Լրահոս
Օրվա լրահոսը

Որոտնավանք. Գաղտնի խաչը, գաղտնի սենյակը՝ միջնադարյան պատմություններով. (Ֆոտոշարք)

Նոյեմբեր 23,2021 19:00

«Աղջիկս անգլերեն էր պարապում, հինգ աշակերտ ուներ, եթե իմանայի, որ էս գործին եմ լինելու ես էլ կնստեի իր հետ կսովորեի»,- ասում է Մհեր Խաչատրյանը, ում հանդիպեցինք Որոտնավանքում՝ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից 14 կմ հեռավորության վրա։ Նա իրեն ներկայացնում է որպես Որոտնավանքի գիդը և տերը՝ «դե, էստեղ տիրություն եմ անում»։ Այստեղ է արդեն չորս տարի։

Պարոն Մհերը երկար տարիներ Երևանում է ապրել և աշխատել որպես խոհարար, հետո վերադարձել է . «Առաջին անգամ եկա այստեղ, տեսա աղբի մեջ կորած է, ու սկսեցի մաքրել։ Այդ օրը այստեղ պատարագ էր։ Թեմի առաջնորդը՝ հայր Մակարը եկել էր։ Ես իրեն չէի ճանաչում, ինքն էլ ինձ չէր ճանաչում։ Եկավ տեսավ, որ մաքրություն եմ անում, ասաց՝ դու ո՞վ ես, ասացի՝ պատահական մարդ եմ, եկել եմ էսպես տեսել եմ, վրաս ազդել է, ինչո՞ւ պիտի մեր մշակույթը այսպես աղբի մեջ կորած լինի։ Ասաց՝ կաշխատե՞ս, ասացի՝ բայց տեր հա՛յր, ներողություն, Դուք ո՞վ եք, ասաց՝ ես թեմի առաջնորդն եմ, ամբողջ Զանգեզուրը ինձ է ենթարկվում։ Ասացի՝ ինչո՞ւ չեմ աշխատի, մեծ սիրով կաշխատեմ, այս սրբավայրը, հո՞, այսպես չենք թողնի։ Ասացի՝ ինձ ոչ մի բան պետք չի։ Եվ ես որպես աստծո ծառա իմ ծառայությունը մատուցել եմ։ Եվ այդպես ես շատ փորձանքներից եմ պրծել»։

Նա զբաղվում է ծնեբեկի և այլ բանջարեղենների մշակմամբ և վաճառքով։ Այսինքն՝ կարող էր իրեն թույլ տալ պարզապես հետևել Որոտնավանքին, իսկ հետո նաև աշխատել որպես գիդ։ Նրա կինը պատմության ուսուցչուհի է, և նրա օգնությամբ պարոն Մհերը ծանոթացել է վանքի պատմությանը և պնդում է, որ իր պատմությունները կարելի է ստուգել համացանցում։ Պարոն Մհերը պատմում է, որ վանքը իր անունը ստացել է, քանի որ կառուցված է Որոտան գետի կիրճում։ Այն բաղկացած է չորս եկեղեցիներից. «Այստեղ հեթանոսներ են ապրել, զբաղվել են օձաբուժությամբ։ Գրիգոր Լուսավորիչը եկել է իրենց մատուռը քանդել է, և իր մատուռը կառուցել է տեղում, սարքել է քրիստոնեական, որ քրիստոնյաները այդտեղից օգտվեն։ Եվ այդպես էլ եղել է»։

Պարոն Մհերը շեշտում է, որ երբեմն Որոտնավանք անունը կապում են Հովհան Որոտնացու հետ, սակայն վերջինս եկել է շատ ավելի ուշ՝ 1340 թվականին, երբ վանքը կառուցվել է մինչ այդ՝ 1006 թվականին. «Ժողովուրդն է անունը տվել, որովհետև ջրառատ գետ է եղել, որոտալով եկել է։ Այդպես էլ անունը դրել են Որոտան գետ»։

Նա նշում է, որ 1931 թվականի երկրաշարժի արդյունքում եկեղեցին ավիրվել է, և 1980-ական թվականներին նոր սկսվել են վանքի շինարարական աշխատանքները։ Սակայն, եկեղեցու առջև կառուցված գավազանը մնացել է կանգուն. «Չգիտեն՝ սրա տակը ի՞նչ կա։ Եկեղեցու տակը դատարկ է։ Լսարան է եղել։ Ես ենթադրում եմ, որ կարող են դատարկ կարասներ լինեն։ Ձիով, որ թշնամին եկել է, դոփյունները այստեղ արձագանքել են։ Այդպես իմացել են, որ թշնամին մոտենում է»։

Այստեղ կարող եք գտնել միջնադարյան քանդակներ, որտեղ պատկերված են միջնադարում տարածված մասնագիտությունները։ Իսկ Որոտնավանքի բակում գերեզմաններ են։ Պարոն Մհերը ասում է, որ գյուղի գերեզմանատունն է եղել, սակայն որոշ ժամանակ անց, հասկանալով, որ բավարար տեղ չկա գերեզմանատանը, հուղարկավորությունները այստեղ դադարել են։  Իսկ վանքի տարածքում կարելի է հանդիպել միջնադարյան գերեզմանների, որոնց վրայի փորագրումներից կարելի է հասկանալ՝ արդյոք այստեղ բարձրաստիճան հոգևորական է թաղված եղել։  Այստեղ թաղված են նաև թագուհի Շահանդուխտը և իշխան Սևադան։

Որոտնավանքում կա նաև գաղտնի սենյակ և գաղտնի խաչ։ Գաղտնի սենյակը արտաքնից պատ է, որի վրա՝ վերևում, կա միայն մեկ անցք։ Պարոն Մհերը պատմում է, որ պատերազմների ժամանակ տղամարդիկ այստեղ են բերել իրենց կանանց և երեխաներին, աստիճանով բարձրացրել դեպի այդ գաղտնի սենյակ, և անցքը փակել քարով։ Իսկ թշնամին չի կարողացել բացահայտել նրանց գտնվելու վայրը, քանի որ լավ թաքնված են եղել։ Վտանգը անցնելուց հետո տղամարդիկ եկել են իրենց կանանց և երեխաներին հանել են վանքից։ Իսկ գաղտնի խաչը պատի մեջ է, ժամանակին այդտեղ է եղել վանքի մուտքը։ Մարդիկ եկել են, նայել են խաչին աղոթել են և նոր են մտել վանքի տարածք։

Նոյեմբերի 16-ին ինքը Որոտնավանքում է եղել, երբ լսել է ձայները և շտապել Նորավան։ Սակայն, այնտեղ նրան զենք չեն տրամադրել։ Պարոն Մհերը հիշում է, թե նման դեպքերում ինչ կարևոր է վանքերի գտնվելու վայրը. «Մեր վանքերը, մեր եկեղեցիները միշտ բարձրունքների վրա ենք կառուցել։ Տեսե՛ք սա կոչվում է պարսպավոր վանք։ Ինչի՞ համար են իրեն բարձրունքում կառուցել, որովհետև բարձրունք գրավելը շատ դժվար է։ Դրա համար մեր վանքերը, օրինակ՝ Տաթևը, բարձրունքի վրա է։ Դրան գումարած՝ սրա գրունտը շատ պինդ է։ Եթե օրինակ, ամայի տեղում սարքեին, կարող էր նստվածք տալ, բայց այստեղ ժայռոտ է։ Դրա համար այսպիսի տեղեր են սարքում»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930