«Ինչքան հասկանում եմ հարցերից, տպավորություն կա, որ թուղթ է ստորագրվելու սահմանազատման եւ սահմանագծման արդյունքների մասին: Այդպիսի բան հնարավոր չի ուղղակի: Ստորագրվելիք պոտենցիալ փաստաթուղթը լինելու է հետեւյալի մասին եւ Հայաստանը եւ Ադրբեջանը ձեւավորում են հանձնաժողով, որը սկսելու է զբաղվել սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներով: Այդ թղթի մեջ գրված չի լինելու՝ սահմանն անցնում է այստեղով, այստեղով»,- այսօր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԶԼՄ-ների հարցերին:
Ինչ վերաբերում է ՀՀ տարածքների հարցը հանրաքվեով անցկացնելու սահմանադրական նորմին, նա նախ ասաց, որ ԱԺ-ն, երբ սահմանազատում, սահմանագծում լինի, պետք է հաստատի, հետո ասաց, որ դա իրավաբանների հարց է:
Հետո Փաշինյանը հայտարարեց. «Շատ է խոսվում քարտեզների մասին: Մենք պետք է հասկանանք, որ քարտեզը ինքը նկար է, որը ինքնին առանց իր իրավական հիմնավորման որեւէ արժեք չունի: Հիմա մենք երկուսով կարող ենք ցանկացած քարտեզ ստեղծել, հրապարակել, ասել՝ սա ՀՀ-ի քարտեզն է: Համացանցում ինչքան քարտեզ ի հայտ է գալիս եւ հնչում են պնդումներ, որ ա՛յ տեսեք Սովետական Հայաստանի սահմանից ներս է այս տարածքը, մենք այդ հայտարարության հեղինակներին սիրով եւ հարգանքով հրավիրում ենք եւ ասում ենք՝ խնդրում ենք իրավական հիմքերը ներկայացրեք: Մենք այսօր միլիմետրի ճշտությամբ գիտենք Սովետական Հայաստանի դե յուրե նշանակություն ունեցող սահմանները որտեղով են անցնում»:
Հարցին՝ եթե հիմա ՀՀ-ն սահմանազատման եւ սահմանագծման է գնում, արդյոք սա չի՞ նշանակում Արցախից հրաժարում եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում՝ ներառյալ ԼՂ տարածքը՝ Փաշինյանը պատասխանեց. «91 թվականին, երբ անկախացել է մեր պետությունները, իրենց տարածքային ամբողջականությունները փոխադարձաբար ճանաչել են, դա նշանակե՞լ է, որ Արցախի հարցից Հայաստանը հրաժարվում է…Մենք ՀՀ ասելով ոչ թե պետք է հասկանանք ինչ-որ ամորֆ բան, որը ձեւ ու սահման չունի, պետք է հասկանանք շատ կոնկրետ տարածք՝ միլիմետրի ճշգրտությամբ: Սա է մեր ինքնիշխանությունը պաշտպանելու անկյունաքարային երաշխիքը: Մենք միջազգային իրավունքի սուբյեկտ ենք՝ կոնկրետ տարածքում, ոչ թե ամորֆ տարածքում: Շատ է քննարկվում, որ Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածը չգիտեմ որ թվի քարտեզով ՀՀ տարածքում է: Որեւէ դե յուրե նշանակություն ունեցող քարտեզով, ոչ թե ամբողջ ճանապարհը, խոսքը ճանապարհի մի փոքր հատվածի մասին է, այդ հատվածը ՀՀ տարածքում չէ: Մենք ոչ թե պրոադրբեջանական հայտարարություն ենք անում, այլ մենք այդ հայտարարությունով ենք հիմնավորում, որ Ադրբեջանը ագրեսոր է»: Ըստ Փաշինյանի, բոլոր նրանք, որոնք հայտարարում են, որ այնքան էլ պարզ չի դա ում տարածքն է, ջուր են լցնում Ադրբեջանի ջրաղացին, ստացվում է, որ հայտնի չէ Հայաստանը որտեղ է սկսվում, որտեղ ավարտվում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ