Լրահոս
Օրվա լրահոսը

Համայնքները քաղաքական կախվածության մեջ կարող են հայտնվել. Աբրահամ Արտաշեսյան

Նոյեմբեր 23,2021 17:28

«Համայնքների ֆինանսիստների միավորման» նախագահի տեղակալ Աբրահամ Արտաշեսյանն այսօր համայնքների քաղաքական կախվածության խնդիրներ է տեսնում՝ պայմանավորված ընտրակարգի փոփոխությամբ: Թե որքա՞ն ճկուն կգտնվեն կուսակցությունները՝ տեղական եւ պետական մակարդակներում իրենց քաղաքականության մշակման եւ դրանց մեկտեղման հարցում, ըստ փորձագետի, դեռ բարդ է միանշանակ գնահատել:

Այս մասին նա ասաց այսօր՝ «Մեդիա կենտրոնում» «ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի կատարման ընթացքի գնահատում և վերլուծում» թեմայով քննարկման ժամանակ:

Դիտարկմանը, որ այս փոփոխության հիմնական նպատակը, ինչպես ներկայացվում էր հիմնավորումներում, միտված էր տեղական ինքնակառավարման մարմիններում մակարդակը եւ պատասխանատվությունը բարձրացնելուն, ուստի այս փոփոխությունը դրական անդրադարձ էր ենթադրում, փորձագետը համաձայնեց՝ նպատակը դա էր, մեծամասնական ընտրական համակարգում ունենում էինք համայնքի ուժեղ ղեկավար, իսկ ավագանու ինստիտուտը իբրեւ հակակշռող չէր կայանում, մեծամասամբ կողմ էին լինում որեւէ առաջարկի:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համայնքային տեղեկատվական հոսքերի կառավարման բաժնի պետ Գարեգին Մանուկյանը կիսում է փորձագետի մտահոգությունները՝ հատկապես վերջին ՏԻՄ ընտրությունների փորձով, բայց նաեւ դրական միտումներ է տեսնում, օրինակ` ձևավորված դաշինքների մասով, որտեղ հավաքվում են երիտասարդներ, որոնք համայնքի զարգացման տեսլական ունեն: Իր համար առողջացման գործընթացն ակնհայտ է եւ համոզված է, որ գալիք ընտրություններում, հնարավոր դրական արդյունքները կապահովվեն:

2020 թվականի սեպտեմբերի 25-ին խորհրդարանի կողմից հաստատվեց վարչատարածքային բարեփոխումների փաթեթը, որը Գարեգին Մանուկյանի գնահատմամբ, առանցքային դեր ունի ՀՀ համայնքների խոշորացման գործընթացում: Նախկին 502 համայնքների փոխարեն այժմ ունենք 79 համայնք՝ ներառյալ Երեւանը:

«ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի» 73 կետով են սահմանված այս ոլորտում Հայաստանի անելիքները: «Պետք է ձեռնարկվեն քայլեր, որոնց շնորհիվ կընդլայնվեն ՏԻՄ-երի վարչական կարողությունները, այսինքն՝ ինքնուրույն ֆինանսական կառավարում, գույքի կառավարում եւ այն ամենն, ինչ կապված է վարչարարության հետ: Այդ կարողությունները կծառայեցվեն համայնքի զարգացմանը»,- պարզաբանեց Գարեգին Մանուկյանը: Համաձայնագրի՝ 2020-21 թվականի ճանապարհային քարտեզում վարչատարածքային բարեփոխումներ են նախատեսվում, որը սահմանում է գյուղական համայնքներում էլեկտրոնային կառավարման ներդրում:

«Համայնքների ֆինանսիստների միավորման» նախագահի տեղակալ Աբրահամ Արտաշեսյանն իր խոսքում, տեղական ինքնակառավարման մարմինների անկախությունն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում, մանավանդ, որ օրենսդրական հիմքերն առկա է: Խնդիրն այն է, որ պետական եւ տեղական համակարգերում շահերի որոշակի բախում է առաջանում երբեմն, եւ կենտրոնական իշխանությունը, որոշումների կայացման առումով, լծակներ է կիրառում: Նման խնդիրները ազգային մակարդակի են՝ բնապահպանական, առողջապահական, հանրային ռեսուրսների հետ կապված եւ այլն: Համայնքների ֆինանսական ապակենտրոնացման մակարդակը 8 տոկոս է կազմում. փորձագետը սա է խնդրահարույց համարում, որովհետեւ դա ինքնակառավարման լիարժեք հնարավորություններ չի կարող ապահովել:

Աբրահամ Արտաշեսյանն անդրադարձավ նաեւ համայնքի ղեկավարների աշխատավարձերին. խոշորացված ամենամեծ համայնքներում, համայնքի ղեկավարի աշխատավարձը 300-350 հազար դրամից ավել չի կազմում, դրանից բխող՝ բաժնի պետ, առաջատար մասնագետ եւ համանման այլ հաստիքներում աշխատավարձը պետք է սահմանվի 200 հազար դրամ: Փորձագետի գնահատմամբ, պրոֆեսիոնալ ինքնակառավարում ունենալու մասով խնդիր է առաջանում, քանի որ նման աշխատավարձերի պարագայում մասնագիտական ռեսուրսի հարցն է առաջ գալիս, առավել եւս, որ այսօր անցում է կատարվում ծրագրային բյուջետավորման, ինչը ենթադրում է համայնքի հնգամյա զարգացման ծրագրային տարբերակ ունենալ, իսկ նման ֆինանսավորման պարագայում՝ լավագույն մասնագետները դժվար թե ցանկանան համայնքային ծառայողներ դառնալ:

Գարեգին Մանուկյանի դիտարկմամբ՝ աշխատավարձերի խնդիրը ոչ միայն համայնքային, այլ պետական կառավարման համակարգում կա եւ վարչատարածքային բարեփոխումների փաթեթը նաեւ այդ հարցը լուծելուն է մկրտված: Փաթեթում ներառված փոփոխություններն, ըստ նրա, կլուծեն նաեւ ապակենտրոնացման հետ առկա խնդիրները:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930