«Արկադի Տեր-Թադեւոսյանի հիմնադրած «Քաղաքացիական խորհուրդ» հ/կ-ն, որը միավորում է մի քանի կուսակցություն եւ հասարակական կառույց, միանում է այս շարժմանը»,-«Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի՝ Հանրապետության հրապարակում այսօր տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց շարժման անդամ, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։ «Մի քանի տասնյակ տարիների մանկավարժական աշխատանքիս ընթացքում որեւէ ժամ իմ դասը չի քաղաքականացվել, բայց ես այսօր վերադառնում եմ ազգային-ազատագրական պայքար ու բոլոր ընկերներիս, գործընկերներիս հորդորում միանալ՝ մինչեւ արժանապատիվ կյանք ու հաղթանակ»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ից «Ազգային-ազատագրական շարժում» նախաձեռնող խումբը քաղաքացիներին համախմբման կոչ է անում՝ Երեւանից սկսելով բողոքի երթեր։ Մասնակիցներն իշխանությունից պահանջում են կանխել սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը, թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն, լիարժեք զինել առաջնագիծը եւ պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ