Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական սպորտի խնդիրները ներկայացվել են հանձնաժողովին

Նոյեմբեր 23,2021 20:25

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի  անդամները  նոյեմբերի 23-ին հանդիպել են  օլիմպիական մարզաձեւերի ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ: Աշխատանքային քննարկմանը մասնակցել են  պատասխանատուներ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ Պաշտպանության նախարարություններից, ոստիկանությունից:

Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը կարեւորել է մարզաշխարհի ներկայացուցիչների հետ հանդիպումը՝ նշելով, որ փորձություններով լի վերջին մեկ տարում մեկ անգամ չէ,  որ հայ մարզիկներն  ուրախության եւ հպարտության պահեր են պարգեւել հայ ազգին: Իսկ հանդիպման նպատակը, ըստ նրա, անդրադառնալն է այն խնդիրներին, որոնք առկա են սպորտի ոլորտում, եւ որոնց  օրենսդրական ճանապարհով հնարավոր կլինի լուծումներ տալ:

Հանձնաժողովի նախագահի տեղեկություններով՝ ոլորտում  բազմաթիվ են խնդիրները. դրանք առնչվում են պայմանավորված խաղերին, խաղադրույքներին,  մարզիկների՝ պարտադիր զինվորական ծառայության հետ կապված հարցերին եւ այլն:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը լրացրել է օրենսդրի գործընկերոջը՝ նշելով, որ խնդիրները բազմաթիվ են եւ հրատապ կարգավորման կարիք ունեն: Ըստ նրա՝ կարեւոր է լուծում տալ մարզիկների՝ զինվորական պարտադիր ծառայության հետ կապված խնդիրներին, լիցենզավորել  սպորտի ոլորտում գործունեություն ծավալողներին: Փոխնախարարը խայտառակ եւ բարձիթողի է գնահատել մասնավորապես արեւելյան մարտարվեստների բնագավառում եւ ֆիտնես ակումբներում տիրող  իրավիճակը:  Ցանկացած մարդ այսօր կարող է  բացել իբր  մարզադպրոց  եւ մեծ վնաս հասցնել երեխաների  առողջությանը, նշել է փոխնախարարը: Թե՛ նրա, թե՛ այլ մասնակիցների գնահատմամբ՝ պարտադիր է, որ մարզադպրոցների կամ մարզական ակումբների մարզիչները  մասնագիտական որակավորում ունենան:

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի  ռեկտոր Դավիթ Խիթարյանն էլ առաջարկել է  Հայաստանում արգելել ստերեոիդների ազատ վաճառքը: Բոլոր ֆիտնես ակումբներում դրանք ազատ վաճառվում են. մտահոգություն է հայտնել Դավիթ Խիթարյանը: Ըստ նրա՝ նույնիսկ անչափասներն են գնում դրանք եւ վնասում իրենց առողջությունը:

Պետք է ուշադրություն դարձնել նաեւ մարզադպրոցների տնօրենների ընտրության կարգին. այստեղ եւս խնդիրներ կան, պարզաբանել է նա:

Օլիմպիական մարզաձեւերի ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները  պատգամավորներին են ներկայացրել իրենց հուզող խնդիրները՝ առաջարկելով օրենսդրորեն կարգավորել դրանք: Ըստ մարզաշխարհի ներկայացուցիչների՝ անհրաժեշտություն կա փոփոխություններ կատարել եւ՛ սպորտին  առնչվող օրենքներում, եւ՛ ՀՀ քրեական օրենսգրքում:

Մարզիկների՝ պարտադիր զինվորական ծառայության հարցի առնչությամբ նշվել է, որ Կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով փորձ է արվելու կարգավորել այդ խնդիրը:

Ամփոփելով հանդիպումը՝ հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հանձնաժողովի անունից պատրաստակամություն է հայտնել առանձին մասնագիտական քննարկումներով անդրադառնալ բարձրացված հարցերին:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930