ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, դեսպան Էդգար Ղազարյանը Հանրապետության հրապարակում Ազգային ազատագրական պայքարի հանրահավաքի ժամանակ Aravot.am-ին ասաց. «Բացարձակ էական չէ, թե այս տիպի հանրահավաքների կազմակերպիչներն ովքեր են: Մարդիկ կան, որ ասում են, թե այս դաշինքի, այն կուսակցության հավաքին չեն մասնակցի: Իմ կարծիքով, դա սխալ մոտեցում է: Անձամբ ես գնում եմ բոլոր այն տեղերը, որտեղ կա կազմակերպվածություն եւ ազնիվ նպատակներ՝ առաջին հերթին այս իշխանություններին հեռացնելու: Որոշակի իմաստով այս հանրահավաքի իմաստն ի՞նչն է: Շատ պարզ քաղաքացիական ձեւակերպում: Մարդիկ շատ պարզ ասում են. մեր բոլորի ճակատագրի վերաբերյալ ինչ փաստաթուղթ պետք է ընդունեք, դրանց մասին տեղեկացրեք հանրությանը: Ընդ որում, սա ասում են այն մարդուն, որը այս նույն հրապարակում իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ ելույթ էր ունենում եւ ասում. սիրելի ժողովուրդ, չի լինելու այնպիսի բան, որ դուք քնեք արթնանաք ու տեսնեք՝ Ղարաբաղի հարցը լուծվել է: Ես գնալու եմ, քննարկեմ բոլոր հարցերը, գամ՝ բոլորիդ հետ համաձայնեցնեմ: Ու ոնց կուզեք, այնպես կլինի:
Հիմա իր ասած մեխանիզմն է չէ՞ աշխատում: Մարդիկ հավաքվել են այս նույն հրապարակում եւ իրեն ասում են. երկրի հարգելի ղեկավար կոչված, եթե պետք է գնաս դեկտեմբերի 15-ին կամ նոյեմբերի 29-ին հանդիպումների, ի՞նչ ծրագրերով ես գնում, ո՞րն է քո միտքը, քո գաղափարը: Դու Սյունիքը հանձնելու ե՞ս թշնամուն, թե՞ չէ, թե՞մենք պետք է քնենք արթնանանք ու իմանանք, որ Սյունիքն է՞լ ես հանձնել թշնամուն: Դու միջանցք տալու ե՞ս, թե չես տալու:
Այսինքն, այս հավաքի իմաստը ես հասկանում եմ այսպես. նա պետք է պատասխանատու զգա հասարակության առաջ, որովհետեւ ինքը անպատասխանատվության այն աստիճանում է գտնվում, որ որոշումներ կայացնում է բացարձակ միայնակ: Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությանը նախորդող ԱԽ վերջին նիստը Հայաստանում եղել է հոկտեմբերի 19-ին: Այդ օրվանից հետո, երբ ըստ էության որոշվել է պատերազմի վերջնական ելքը եւ արդեն ընթացել են հիմնական քննարկումները, թե պատերազմը ինչ պայմաններով պետք է կանգնեցվի, ինքը ոչ մեկի հետ չի քննարկել:
Եվ հիմա, որ ասում են Նախիջեւանը Ադրբեջանի հետ կապող ճանապարհ կամ միջանցք, այդ գաղափարը ո՞վ է բերել: Ինքն է բերել: Որովհետեւ ի՞նչ կապ ունի Նախիջեւանը Ադրբեջանին կապելը ղարաբաղյան խնդրի հետ: Դա պատերազմը կանգնեցնելու հետ ի՞նչ կապ ունի: Ինչի՞ է ընդամենը 10 օրում ինքն իր վրա վերցրել մի բան, ինչը 30 տարի չի քննարկվել: Եվ վերցրել է բավական չի, հետո էլ ասում է՝ գիտե՞ք, եթե ես միջպետական ճանապարհը իրեն չտայի, ինքը միջանցք էր ուզում: Իսկ հիմա էլ թե՝ միջպետական ճանապարհը տվել եմ, բայց ոնց որ միջանցքը էլի ուզում է: Այսինքն, ինքը անընդհատ ինչ-որ բան տվողի դերում է՝ դրա դիմաց ոչինչ չստանալով»,- ասաց Էդգար Ղազարյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ