Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեւոն Գեւորգյան. «Այն, որ ԱՊՀ հիմնադիր փաստաթղթերով պետությունները ճանաչել են միմյանց միջազգային սահմանները ԽՍՀՄ վարչական սահմանների հիման վրա՝ ադրբեջանական թեզ է»

Նոյեմբեր 24,2021 00:26

Միջազգային իրավունքի մասնագետ Լեւոն Գեւորգյանի գրառումը

Տարածքային ամբողջականության սկզբունքը որևէ կապ չունի տարածքի պատկանելիության կամ վարչական սահմանների՝ միջազգային սահմանների վերածելու հետ, այն չի բացառում պետությունների միջև տարածքային վեճերը, այն չի բացառում տարածքային հավակնությունները։

ԱՊՀ հիմնադիր փաստաթղթերով պետությունները ճանաչել են տարածքային ամբողջականության սկզբունքը (որն ի դեպ իրենց ճանաչելով կամ չճանաչելով չէր, քանի որ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված հիմնարար սկզբունք է), այլ ոչ թե ԽՍՀՄ սահմանների շարունակականությունը։ Տարածքային ամբողջականության սկզբունքը պարտադրում է միայն մեկ բան՝ մեկ պետություն չի կարող հավակնել մեկ այլ պետության տարածքի նկատմամբ, երբ այդ տարածքն արդեն անվիճելիորեն այդ վերջին պետությանն է։ Այսինքն՝ տարածքային ամբողջականության սկզբունքը տարածքի նկատմամբ տիտղոս որոշելու գործիք չէ, այն պաշտպանում է տարածքը, երբ վերջինիս նկատմամբ տիտղոսն արդեն որոշված է․․․

Սա միանշանակ է և այդ պարզ եզրահանգմանը կարելի է գալ «տարածքային ամբողջականություն» եզրույթն օգտագործող բոլոր միջազգային գործիքների պարզ ուսումնասիրությունից՝ սկսած առաջին միջազգային պայմանագրից, որում օգտագործվել այդ եզրույթը (1856թ․ մարտի 30-ի Փարիզի խաղաղության պայմանագիրը), ավարտած միջազգային կառույցների հիմնադիր պայմանագրերով (Ազգերի Լիգա, ՄԱԿ, Ամերիկյան Պետությունների կազմակերպություն), սկսած 20-րդ դարասկզբի խաղաղության պայմանագրերով (տե՛ս Բրեստ-Լիտովսկի պայմանագիր) և ավարտած ժամանակակից ռազմական համագործակցության կամ նեյտրալիտետի վերաբերյալ պայմանագրերով․․․

Ասել, որ տարածքային ամբողջականության սկզբունքը որոշում է, թե որ տարածքը ում է պատկանում, նույնն է` թե ասել, որ քանի որ Քաղաքացիական օրենսգրքում ամրագրված է սեփականության իրավունքը, ուրեմն մեր հարևանի տունն իմն է․․․

Այն, որ ԱՊՀ հիմնադիր փաստաթղթերով պետությունները ճանաչել են միմյանց միջազգային սահմանները ԽՍՀՄ վարչական սահմանների հիման վրա՝ ադրբեջանական թեզ է, որն աղերս չունի օբյեկտիվ իրականության հետ․․․

Եթե Հայաստանը կարծում է, որ ԽՍՀՄ վարչական սահմանների շարունակականությունը և դրանց ճանաչումը որպես նորանկախ պետությունների միջպետական սահմաններ բխում է իր միջազգային պարտավորություններից, ուրեմն պարտավոր է ՄԱԿ-ում քվեարկել Ղրիմի օկուպացիայի վերաբերյալ բանաձևերի օգտին․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930