Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախիջեւանի մասին չէ իրականում խոսքը, Թուրքիա-Ադրբեջան կապի մասին է խոսքը, մեծ միջազգային ճանապարհի…Այդտեղ էլ ՀՀ-ն շահագրգռություն ունի». Փաշինյան

Նոյեմբեր 23,2021 22:11

«Գիտե՞ք ինչու ենք մենք շահագրգիռ, որ կոմունիկացիաները բացվեն, Հայաստանը 30 տարի գտնվում է շրջափակման մեջ եւ սա հնարավորություն է, որ ապաշրջափակվի»,-այսօր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում պատասխանելով ԶԼՄ-ների եւ ՀԿ ներկայացուցիչների հարցերին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելեց. «Եթե սուվերենության շրջանակներում է տեղի ունենում, Հայաստանն ասում է, որ ես պատրաստ եմ ապահովել Նախիջեւանի եւ Արեւմտյան Ադրբեջանի միջեւ ճանապարհ, կներեք, բայց Հայաստանն է որոշում ինքը ինչ ճանապարհով է ապահովում այդ հաղորդակցությունը: Հակառակ դեպքում ի՞նչ սուվերենություն: Այսինքն, Ադրբեջանն ուզում է որոշի, թե ինքը ինչպես մտնի, ինչպես դո՞ւրս գա: Չի՛ լինելու այդպիսի բան: Բայց մյուս կողմից Հայաստանը շահագրգիռ է, որ երկաթուղային կապը վերականգնվի եւ ավտոմոբիլային կապը վերականգնվի: Այո՛, Ադրբեջանը պետք է ստանա ճանապարհ ավտոմոբիլային եւ երկաթուղային ու տվյալ դեպքում Նախիջեւանի մասին չէ իրականում խոսքը, Թուրքիա-Ադրբեջան կապի մասին է խոսքը, այսինքն, մեծ միջազգային ճանապարհի մասին է խոսքը: Իմիջիայլոց, ես հույս ունեմ ճիշտ կհասկացվեմ, կարծում եմ, որ այդտեղ էլ Հայաստանը շահագրգռություն ունի:

Երբ որ նայում ենք Ադրբեջան-Նախիջեւան, թվում է, թե դա Նախիջեւան-Ադրբեջան կապն է, բայց իրականում բոլորս հասկանում ենք, որ դա նոր միջազգային ճանապարհի մասին է եւ բնականաբար ՀՀ-ն պետք է շահագրգիռ լինի, որ նոր միջազգային ճանապարհն անցնի իր տարածքով: Ես այսօր չեմ հասկանում, թե ինչու Հայաստանը պետք է հրաժարվի ճանապարհ տալ: Այսօր աշխարհում բոլոր երկրները պայքարում են մի բանի համար, որ ճանապարհները, գազամուղները, նավթամուղները անցնեն իրենց տարածքով, հնարավորինս շատ բեռները տարանցվեն իրենց տարածքով: Ինչո՞ւ պիտի Հայաստանը…Մենք ասում ենք, որ շահագրգռված ենք, որ Թուրքիայում երկաթուղին բացվի եւ խոսք լինի ոչ միայն Նախիջեւան-Մեղրի-Հորադիս երկաթուղու մասին, մենք ուզում ենք, որ Կարս-Գյումրի երկաթուղին բացվի ու ՀՀ-ն երկաթուղային կապ ստանա ՌԴ-ի հետ, Եվրոպայի հետ, Իրանի հետ: Դուք հասկանո՞ւմ եք սա ինչ է նշանակում: Ադրբեջանը հասկանում է սա ինչ է անում, դրա համար փորձ է անում ՀՀ-ում նյարդային մթնոլորտ ստեղծել, որ ստացվի, որ Հայաստանը ինքը իր ապաշրջափակմանը դեմ է արտահայտվում: Հասկանո՞ւմ եք աբսուրդն ուր է հասել: Եվ այսօր Ադրբեջանը հստակ օգտագործում է Հայաստանում որոշ ուժերի չգիտեմ որտեղից հրահրվող տրամադրությունը, որ պիտի ճանապարհ չտաք»:

Փաշինյանն ասաց, որ 30 տարի միջազգային ատյաններում ՀՀ-ն քննադատել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը ՀՀ-ի նկատմամբ վարում են շրջափակման քաղաքականություն ու պատկերացնո՞ւմ եք, հիմա Թուրքիան, Ադրբեջանն ասեն՝ մենք կոմունիկացիա ենք տալիս, շրջափակումը հանի, Հայաստանն ասի՝ չէ, ճանապարհ չեմ տա. «Մյուս կողմից Ադրբեջանը զարգացնում է միջանցքային տրամաբանություն: Չկա՛ միջանցքային տրամաբանություն: Ժողովուրդը պետք է հասկանա, ասում են՝ միջանցք ենք տալիս, Սյունիք են տալիս: Եթե այսօր Հայաստանում տվող կառավարություն լիներ, այդ կրակոցները չէին հնչի, ի՞նչ իմաստ կունենային կրակոցները: Այդ ագրեսիվությունը մեր կառավարության նկատմամբ բոլոր կողմերից չէր լինի, եթե մենք այդպես հեշտ տվող լինեինք: Մենք հնարավոր բոլոր գործերով փորձում ենք ՀՀ-ի շահը առաջ տանել եւ հարվածներ ենք ստանում: Էլի կստանանք, բայց որեւէ մեկը ուզում է մենք Հայաստանի շահից հրաժարվե՞նք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930