Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը հետպատերազմյան 2021-ում կտրուկ նվազեցրել է իր սոցցանցային ակտիվությունն ու շփումները ԶԼՄ-ների հետ». Փաստերի ստուգման հարթակ

Նոյեմբեր 23,2021 17:58

Նոյեմբերի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ նոյեմբերի 23-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում կպատասխանի զանգվածային լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների հարցերին:

Տևական դադարից հետո սա այս ձևաչափով Փաշինյանի առաջին շփումն է լրատվամիջոցների հետ: Մինչդեռ, նա նախկինում տարբեր առիթներով պարբերաբար խոսում էր բաց և թափանցիկ կառավարման, հանրության հանդեպ հաշվետվողականության մասին՝ համարելով դրանք իր ու իր քաղաքական թիմի կարևորագույն սկզբունքները:

Մասնավորապես, 2019 թվականի մարտի 19-ին կայացած ասուլիսի ժամանակ Փաշինյանն ասել էր. «․․․Այս ասուլիսների ձևաչափի կարևորագույն նպատակն է, որպեսզի ես անձամբ, կառավարությունը, մենք բոլորս, իմ ընտանիքը լինենք 100 տոկոս թափանցիկ և հաշվետու մեր հանրության առաջ»:

«Փաստերի ստուգման հարթակը»՝ նախքան Նիկոլ Փաշինյանի ասուլիսը, որոշեց ամփոփել  նրա վարչապետության երեքուկես տարիների ընթացքում ԶԼՄ-ների ու սոցիալական մեդիայի միջոցով տարբեր ձևաչափերում հանրության հետ շփումների դինամիկան: Դիտարկվել ու ամփոփվել են 2018-ից ի վեր վարչապետի ֆեյսբուքյան ուղիղ եթերները, ասուլիսներն ու ճեպազրույցները, հարցազրույցները միջազգային ու տեղական մամուլի հետ:

Ֆեյսբուքյան ուղիղ եթերներ

2018-ի մայիսին վարչապետ դառնալուց ի վեր Նիկոլ Փաշինյանը, որպես հանրության հետ ուղիղ հաղորդակցության գործիք, կիրառել է ֆեյսբուքյան ուղիղ եթերները: Այդ ուղիղ եթերների ընթացքում վարչապետն անդրադարձել է հանրային հնչեղություն ունեցող տարբեր հարցերի, ներկայացրել կառավարության դիրքորոշումը, քաղաքականությունը տարբեր խնդիրների, ոլորտների վերաբերյալ:

Ի տարբերություն իր կառավարման առաջին երեք տարիների՝ 2021-ին Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերիների ակտիվությունը կտրուկ նվազել է․ անցնող տարում նա ընդամենը երկու ուղիղ եթեր է ունեցել: Մենք դիտարկել ենք նաև ֆեյսբուքյան այն ուղիղ եթերները, որոնց միջոցով Փաշինյանը հանրությանը ծանուցումներ է տվել, օրինակ՝ իր մարզային ու արտասահմանյան այցերի, հանրահավաքների, երթերի և այլնի վերաբերյալ:

Ֆեյսբուքյան ուղիղ եթերները 2018-2021-ին

Հարցազրույցներ

Ի տարբերություն նախորդ տարիների՝ կտրուկ նվազել է նաև Փաշինյանի հարցազրույցների թիվը տեղական կամ միջազգային մամուլի ներկայացուցիչների  հետ: Փաշինյանն իր կառավարման առաջին տարում՝ 2018-ին, 9 անգամ է հարցազրույց տվել, 2019-ին՝ 17, 2020-ին՝ 34, իսկ ահա 2021-ին՝ ընդամենը 5: Նշենք նաև, որ իր վարչապետության երեքուկես տարիներին Փաշինյանն ավելի քան 50 անգամ հարցազրույց է տվել միջազգային ԶԼՄ-ներին և միայն 13 անգամ՝ տեղական մամուլին: Հատկանշական է, որ այդ 13 հարցազրույցներից գրեթե կեսը՝ 6-ը, Փաշինյանը տվել է Հանրային հեռուստաընկերությանը, 2-ը՝ «Ազատություն» ռադիոկայանին, 1-ական՝ Հանրային ռադիոյին, «Զինուժ» հեռուստածրագրին, «Շանթ» հ/ը-ն, «Սիվիլնեթին», «Առաջին լրատվականին»: Ակնհայտ է, որ ընդդիմադիր ընկալում ունեցող որևէ լրատվամիջոցի Փաշինյանն իր պաշտոնավարման ընթացքում երբևէ հարցազրույց չի տվել:

Հարցազրույցների թիվը 2018-2021-ին
Միջազգային մամուլ (80%) Տեղական մամուլ (20%)

Ենթադրաբար, տեղական ու միջազգային ԶԼՄ-ների հետ շփումների այսպիսի պատկերը մասամբ պայմանավորված է 2020 թվականի 44-օրյա պատերազմով, երբ միջազգային մամուլը մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում Արցախում ռազմական գործողությունների ու դրանցով պայմանավորված՝ տարածաշրջանային գործընթացների մասով Հայաստանի ղեկավարության դիրքորոշման նկատմամբ: Միայն պատերազմի օրերին վարչապետը 26 հարցազրույց է տվել միջազգային տարբեր լրատվամիջոցների:

Ասուլիսներ և ճեպազրույցներ

Վարչապետն իր պաշտոնավարման ընթացքում ունեցել է 6 մեծ ասուլիս, որոնք անցկացվել են ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի տարբեր քաղաքներում՝ Վանաձորում, Կապանում:

2021-ի նոյեմբերի 23-ի դրությամբ ընթացիկ տարում Փաշինյանն ասուլիսներ և ճեպազրույցներ չի ունեցել: Մինչդեռ, օրինակ, 2020-ին վարչապետը 23 ճեպազրույց է ունեցել, որոնք մեծամասամբ վերաբերել են COVID-19-ով պայմանավորված իրավիճակին։ 2019-ին Փաշինյանն ունեցել է՝ 8, 2018-ին՝ 10 ճեպազրույց:

Ասուլիսներն ու ճեպազրույցները 2018-2021-ին

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ հանրության առջև «թափանցիկ, հաշվետու ու բաց» կառավարման խոստումներով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը հետպատերազմյան 2021-ում կտրուկ նվազեցրել է իր սոցցանցային ակտիվությունն ու շփումները ԶԼՄ-ների հետ:

Նանե ՄԱՆԱՍՅԱՆ

Փաստերի ստուգման հարթակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930