Լրահոս
Օրվա լրահոսը

Լծենի ղեկավար. «Այլընտրանքային ճանապարհը մեր փրկության լուսաստղն է». (Ֆոտոշարք)

Նոյեմբեր 23,2021 23:37

Սյունիքի մարզի Լծեն համայնք հասնել այդքան էլ հեշտ չէ։ Ճանապարհները բարվոք վիճակում չեն, տեղացիները ասում են՝ այլընտրանքային ճանապարհ կառուցելու ընթացքում է վատացել իրավիճակը։ Գյուղը խանութ չունի, փոստ չունի, առևտուր կատարելու համար տեղացիները հարակից գյուղեր կամ Սիսիան, որը 24 կմ հեռավորության վրա է։

Համայնքի վարչական ղեկավար Դերենիկ Հովհաննիսյանը ասում է, որ իրավիճակը միշտ չէ, որ այսպես է եղել։ Ըստ 1968 թվականի մարդահամարի, այստեղ ապրել է 504 բնակիչ՝ 85 տուն, իսկ այսօր լույս է վառվում ընդամենը  22 տանը։ Գյուղի դպրոցում սովորում է 7 աշակերտ. «Ծայրամասային գյուղ է, լրիվ կտրված, գրեթե քայքայվել էր։ Գյուղի մնացած բնակիչներով գյուղը ուզում ենք ոտքի կանգնացնել։ Մեր բախտից այս ճանապարհի կառուցումը սկսել են, դա մեզ լավ օգնելու է։ Ոռոգման ջուրը պակաս, խմելու ջուրը պակաս, կոյուղի չկա։ Գյուղը գրեթե անմխիթար վիճակում է։ Մենք գոնե ուզում ենք գյուղը ոտքի կանգնեցնենք, որովհետև շատ գեղեցիկ բնություն ունի, մաքուր օդ ունի, այստեղ կարելի է մարդավարի ապրել»։

Դերենիկ Հովհաննիսյանը պատմում է, որ շատ աշխատանքային առաջարկներ է ստացել, բայց որոշել է մնալ Լծենում, շենացնել գյուղը։ Այստեղ են բնակվում նաև իր երկու որդիները. «Գիշեր ցերեկ մենք պետք է այնպես անենք, որ գյուղը փրկենք։ Եվ այս այլընտրանքային ճանապարհը մեր փրկության լուսաստղն է»։

Դերենիկ Հովհաննիսյանը ասում է, որ Լծենը այս պահին տեխնիկա էլ չունի. «Սեփականաշնորհման ժամանակ ամբողջը սեփականաշնորհել են, ծախել են … դրա համար ո՛չ անասնապահությունն է զարգանում, ո՛չ գյուղատնտեսությունը, ոչ մի բանը։ Տեխնիկա չկա, ուրիշ տեղերից խնդրում ենք, որ գան անեն, ասում են՝ մինչև մերը չպրծնենք, չենք գա անենք։ Գալիս են արդեն մերը փչացած է լինում»։

Գյուղի այլընտրանքային ճանապարհը մեկ տարուց պետք է պատրաստ լինի. «Ճանապարհը այստեղից շարունակվելու է դեպի Տաթև։ Տաթևից գնալու է միանալու է Կապան գնացող ճանապարհին։ Գորիս-Կապան միջհանրապետական ճանապարհը փակ է ադրբեջանցիների կողմից։ Իրանից եկող բեռները Տաթևի՝ Սատանի կամուրջի ոլորանները չեն կարողանում անցնել։ Զուտ դրա համար այստեղ են կառուցում, որ այստեղով անցնեն և միանան հիմնական ճանապարհին։ Կարճ ժամանակում պետք է պարտադիր արվի, որ ցանկացած մեքենա կարողանա ազատ անցնել։ Արդեն մի քանի ամիս սկսել են, մինչև փետրվարի վերջ պետք է գրունտայինը վերջացնեն, որ արդեն անցուդարձ լինի, նոր տաքերը ընկնելուց հետո արդեն ասֆալտապատումը սկսեն»։

Դերենիկ Հովհաննիսյանը կարծում է, որ նոր ճանապարհը կարող է գյուղում իրավիճակ փոխել՝ դեպի լավը։ Ասում է, որ գյուղի գրեթե բոլոր բնակիչները մեքենաներ ունեն, և կապը պահում են այլ համայնքների հետ. «Առևտուրը քիչ էր, նիսյա էին տանում, խանութ աշխատացողին ձեռք չէր տալիս։ Մի երեք տարի առաջ փակվեց։ Կողքի գյուղից ենք առևտուր անում կամ Սիսիան գնալուց։ Օրինակ, եթե այսօր ինձ ինչ-որ բան է պետք, շատ եմ առնում բերում։ Կամ, եթե հարևանը իմանում է, որ գնացել եմ Սիսիան փողը տալիս է, ասում է՝ ինձ համար այս ինչ բանը բեր։ Այդպես ապրում ենք, մինչև»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930