զոհրաբյանը հանգստացնում էր ոստիկաններին՝ ընդգծելով, որ խաղաղ բողոքի ցույց է, եւ պետք չէ սադրանքների դիմել:
Շարժման անդամները վանկարկում էին, որ նահանջել չկա, եւ իրենք խաղաղ բողոքի գործողություններ են իրականացնում: «Սա ձեր երեխաների անվտանգության համար է»,-ասում էին նրանք եւ կոչ անում երեկոյան 6:30 հավաքվել Հանրապետության հրապարակում:
Կարդացեք նաև
«Կեցցեն ազատ Արցախը, ազատ Հայաստանը, Շուռնուխը, Որոտանը….որ այսօր շրջափակման մեջ են հայտնվել իշխանությունների պատճառով»,-հնչում էր բողոքի գործողություններ ժամանակ:
Եղան նաեւ դժգոհող ուղեւորներ մետրոյի աշխատանքի խափանումից, օրինակ, մի տղամարդ ասաց, որ իր որդին ծառայում է բանակում, եւ ուտելիք ունի եւ հագուստ, ինքը գոհ է, ուստի իմաստ չունի ապակայունացնել իրավիճակը: Ի տարբերություն նրա՝ մի կին էլ նեղսրտեց. «Էս ինչ վիճակ է,մի հատ գերի էլ չեն կարողանում բերել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ