Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի նախագահը հայտարարում է՝ որտեղ ուզենք՝ կկանգնենք…նոր աշխարհակա՞րգ է գործում, ով որտեղ ուզենա՝ կկանգնի՞». Փաշինյանը՝ ՄԱԿ-ին դիմելու մասին

Նոյեմբեր 23,2021 21:15

«Ադրբեջանի պահվածքը պետք է լայնորեն դառնա քննարկման առարկա ոչ միայն եռակողմ ֆորմատում, ՀԱՊԿ-ում, ՄԱԿ-ում, Հաագայի դատարանում, ՄԻԵԴ-ում, ես առաջիկայում պատրաստվում եմ մասնակցել նաեւ Ժողովրդավարության գագաթնաժողովին, նաեւ այնտեղ եմ պատրաստում այս հարցը»,- այսօր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԶԼՄ-ների եւ ՀԿ ներկայացուցիչների հարցերին:

Նա հավելեց. «Այն, ինչ անում է Ադրբեջանը, դա հարձակում է նրա ու նրան քաջալերող երկրների՝ ՀՀ ինքնիշխանության, անկախության եւ նաեւ ժողովրդավարության վրա: Մենք այս հարցը պատրաստվում ենք հետապնդել միջազգային բոլոր հարթակներում, մենք մեզ չենք սահմանափակելու»:

Փաշինյանն ասաց, որ սա արդեն միայն ՀՀ-ի եւ Ադրբեջանի հարցը չէ. «Ասենք, Ադրբեջանի նախագահը հայտարարում է՝ որտեղ ուզենք՝ կկանգնենք, սա ի՞նչ է նշանակում: Մենք պետք է հասկանանք նաեւ միջազգայնորեն, նոր աշխարհակա՞րգ է գործում, որտեղ ով որտեղ ուզենա՝ կկանգնի: Սա նշանակում է, որ որեւէ երրորդ երկիր Ադրբեջանի տարածքում որտեղ ուզենա՝ կկանգնի՞»:

Փաշինյանն ասաց, որ երկու կողմերի պաշտպանությանն նախարարների միջեւ կոմունիկացիա է ձեւավորվում. «Ես մեր ՊՆ նախարարին հանձնարարել եմ, որ ակտիվորեն այդ կոմունիկացիան օգտագործի եւ Ադրբեջանի հրադադարի խախտման դեպքերի կոմունիկացիան փոխանակի Ադրբեջանի ՊՆ նախարարի հետ ու նույնը անի Ադրբեջանի ՊՆ նախարարը»: Ըստ Փաշինյանի, այդպես ակնհայտ կդառնա, թե ով է ավելի շահագրգիռ սադրանքների մեջ: Նա ասաց, որ պատրաստ է Ալիեւի հետ քննարկմանը Բրյուսելում էլ, այլ տեղերում էլ. «Բայց պետք է հասկանանք, որ քննարկման առաջին թեման պետք է լինի իրադրության շուրջ գնահատականներն ու քննարկման արդյունքում պետք է պարզվի՝ ով է շահագրգիռ իրավիճակի ապակայունացմամբ»:

Վարչապետը կարճ ու հպանցիկ անդրադարձավ գաղտնի փաստաթղթին. «Շատ խոսվում է դեմարկացիայի եւ դելիմիտացիայի մասին, հարց է բարձրացվում, թե ինչ փաստաթուղթ է դրված սեղանին, փորձ է արվում ներկայացնել, թե դա ՀՀ շահերին հակասում է: Դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հետ կապված պայմանավորվածությունը կլինի թե չի լինի կերեւա առաջիկայում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930