Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուսաստանի ԱՀԾ-ի հաղորդագրությունը «չի ներկայացնում պաշտոնական Երևանի տեսակետը». ՀՀ կառավարություն. «Ազատություն»

Նոյեմբեր 23,2021 21:07
karavarutyun

Հայաստանի կառավարությունը, ըստ էության, հայտարարում է, որ Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության (ԱՀԾ) հաղորդագրությունը, թե արևմտյան հատուկ ծառայությունների կողմից հետխորհրդային տարածքում «ժողովրդավարության» արմատավորման փորձերը ապակայունացնում են ներքաղաքական իրավիճակը ԱՊՀ պետություններում, չի ներկայացնում պաշտոնական Երևանի տեսակետը։

«Ազատությանը» Հայաստանի կառավարության տրամադրած պարզաբանման մեջ նշված է. Սերգեյ Նարիշկինի գլխավորած կառույցի «տարածած մամլո հաղորդագրությունը, ըստ էության, նիստն ամփոփող տեղեկատվություն է, այլ ոչ թե մասնակից անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների համատեղ հայտարարության տեքստ»։

Գործադիրի պատասխանում նաև կարդում ենք. – «Հայաստանի կառավարությունը մշտապես ընդգծել է մեր երկրում ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների կայացման ու զարգացման կարևորությունը և հավատարիմ է այդ ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքում գործընկեր երկրների և կառույցների հետ համագործակցության սկզբունքներին»։

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության՝ «Ազատությանը» տրամադրած պատասխանում նշված է, որ Հայաստանի Սահմանադրության առաջին հոդվածը Հայաստանը հռչակում է որպես ժողովրդավարական, իրավական պետություն, և ԱԱԾ-ն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, իր ողջ գործիքակազմով նպաստում է սահմանադրական վերանշյալ նորմի կենսագործունեության ապահովմանը։

Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության հաղորդագրության համաձայն, այս հոկտեմբերի 13-ին Մոսկվայում կայացել էր ԱՊՀ երկրների անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցությունը, որին մասնակցել են միության բոլոր պետությունների, ներառյալ՝ Հայաստանի պատվիրակները։

Ըստ ռուսական կողմի, քննարկվել էին հատուկ ծառայությունների փոխգործակցության հարցերը՝ ԱՊՀ երկրներում անվտանգության և կայունության ապահովման ոլորտում՝ Արևմուտքի ապակառուցողական ներգործության և արտերկրից «ժողովրդավարության» արմատավորման փորձերի կոնտեքստում։ Հատուկ գերատեսչությունների ղեկավարները համաձայնել են, որ նշված գործընթացները ուղղված են ԱՊՀ երկրներում ներքաղաքական իրավիճակի ապակայունացմանը, կրում են համակարգված և նպատակաուղղված բնույթ։

Ավելին, նշված է, որ այս գործընթացները համակարգում են արևմտյան հատուկ ծառայությունները, և պայմանավորվածություն է ձեռք բերվել «ակտիվացնել համատեղ ջանքերը՝ այդ գործընթացներին հակազդելու համար»։

Նույն օրը ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների հետ տեսակապով առանձին հանդիպում էր ունեցել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930