Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսինե Խաչատրյանը ֆիլհարմոնիկի ընկերակցությամբ «պատմեց» «Վերջին գիշերը»

Նոյեմբեր 24,2021 13:00

Երաժշտարվեստի եւ թատերարվեստի զուգակցումը դարերի պատմություն ունի։ Հայ թատրոնում մինչեւ ուշ միջնադար դերասանական խաղը, երգը եւ որեւէ նվագարանի ընկերակցությունը մեկտեղվել են։ «Առավոտի» դիտարկմամբ՝ մոռացության տրված այդ ֆենոմենը գոնե վերջին տարիներին Եվրոպայում կենդանություն է առել՝ շնորհիվ գերմանաբնակ ճանաչված դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանի։

Դեռեւս 2007թ. New York Times-ը արվեստագետի ելույթից հետո գրել էր. «Լուսինե Խաչատրյանը հիանալի դաշնակահարուհի է, հնչեղ ձայնով եւ արտակարգ տեխնիկայով…»։

Վերջին տարիներին էլ արեւմտյան մամուլի էջերում հաճախ է շրջանառվում հետեւյալ արտահայտությունը. «Ներկայիս դասական երաժշտության ասպարեզում Լուսինե Խաչատրյանին կարելի է անվանել «դաշնամուրի պոետ»։ Շուրջ տասը տարի առաջ մեզ հետ զրույցում արվեստագետը բացել էր փակագծերը, ասելով. «Առաջին փորձը 2012-ին էր, ներկայացրի Շիլլերի «Մարիա Ստյուարտը»։ Հայտնվեցի բեմում Ելիզավետ թագուհու կերպարով, որն աստիճանաբար վերափոխվեց Մարիա Ստյուարտի։ Ելիզաբեթի կերպարը ներկայացնում էի Շոստակովիչի երաժշտությամբ, իսկ Ստյուարտինը՝ Դեբյուսիի։ Երկրորդ բեմադրությանս համար ընտրեցի Շոպենին՝ ներկայացնելով կոմպոզիտորի կյանքը, իսկ մոնոներկայացումը անվանեցի «Կլարա Վիկը նվագում է Շուման»։ Եվ այդպես շարունակ»։ Նշել էր, որ ներկայացումների ժամանակ ինքը հանդես է գալիս նաեւ որպես լուսային ձեւավորող, զգեստների նկարիչ, հաճախ էլ սցենարի հեղինակ եւ իհարկե՝ ռեժիսոր։

Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ գերմանաբնակ կոմպոզիտոր Ալեքսանդր Իրադյանի «Վերջին գիշերը» թատերականացված պոեմի համաշխարհային պրեմիերան՝ դաշնամուրի եւ նվագախմբի համար, Լուսինե Խաչատրյանի եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մատուցմամբ։ Դիրիժորական վահանակի մոտ էր մաեստրո Էդուարդ Թոփչյանը։ Այս երեկոյին միանշանակ պետք էր ներկա գտնվել՝ տեսնելու, թե ինչպես է Լուսինե Խաչատրյանը իր ստեղծած «դաշնամուրային թատրոն» ձեւաչափով դրամատիկական արվեստը համատեղում երաժշտական կատարողականի հետ, այդ ձեւով թատերական արվեստի միջոցով երաժշտությունը հասցնելով յուրօրինակ արտահայտչականության։ Կամ, կարճ ասած՝ դաշնակահարը դարձել էր իրադարձությունների պատմիչ եւ պատկերող։

Այս ստեղծագործության մեջ կոմպոզիտորը ինքն էր հեղինակել նաեւ սյուժեն։ Իսկ ստեղծագործությունն ընդգրկում է պատմական մեծ ժամանակահատված։ Դաշնակահարուհու ներկայացմամբ՝ Իրադյանը ձգտում է երաժշտության միջոցով ցույց տալ այն միապետական իշխանության գործողությունների իրարամերժ բնույթը, որն իր գոյության տարիներին այնքան ցավ ու տառապանք բերեց մարդկությանը, բայց հետագայում աշխարհը փրկեց ֆաշիզմից։ Չորս կայսրությունների՝ ռուսական, ավստրո-հունգարական, գերմանական եւ օսմանյան, միաժամանակյա տապալումը բերեց արյունալի պատերազմներ։ Հետադարձ հայացքով պատմության այս դեպքերը ընկալվում են դիալեկտիկ շախկապվածությամբ՝ Ռուսաստանի կայսեր Նիկոլայ II-ը եւ Սովետական Միությունը, հայերի ցեղասպանությունը եւ հրեաների հոլոքոստը…

Բազմաշերտ այդ երաժշտական կտավը ավարտվում է հեղինակի խոսքերով. «Ֆինալ։ Ծաղկում են երկրորդ պատերազմում հաղթանակած կայսրությունները, հաստատվում է երկբեւեռ դաշինք ԽՍՀՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ։ Գնդակահարությունների զոհերի զավակները փլուզում են ներկա աշխարհը՝ նոր աշխարհ ստեղծելու համար»։ «Վերջին գիշերը» թատերականացված պոեմը նվագախմբի հետ ներկայացնելիս մենակատար դաշնակահարուհին խաղի մեջ ներքաշելով նվագախմբի արտիստներին, ինչու ոչ՝ հանդիսատեսին, ոչ միայն փայլուն ներկայացրեց ստեղծագործության երաժշտական մասը, այլեւ հանդիսատեսին «պատմեց» պատմական մեծ ժամանակահատված ընդգրկող ստեղծագործության սյուժեն։

Երեկոյի ավարտին «դաշնամուրի պոետը» մեզ հայտնեց, որ մինչ օրս թողարկել է «Մարիա Ստյուարտ»՝ ըստ Շիլլերի, Շոպեն. «Դաշնամուրն իմ երկրորդ Ես-ն է», «Կլարա Վիկը կատարում է Շուման», «Կարոտ»՝ հայկական հոգու եւ մշակույթի մասին եւ «Ինչ է դեմոկրատիան» դաշնամուրային բեմադրությունները։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930