Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ցմահ դատապարտյալը ահազանգում է

Նոյեմբեր 24,2021 13:30

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 2002թ. հունվարից անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Արամ Պետրոսյանը սեպտեմբերի 13-ին քսանութ օրով հացադուլ էր հայտարարել։ Այս մասին անդրադարձել էին լրատվամիջոցները: «Առավոտին» ուղարկած իր նամակում նա հայտնել էր, որ անհիմն կասեցվել է իր տեղափոխումը կիսաբաց ուղղիչ հիմնարկ, որի վերաբերյալ որոշում կայացվել էր այս տարվա հունիսի 8-ին։ Նշեմ, որ կիuաբաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալը կարող է տեղաշարժվել ցերեկային բոլոր ժամերին` ուղղիչ հիմնարկի` այդ նպատակով նախատեuված տարածքի uահմաններում: Իսկ կիսափակ ռեժիմում դատապարտյալը կարող է տեղաշարժվել առնվազն երեք ժամ տեւողությամբ:

Կասեցումն արվել է գործը վերահսկող դատախազ Գ. Իսախանյանի միջնորդությամբ եւ քանի որ նոր որոշում չի կայացվել, այսինքն, չկար վերջնական որոշում, դատապարտյալը չէր կարող բողոքարկել։ Նա նամակ էր ուղարկել ՀՀ վարչապետին: ՀՀ դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Լ.Չարխիֆալակյանի սեպտեմբերի 30-ի պատասխանի համաձայն՝ վարչապետին ուղարկված դիմումն ուսումնասիրվել է. «Կրկին անգամ պարզաբանում եմ, որ կիսափակ ուղղիչ հիմնարկից կիսաբաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու եւ Ձեր նկատմամբ նշանակված պատիժը ԱՆ «Արմավիր» քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի հունիսի 2-ի 350 որոշումը կասեցնելու եւ այն վերանայելու միջնորդություն ներկայացնելու մասին դատախազի հուլիսի 23-ի որոշումը օրինական է եւ հիմնավորված»:

«Օրենքով, թե որոշակի ժամկետով դատապարտվածների, ցմահ ազատազրկվածների համար նախատեսված է նույն մոտեցումը՝ դատապարտյալների ուղղված լինելը բնորոշելու, ուղղման չափորոշիչների վերաբերյալ: Վերահսկող դատախազը չունի համապատասխան հոգեբանական կրթություն եւ չի կատարել համապատասխան հոգեբանական հետազոտություն դատապարտյալի վերաբերյալ, ում մասին կարծիք, ապա որոշում է կայացնում: Կողմնակալ որոշում»,-«Առավոտին» ուղարկած իր նամակում գրել էր ցմահ դատապարտյալը:

Ըստ Ա. Պետրոսյանի՝ նախկինում կատարվածը չի կարող բնութագրել մարդուն ներկայում. «Վերահսկող դատախազի կողմից կայացված, կասեցման որոշման հիմքում դրվածը նախկինում կատարածներն են, եւ որ դատապարտյալը չի կարող ուղղվել երեք տարում: Սակայն դատապարտյալի մեղավորությունը չէ, որ վերասոցիալականացման եւ ուղղվածության աստիճանը որոշող եւ բնութագրող ծրագրերը երեք տարի է, ինչ սկսել են կիրառվել. մինչ այդ դատապարտյալի կողմից բնութագիր չունենալը կամ ծրագրերին չմասնակցելը ապացույց չէր կարող հանդիսանալ, որ այդ դատապարտյալը երկար ժամանակ արդեն ուղղված չի եղել, քանի որ մինչ այդ դատապարտյալի ուղղվածության աստիճանը չափող չի եղել»: Դատապարտյալը հոկտեմբերին դիմել էր արդարադատության նախարարին. «Արդարադատության հիմքում դրված է սկզբունք՝ անմեղության կանխավարկած. անձը համարվում է անմեղ, քանի դեռ իր մեղքը հիմնավորված եւ ապացուցված չէ հավաստի փաստերով: Դատապարտյալի ավելի բաց ռեժիմի փոխարինումը ավելի խիստ պահման ռեժիմով նույնպես պատժել է, եւ չի կարող տեղի ունենալ, առանց դատապարտյալի կողմից օրենքի կամ կանոնների խախտման, հիմնավորված եւ ապացուցված լինելու որոշման, առանց այդ որոշմանը դատապարտյալի ծանոթացման»:

Արդարադատության նախարարը մինչն օրս չի պատասխանել: Ցմահ դատապարտյալը մեր ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ումից բողոքում է, դիմումները անտես մի ձեռք ուղարկում է նրան, որ նա էլ պատասխանի: Դատապարտյալը մտադիր է փոխհատուցման հայցապահանջով մտնել ՄԻԵԴ, որով կհաստատվի, որ իշխանությունների անգործության պատճառով ստիպված է գտնվել անազատության մեջ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930