Եվրոպայի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Դունյա Միյատովիչը նամակ է հղել Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մտահոգություն հայտնելով եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման հարցում:
«Կցանկանայի հիշեցնել Հայաստանի իշխանությունների պարտավորությունները՝ ապահովելու անվտանգ միջավայր մարդու իրավունքների պաշտպանների աշխատանքի համար, որպեսզի անհատները, խմբերը և միություններն ազատ իրականացնեն իրենց գործունեությունը, ինչպես նաև խթանելու և պաշտպանելու մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները՝ առանց որևէ սահմանափակումների»,- ասվում է հանձնակատարի նամակում:
Նա նշել է, որ դա, մասնավորապես, ենթադրում է խոսքի ազատության պաշտպանություն՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի, երբ որ մարդու իրավունքների վերաբերյալ մտահոգություններ են բարձրաձայնվում: «Սա հատկապես կարևոր է, երբ որ այդ օրինական խոսքը վերաբերում է փոքրամասնություններին և նպատակ ունի պաշտպանել և առաջ քաշել նրանց իրավունքները»,- ասվում է նամակում:
Կարդացեք նաև
Հանձնակատարը գլխավոր դատախազից խնդրել է տեղեկություն տրամադրել Սուլթանյանի դատական գործի վերաբերյալ և հստակեցնել նրա դեմ առաջ քաշված մեղադրանքների և նրա իրավապաշտպան գործունեության միջև եղած կապը՝ հաշվի առնելով միջազգային և տեղի մարդու իրավունքների պաշտպանների բարձրացրած մտահոգությունները:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ