Նոյեմբերի 23-ին ՀՀ-ում Կամբոջիայի Թագավորության նորանշանակ դեսպան Սեյլա Էատը (նստավայրը՝ Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանին:
Շնորհավորելով նշանակման կապակցությամբ` ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին մաղթեց բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպանը նշեց, որ կփորձի առավելագույնս նպաստել երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը: Դեսպան Էատը հայտնեց, որ Կամբոջիայի կառավարությունն արժևորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը ինչպես միջազգային կազմակերպությունների շրջանակներում, այնպես էլ՝ տնտեսական գործակցության ուղղությամբ:
Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու հնարավորությունները: Երկուստեք կարևորվեց հայ-կամբոջական համագործակցության կոնկրետ ոլորտներն ուղենշելու, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համատեղ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման խնդրի ուղղությամբ:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ