Առհասարակ՝ աշխարհում ընտրությունները կառավարման ճգնաժամերը հաղթահարելու փորձված միջոց են, բայց՝ ոչ Հայաստանում, որտեղ այս տարվա հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, ինչպես նշվեց, ճգնաժամն ավելի է խորացել։ Ընտրություններ, որոնց արդյունքում հանրային վստահություն չստացանք, կառավարման որակի բարձրացում՝ նույնպես, իսկ հասարակության ներսում փոխադարձ ատելությունն ու թշնամանքը ավելի մեծացավ՝ խտացնելով անհուսության եւ անորոշության մթնոլորտը։
Վերջին ընտրությունները, նախեւառաջ, Հայաստանի քաղաքական համակարգի չգոյության եւ հանրային վստահության պակասուրդի ցայտուն վկայությունն են։ Ըստ էության, մարդիկ ընտրություն կատարելու օբյեկտիվ դժվարություն ունեն՝ չնայած սնկի պես աճած 100-ից ավելի կուսակցությունների գոյությանը։ Պատահական չեն վերջին համապետական եւ ՏԻՄ ընտրություններին մասնակցած ընտրողների աննախադեպ ցածր թվերը: Որոշ դիտորդների կարծիքով՝ սա արդեն արժեհամակարգային կամ, ավելի ստույգ, քաղաքակրթական ճգնաժամ է տանում, որից ելք, կարծես թե, չի նշմարվում։
Նման իրավիճակներում համապարփակ կարգավորումներ դժվար է գտնել: Հետեւաբար՝ մնում է բավարարվել ժամանակավոր լուծումներով։ Ներկայում հիմնական խնդիրն այդ ժամանակավոր քայլերի ճանապարհային քարտեզի մշակումն է։ Մեզ պետք է նոր կառավարություն՝ առայժմ եղած խորհրդարանի պահպանման պայմաններում, որովհետեւ Հայաստանն այսօր ի վիճակի չէ գնալ ընտրությունների: Այդուհանդերձ՝ բոլոր կողմերի համար տանելի ժամանակավոր կառավարության կազմավորման շրջանակում համերաշխության որոշակի իրադրության ստեղծումը հրատապ խնդիր է։
Հոդվածն ամբողջությամբ՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) «Հայացք Երեւանից» պարբերականում