Վարչապետ Փաշինյանը հայտարարել էր կառավարության նիստում, որ ՌԴ-ից երեք առաջարկ է ստացել սահմանազատման, սահմանագծման վերաբերյալ եւ երեքն էլ ընդունելի են:
Այսօր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում պատասխանելով հարցին՝ այդ առաջարկների բովանդակությունը տարբերվո՞ւմ է մայիսի 12-ից հետո արված հայտարարություններից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Երբ որ մենք ասում ենք, որ առաջարկն ընդունելի է Հայաստանի համար, դա չի նշանակում, որ առաջարկը 100%-ով համապատասխանում է Հայաստանի պատկերացումներին: Մենք ուզում ենք ի ցույց դնել, որ մենք ուզում ենք գնալ լուծումների»:
Փաշինյանը չնայած ասաց, որ առաջարկների բովանդակությունը չի հրապարակի, դիվանագիտական աշխատանքը հրապարակային դարձնելով՝ պետք է ամեն ինչ սկսել զրոյից, բայց որոշ տեղեկություններ հայտնեց: Այդ առաջարկները մայիսի 12-ից հետո արված առաջարկների բովանդակությունից շատ չեն տարբերվում. «Օրինակ, զորքերի հետ քաշման գաղափար կա: Մենք ենք առաջարկել այդ գաղափարը, բայց հաջորդ քայլում հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ սկզբունքով եւ ո՞ր տարածքներում հետ քաշել հայելային եղանակով զորքերը, իսկ ի՞նչ կետի նկատմամբ հետ քաշել զորքերը, ինչպե՞ս ապահովել երաշխիքը, որ հայելային հետ քաշված զորքերը մթության քողի տակ նոր դիրքեր չեն զբաղեցնելու»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ