Այսօր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով այսպես կոչված անկլավների փոխանակման մասին՝ ասաց, որ նոյեմբերի 9-ին Ադրբեջանը փորձ է արել դա մեջտեղ բերել. «Մեր դիրքորոշումը հետեւյալն է՝ մենք պետք է հասկանանք, լավ, քարտեզի վրա որ անկլավ նկարած է, դա ի վերջո ի՞նչ իրավական հիմք ունի, դա իրավական հիմք ունի՞, թե՞ չունի: Թե՞ դա ուղղակի քարտեզի վրա արված ուրվագիծ է, որ երկու կոլխոզների որոշում, որ այս մի կոլխոզը այս մի տարածքը նվիրում է Ադրբեջանին եւ այլն: Դա իրավական հիմք ունի՞: Այդ հարցերը դեմարկացիայի եւ դելիմիտացիայի պրոցեսում պետք է քննարկենք»:
Նա ասաց, որ պետք է հասկանալ՝ անկլավները որտեղի՞ց են ծագել. «Մենք գիտենք Արծվաշենն ինչ կարգավիճակում է: Աշխարհում ընդունված է, որ անկլավները մնացել են այն երկրի սահմանների ներքո, որով պարփակված են: Բայց մենք պետք է իրավական հիմքը հասկանանք: Պարզապես մենք չենք ուզում քաղաքական ճնշման ներքո Հայաստանի համար կարեւոր խաղաքարտեր բացել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ