Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ադրբեջանը՝ կռվախնձոր

Նոյեմբեր 24,2021 14:00

Որ Հայաստանի համար Ադրբեջանի գոյությունն ավելի ու ավելի սպառնալից է դառնում, արդեն հասկանալի է անգամ շարքային հայ քաղաքացուն, անկախ այն բանից, նա շարունակում է մնալ հպարտ, թե տանջվում է պարտված լինելու զգացողությունից։ Սակայն մեկ այլ տեսակետից Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի արձակ ձեռքերը նրան հրում է միջազգային գիշատիչների ծուղակը։ Թեեւ Հայաստանի համար թմրեցնող ազդեցություն ունեցող, այդպես կոչված՝ «խաղաղության բանակցություններ» խաղի տակ ինչ է թաքնված, շատերին դեռ անհայտ է, բայց մի բան օր օրի արդեն դառնում է տեսանելի, որ Ադրբեջանի «բռնակալական» անկախությունն այլեւս թվացյալ է եւ անխուսափելիորեն փոխակերպվելու է ստրկական ավելի բացահայտ կախվածության աշխարհի «քաղաքակիրթ» տերերից։ Խնդիրը նրանում է, թե հատկապես ումի՞ց եւ ե՞րբ։

Առաջին հերթին դա ՆԱՏՕ-ի երկիր հանդիսացող Թուրքիան է, որ ցանկանում է ամբողջովին կլանել դեռ ինքնիշխան համարվող Ադրբեջանին։ «Մեկ ազգ երկու պետություն» բարձր ամբիոններից հնչեցվող նրա կարգախոսը սահուն կերպով կարող է փոխարինվել «մեկ ազգ մեկ պետություն կարգախոսի»։ Իր նպատակների հետապնդման համար Թուրքիան նախապատրաստվում է ադրբեջանական (թուրքական) մեծաքանակ զորք կուտակել Հայաստանի հարավային սահմանների մոտ երկու կողմից էլ, որպեսզի Զանգեզուրի, այդպես ասած, միջանցքով Ադրբեջանի համար ապահովի ցամաքային ճանապարհ Նախիջեւանի (Թուրքիայի) հետ, ընդ որում՝ նա անթաքույց հասկացնել է տալիս, որ ինքը շտապում է եւ եթե Հայաստանի կառավարությանը չհաջողվի դա ինչ-որ որոշակի ժամկետներում իրականացնել խաղաղ բանակցություններով, ապա անխուսափելի կլինի այդ գործընթացի իրագործումը ռազմական եղանակով։

Այլ հարց է, թե այդ դեպքում արդյո՞ք Հայաստանի ներկա իշխանությունն իր բոլոր ուժերով ինքնուրույն կպաշտպանի իր երկրի բնակչության, ժողովրդի եւ ողջ հայ ազգի անկապտելի իրավունքներն այդ զավթողական ոտնձգությունների դեմ, թե՞ նորից կմնա դիտորդի դերում, որովհետեւ Ադրբեջանը Ռուսաստանի հետ իր սիրախաղերով ցանկանում է հայկական ինքնապաշտպանական դրսեւորումները կասեցնելով հասցնել մինիմումի՝ Հայաստանի պաշտպանությունը միայն Ռուսաստանի հայեցողությանը թողնելով։ Մյուս կողմից՝ Հայաստանի դեմ պայքարելիս իր ներսում թուրքական զորքի առկայությամբ Ադրբեջանը խորացնում է ֆինանսական եւ ռազմական կախվածությունը Թուրքիայից, ինչը, բնականաբար, Ռուսաստանին ի նպաստ հեռանկար չէ։ Իհարկե, Ադրբեջանն ընկալում է, որ դրանով թուլացնում է կապերը Ռուսաստանի հետ, այդ պատճառով էլ շարունակում է մի շարք խոստումներ տալով հետաձգել նրա դեմ հնարավոր պատերազմի սկիզբը։
Հայաստանում ռուսական բազայի առկայությունն էլ իր հերթին է Թուրքիային կաշկանդում քաղաքական խնդիրները լուծել բացահայտ ուժի կիրառմամբ եւ նա ստիպված ձգտում է Մոսկվա-Անկարա դիվանագիտական հարաբերությունների միջոցով Մոսկվա-Բաքու հարաբերությունները վերահսկել այնպես, որ մեծացնի Ադրբեջանի անվստահությունը Ռուսաստանի նկատմամբ։

Թեեւ Մոսկվայի համեմատ Անկարայի ազդեցությունը Ադրբեջանի վրա ավելի է ուժեղանում, այնուամենայնիվ, Ռուսաստանը բոլորովին մտադրություն չունի վերջնականորեն հրաժարվել ամբողջական Ադրբեջանին վերատիրելու իր տեսլականից։ Պատերազմական իրավիճակի սկսման դեպքում նվազագույնը, որ նա կանի՝ դա կլինի Դաղստանի սահմանին գտնվող Ադրբեջանի հյուսիսային երկրամասը, որտեղ հիմնականում լեզգիներ ու ավարներ են ապրում, Ռուսաստանին միացնելը, պատճառաբանությամբ, թե միացյալ Դաղստանի ստեղծումով վերականգնում է «պատմական արդարությունը»։ Միաժամանակ կտրուկ միջոցներով ավարտին կհասցնի Արցախը Ռուսաստանի կազմի մեջ անցկացնելու գործընթացը արցախահայության կյանքի անվտանգությունն ապահովելու հիմնավորումով եւ կբացի Ռուսաստան-Հայաստան ցամաքային ճանապարհ՝ իր ռազմավարական դաշնակցի հետ ուղիղ հաղորդակցությամբ շփվելու համար։

Այդպիսով՝ երկրորդ երկիրը Ռուսաստանն է, իսկ նրանից հետո, Ադրբեջանի, որպես համեղ պատառի, շատ ավելի կարճ ժամկետներում իրենն անելու, ավելի լուրջ եւ անհամեմատ ավելի մեծ նկրտումներ ունի Իսրայելը։

Բանն այն է, որ դեռեւս 1920-ականներին արհեստածին Ադրբեջանի ի հայտ գալու շեմին հրեական կազմակերպությունները նախատեսում էին Կալմիկիայի, Դաղստանի, Ադրբեջանի եւ Թալիշստանի վրա ստեղծել հրեական Հազարետ-Իսրայելիտ պետությունը։ Նրանք Խորհրդային Ադրբեջանի Շիրվանի տարածքը հրեական պետության համար կենսական տարածք էին համարում այն հիմնավորումով, որ խազարական թագավորության կործանումից հետո այդ թագավորության թուրք-հուդայական բնակչությունը գրեթե ամբողջությամբ տեղափոխվել է Շիրվանի հարթավայրեր եւ ներկայիս ադրբեջանցիների 30%-ի նախահայրերը հուդայականություն են դավանել։

1990-ականների վերջերից սկսած Թել Ավիվի եւ Բաքվի միջեւ սերտ համագործակցությունը հասավ այն մակարդակի, որ տասնյակ իսրայելցի բարձրաստիճան զինվորականներ Ադրբեջանի զինվորական կառույցները վերակազմակերպեցին, նրանց ռազմական բազաներին մատակարարելով արդիական զենքերով, գերժամանակակից անօդաչու թռչող սարքերով, ռազմական արտադրության գործարանների կառուցումով։ Ադրբեջանի եւ Հայաստանի հետ նրա սահմանների վրա տարեկան բազմաթիվ գաղտնի ռազմափորձեր էին անցկացվում, որոնց արդյունավետությանը ականատես եղանք 2020-ին սանձազերծված պատերազմի ընթացքում։

Չորրորդ երկիրը, որը Ադրբեջանին արհեստածին է համարում եւ երբեմն սպառնալով հրթիռակոծել Բաքուն, իրավամբ նրա այսօրվա տարածքների մի մասը ետ վերադարձնելու ձգտում ունի՝ դա Իրանն է։ Օր օրի Իսրայելի տիրապետության տակ հայտնվող Ադրբեջանը հասկանալի պատճառով դառնում է խիստ ռիսկային Իրանի անվտանգության համար, հետեւաբար նա որպես իր երկրի պաշտպանիչ շերտ, հանձինս իր բարեկամ Հայաստանի, կցանկանար Ադրբեջանի դեմ տեսնել ավելի ամուր եւ պատերազմում ինքնապաշտպանվելու ունակ երկիր։ Իր հերթին ամենահարմար պահին Ադրբեջանից նա ետ կվերցներ որոշ տարածքներ, հիմնականում թալիշներով բնակեցված երկրամասը վերամիավորելով Իրանի Գիլյան նահանգի կազմի մեջ եւ իրատեսական պայմաններ կստեղծեր Նախիջեւանը, Արցախը եւ Ադրբեջանի կազմում գտնվող հայկական պատմական մյուս տարածքները Հայաստանին վերադարձնելու համար։

Չափազանցված չի լինի, եթե ասենք, որ թեեւ Բաքվում Իսրայելի դեսպանատունը ԱՄՆ-ի եւ Մեծն Բրիտանիայի դեսպանությունների հետ համաձայնությունների մեջ լինելով հանդերձ մշտապես կաշկանդում է նրանց ինքնուրույն գործողությունները, այնուամենայնիվ, անգլիական եւ ամերիկյան կապիտալները սեփական շահերից ելնելով նույնպես մրցության մեջ են եւ նրանցից յուրաքանչյուրն առանձին Ադրբեջանը իրենցով անելու մտադրություններ ունի։

Մեր մյուս հարեւան Վրաստանը, որտեղ Թուրքիայի ներդրումների ծավալներն արդեն գերազանցում են մոտ 30, իսկ Ադրբեջանինը՝ գրեթե 15 տոկոսը, ելնելով իր ազգային շահերից, «եզն ընկնելու» պահին պատրաստ է թոթափել երկրի թուրքացումը եւ Ադրբեջանի հետ ունեցած սահմանային վեճերը լուծել՝ ավելացնելով իր պատմական տարածքները նրա հաշվին։

Մնաց Հայաստանը, որի պատմության մեջ պարբերաբար կրկնվում է, որ Հայաստանը միշտ կռվախնձոր է եղել այս կամ այն ավելի հզոր, իրար հետ մրցակցող երկրների մեջ։ Սակայն 1988-ին խորհրդային պայմաններում Հայաստանն այնքան էր ուժեղացել, որ արդեն ինքը դարձավ «կռվախնձոր Արցախի» համար կռվող կողմ եւ 30 տարի հաջողությամբ կարողացավ ինքնիշխան ինքնահռչակված հայկական այդ երկրորդ երկրամասն իր լիակատար վերահսկողության տակ պահել։ 2020 թվականի իրադարձությունները նորից խառնեցին խաղաքարտերը եւ Հայաստանի հարցում կայացված քաղաքական առեւտրի արդյունքում կտրուկ թուլացվեցին Հայաստանի դիրքերն ու նա նորից մնաց 100 տարի առաջվա տուժող կողմ՝ դիտորդի դերում։

Այժմ, երբ հաղթանակած Ադրբեջանն ինքն է կռվախնձոր դարձել, հարց է առաջանում, կկարողանա՞ Հայաստանը նորից հզորանալ այնքան, որ ինքն իր պատմական հողերի վերատիրման համար, որպես ինքնուրույն կողմ, մասնակցի այդ կռվին։ Հայաստանյան ներկա դառը իրողությունը, ցավոք, մեղմ ասած՝ անմխիթար վիճակում է։ Մեր երկրում այժմ ընթանում են բոլորովին այլ, ոչ հայանպաստ խմորումներ։ Եթե դրանք ախտորոշենք անկողմնապահորեն, ապա պետք է խոստովանել, որ տեղի է ունենում պետության կազմաքանդում ինքնատրոհման եղանակով։ Ցավալի է, որ թշնամուն ծառայող այդ ընթացակարգին լծված են ե՛ւ նախկին, ե՛ւ ներկա կոչվող բացառապես նույն սցենարով շարժվող դերակատարները։ Սպասելի արդյունքը երաշխավորվում է նախօրոք. վերեւի մի քանի տասնյակ գործակալների եւ ներքեւի հարյուր հազարավոր խաբվածների «ժողովրդավարական» տպավորություն ստեղծող շարժման միջոցով։ Կառավարելով ամբոխի տկարամիտ ագրեսիվությունն ու իներտ զանգվածի անտարբերությունը՝ ինքնատրոհման գործընթացը երկրին զրկում է իր դեմ լարված բազմաթիվ թակարդներից խուսափելու բնական ունակությունից։ Սակայն կա մի կարեւոր հանգամանք, դա այն է, որ ե՛ւ Արեւմուտքը, ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Իրանը իրենց ազգային ծրագրերում թեեւ Հայաստանի հզորացման նպատակ չեն առաջադրում, բայց նաեւ, ի տարբերություն Թուրքիայի եւ Ադրբեջանի (Իսրայելի), Հայաստանի վերջնական ոչնչացման խնդիր չունեն:

Հայաստանի անվտանգ գոյությունը կարող է երաշխավորվել միայն սկզբում Ադրբեջանի, այնուհետեւ Թուրքիայի մասնատումով։
Հայ ազգային քաղաքական մտքի առաջ դրված ամենակարեւոր խնդիրը պետք է լինի, թե ինչպես Հայաստանի քաղաքական դաշտը օր առաջ մաքրել «թուրքամետներից», «ռուսամետներից», «արեւմտամետներից», «պարսկամետներից», «հրեամետներից» եւ այլ «օտարամետներից» եւ Հայաստանի իշխանությունը ապահովել բացառապես «հայամետներով»։

Ներսես ՆԵՐՍԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930