Լրահոս
Օրվա լրահոսը

Երանոսում կանգնեցվեց եւ օրհնվեց Արցախյան վերջին պատերազմում զոհված հայորդիների հիշատակի Խաչը

Նոյեմբեր 23,2021 20:11

Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքի հարավ-արեւմտյան բարձունքում, «Սուրբ Հովհաննես» մատուռի տարածքում, կանգնեցվեց եւ օրհնվեց Արցախյան վերջին պատերազմում զոհված հայորդիների հիշատակի Խաչը, որի բարձրությունը հասնում է 44 մետրի՝ խորհրդանշելով 2020 թվականի Արցախյան պատերազմի օրերի քանակը։ Խաչը օրհնվեց հանդիսապետությամբ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանի եւ աղոթակցությամբ Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի։ Խաչի բացման եւ օրհնման արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Խաչի կառուցման հովանավորներ Հենրիկ Գասպարյանը եւ Ռոբերտ Շահինյանը , Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցներ, զոհված հերոսների ծնողները եւ հարազատները, համայնքի բնակիչներ:

«Այս Խաչը, որն իշխում է բարձունքից, ապրողներիս միշտ հիշեցնելու է մեր հերոսների մղած անձնազոհ պայքարը, նրանց սխրանքի հարատեւությունը։ Մեր հայրենիքը կանգուն մնաց այս հերոս տղաների կյանքի գնով, ու սերունդներն այդ անձնազոհության դիմաց պիտի միշտ նվիրվեն հայրենիքի կառուցման ու շենացման գործին»,-նշեց մարզպետ Կարեն Սարգսյանը։

«Այսօր մեր համայնքում ոգեկոչման բացառիկ օր է, քանզի վեր խոյացած այս Խաչը ոգեկոչում է Արցախյան երեք պատերազմներին Երանոսից մասնակցած Վարդան Ներսիսյանի, Ռաֆիկ Բարբառյանի, Նորիկ Սարգսյանի, Ռոլանդ Ներսիսյանի, Արսեն Սոլկարյանի եւ Վահագն Մխեյանի պայծառ անունները։ Նրանք ապրեցրին մեր աշխարհը իրենց կյանքի գնով, իսկ մենք պիտի մեր ջանքերով կարողանանք պահպանել ու շենացնել մեր հայրենիքը եւ ապրեցնել նրանց անունները։ Համայնքի անունից ուզում եմ իմ երախտիքի խոսքը հղել մեր բարերարներին, ովքեր միշտ եղել են հայրենի երկրի ու հարազատ գյուղի կողքին, միջոցներ չեն խնայել հայրենանվեր բազմաթիվ ձեռնարկների համար։ Սուրբ Հովհաննես մատուռի տարածքում իրականացված բարեկարգման աշխատանքները եւ Արցախյան պատերազմներում նահատակված հայորդիների հիշատակը հավերժացնող Խաչ- հուշակոթողի տեղադրումը մեր գործարարների կողմից հերթական հայրենանվեր ձեռնարկն է»,-նշեց Երանոս համայնքի ղեկավար Սաշա Բավեյանը։

Գեղարքունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930