Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ է նշանակում Զանգեզուրի միջանցք, Արեւելյան Զանգեզուր…այդ ովքե՞ր են այդ տերմինները հորինում». Փաշինյանը՝ Ալիեւի հետ հանդիպման մասին

Նոյեմբեր 23,2021 21:01

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում պատասխանում է ԶԼՄ-ների եւ ՀԿ ներկայացուցիչների հարցերին:

Սպասվող բանակցությունների մասին հարցին՝ պատրաստվում եք հանդիպել Իլհամ Ալիեւին Բրյուսելում, ինչո՞ւ եք ընտրել այդ հարթակը, որը դուրս է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից՝ Փաշինյանը պատասխանեց, որ ակնկալում ու սպասում է, որ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը կազմակերպի այդպիսի հանդիպում. «Դեկտեմբերի 15-ի հանդիպումը նույնպես նորություն չէ, որովհետեւ ԵԽ նախագահ Շառլ Միշելը առաջ էր քաշել գաղափար, որ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովն է տեղի ունենալու, առաջ քաշեց գաղափար, որ լինի հանդիպում իմ եւ Իլհամ Ալիեւի միջեւ»: Թե Ալիեւի հետ հանդիպումից ի՞նչ ակնկալիքներ կան, գերիների հարցի քննարկում նախատեսվո՞ւմ է՝ Փաշինյանը պատասխանեց, որ կփորձեն տարբեր ձեւաչափերում քննարկվող օրակարգերը չխառնել մեկը մյուսին: Նա հաստատեց, որ Բրյուսելում հանդիպման ժամանակ հիմնականում կքննարկվեն հումանիտար հարցերը, գերիների, նաեւ փոխհարաբերությունների. «Կա մեր տարածաշրջանում լարվածություն ու այդ լարվածությունը հաղթահարելու համար պետք է օգտագործենք բանակցությունների հնարավորությունները, բայց շատ կարեւոր է, որ ՀՀ-ի ներսում կամ դրսում չստեղծվեն այդ բանակցությունների շուրջ գերագնահատված լուծումներ եւ դրա շուրջ փորձ արվի ապոկալիպտիկ տրամադրություններ ստեղծվել: Մենք հարթակները օգտագործելու ենք»:

Հարցին՝ հնարավո՞ր է եռակողմ հանդիպում ՀՀ-ի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի մասնակցությամբ՝ Փաշինյանը պատասխանեց, որ նոյեմբերի 26-ին Սոչիում է հանդիպում նախատեսվում:

Հարցին, թե ո՞րն է բրյուսելյան հանդիպման օրակարգը, կա՞ նոր պատերազմի վտանգ՝ Փաշինյանը պատասխանեց. «Պետք է արձանագրենք, որ Ադրբեջանի գործելակերպը մեր դիվանագիտության. «ԱԽ նիստում արձանագրեցի, որ Ադրբեջանը որդեգրել է շարունակական ագրեսիայի քաղաքականություն ՀՀ-ի նկատմամբ, այս թեման այլեւս պետք է լինի միջազգային հանրության քննարկման կիզակետում: Ադրբեջանը, լինելով հետպատերազմական էյֆորիայի մեջ, փորձ է անում կիրառել պատերազմում հաղթողի իրավունքը, մի բան, որ ժամանակակից աշխարհում գոյություն չունի: Մենք շատ համբերատար, հետեւողական փորձում ենք ամեն կառուցողական ջանք գործադրել, որ տարածաշրջանում իրավիճակը հանդարտվի: Բայց մենք բոլորս պետք է արձանագրենք, որ միջազգային հանրության անդամը պետք է հստակ չափեր ունենա…

Ադրբեջանն ակնհայտորեն ՀՀ-ի նկատմամբ տարածքային նկրտումներ է ցուցաբերում, ի՞նչ է նշանակում օրինակ Զանգեզուրի միջանցք, Արեւելյան Զանգեզուր, միջանցքային տրամաբանություն, այդ ովքե՞ր են այդ տերմինները հորինում: Միջանցքային հարց չենք քննարկել եւ քննարկում, ինչը չի նշանակում, որ չենք հրաժարվում տարածարջանային հաղորդակցության բացվելուն: ՀՀ-ն է ավելի շահագրգիռ, որ տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն: Իմ կարծիքով, Ադրբեջանը…զարգացնում է՝ հենց այդ թեման օրակարգից հանելու համար: մենք ամեն ինչ անելու ենք, որ Ադրբեջանին չհաջողվի տարածաշրջանային կոմունիկացիաների թեման օրակարգից հանել:

Վարչապետը կարճ ու հպանցիկ անդրադարձավ գաղտնի փաստաթղթին. «Շատ խոսվում է դեմարկացիայի եւ դելիմիտացիայի մասին, հարց է բարձրացվում, թե ինչ փաստաթուղթ է դրված սեղանին, փորձ է արվում ներկայացնել, թե դա ՀՀ շահերին հակասում է: Դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հետ կապված պայմանավորվածությունը կլինի թե չի լինի կերեւա առաջիկայում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930