Այսօր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում պատասխանելով ԶԼՄ-ների եւ ՀԿ ներկայացուցիչների հարցերին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատեց Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, ասաց, որ միջազգային հանրության անդամը պետք է չափ ունենա ու միջազգային հանրությունը պետք է հետեւի այդ չափերին: Սակայն հետո, երբ հարց եղավ Ադրբեջանի ու Հայաստանի պաշտպանության նախարարների միջեւ ուղիղ կապի մասին, Փաշինյանն ասաց. «Կապն արդեն ստեղծվել է եւ ես դա գնահատում եմ: Տեսեք, շատ կարեւոր է, որ մենք ճիշտ բալանս ասենք: Բայց նաեւ ինչքան էլ քննադատենք ագրեսիվությունը, որը պետք է ավելի շատ եւ ավելի հետեւողականորեն քննադատենք, բայց մյուս կողմից էլ փաստը, որ տեղի է ունեցել…Ասեմ, նախկինում երբեք ՊՆ նախարարների միջեւ կոնտակտ չի եղել: Դա եղել է որոշակի սիմվոլիկա պարունակող, թե չգիտեմ ինչ, բայց առաջին անգամ է նման բան տեղի ունենում»:
Փաշինյանն ասաց, որ այդ կապը հաստատելու փաստը ինքնին գնահատելի է. «Ես գնահատում եմ նաեւ այդ որոշումը Ադրբեջանի նախագահի: Հիմա ժամանակը ցույց կտա դա ինչքանով արդյունավետ կլինի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ