Լրահոս
Օրվա լրահոսը

44-օրյա պատերազմի հերոսներն անմահացել են Դիանա Հակոբյանի գրքում

Նոյեմբեր 24,2021 12:30

Դիանա Հակոբյանը 24 տարեկան է, ավարտել է Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանը։ Միշտ սիրել է ստեղծագործել եւ մասնակցել է տարբեր մրցույթների: Նա գրքեր է գրել 44-օրյա պատերազմի մասին, իսկ մինչ այդ բանաստեղծություններ էր գրում: «Անհավատալի երազ» գրքի հերոս ընտրել եմ Մխիթար Գարիկի Գալեյանին։ Գրում էի անսահման նվիրվածությամբ, մի մեծ ձգտում ունեի` հավերժացնել Մխիթարի բացառիկ հերոսությունները։ Սրտումս կուտակվել էր մեր անպարտ հերոսների կորստի ցավը, անբացատրելի ապրումներ ունեի, որոնք սրտիցս դուրս գալով՝ դարձան գիրք։ Մխիթարի կերպարի մեջ ընդգրկել եմ բոլոր անմահ քաջերին։

Գրքում հանդես եմ եկել որպես «անտեսանելի վկա», որը հետեւել է հերոսի ողջ կյանքին։ Ներկայացրել եմ մանկության, պատանեկության առանձնահատուկ ու հետաքրքրաշարժ դրվագները, նրա մարդ տեսակը, թե ինչ արժանապատիվ զավակ էր ընտանիքի եւ ընկերական շրջապատի համար։ Ընկերները Մխիթարին անվանում էին «Դուխավիկ Մխո»,-ասում է Դիանա Հակոբյանը։


Պատերազմի օրերին Մխիթարը զինակից ընկերներին ոգեշնչում էր ու առյուծի պես կռիվ տալիս թշնամու դեմ։ Պատերազմից մեկ օր առաջ երազ էր տեսել, որտեղ Մարիամ Աստվածածինը նրան անմահ էր անվանել։ Մխիթարը թեժ մարտերում զինակիցներին ոգեւորում էր ու հիշեցնում երազի մասին, կարծելով, որ իր հետ ոչինչ չի պատահի։ Ցավոք սրտի, երազը իրականությանը մոտ էր, իսկ անմահը այլ իմաստով էր ասված։ Նա զոհվեց մոտ ընկերոջ կյանքը փրկելով, վերջին րոպեներին ընկերոջ համար աղոթելով։ Գրիքն ունի յուրահատուկ վերջաբան, որտեղ Մխիթարի ընտանիքի անդամները, մտերիմները, ընկերները իրենց սրտի խոսքերը նամակի ձեւաչափով հղում են Մխիթարին, իսկ հեղինակը՝ Դիանան, հավաքելով նամակները, կախում է վառվռուն օդապարուկից եւ ուղարկում տիեզերք. Մխիթարը տեսնում է անակնկալը եւ աստվածային հրաշքով վերածնվում։

Երկրորդը՝ «Ապրող նամակն ու չապրած կյանքը» գիրքն է՝ նվիրված հերոս Արգամ Առաքելի Սելիմյանին։ Գրքում ներկայացված են Արգամի ու իր քրոջ մանկության, պատանեկության անմոռանալի ու արկածախնդիր դրվագները։ Ամեն տողում ընթերցողը կզգա քույրական, եղբայրական մաքրամաքուր սերը, կապվածությունը, որին թվում էր, ոչինչ չի կարող խանգարել։ «Պատերազմի օրերին Մերին մի շատ հուզիչ նամակ էր գրել եղբորը։ Այն կարեւոր էր ու թանկ Արգամի համար, որը խնամքով պահում էր, խոստացել էր քրոջը` նամակը կբերի իր հետ տուն ու Մերիի կողքին նստած կկարդա։ Դժբախտաբար, չվերադարձավ Արգամը, սակայն նամակը մնաց ու ապրեց։ Այս գրքում նույնպես ողբերգական ավարտ չկա. ես ամփոփել եմ հեքիաթային ավարտով: Հերոս Արգամը վերածնվում է, իսկ քույրն ու եղբայրը հրաշքով հանդիպում են իրար»։

Հավելենք, որ գրքերի օրինակները կարող եք ձեռք բերել Phoenix stationery եւ Emza գրախանութներից։

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930