Լրահոս
Օրվա լրահոսը

«Չզարմանաք, որ գա մի օր, երբ Ադրբեջանը Արցախի կարգավիճակի օրակարգով հանրաքվե անցկացնելու կոչ անի». Թեւան Պողոսյան

Նոյեմբեր 23,2021 16:56

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թեւան Պողոսյանը «Հենարան» ակումբում շոշափեց նաեւ Արցախի Հանրապետությունը պահպանելու անհրաժեշտության խնդիրը: «Ունե՞նք պատկերացում Արցախի Հանրապետության պահպանության, ապագայում Արցախի եւ Հայաստանի անվտանգության հնարավորություններն ընդլայնելու խնդիր: Այս ուղղությամբ ի՞նչ ենք անում: Ադրբեջանը շատ պարզ քաղաքականություն է վարում: Բոլոր օկուպացված տարածքները, հատկապես, Հադրութ եւ Շուշի, մի քանի տարում փորձելու է բնակեցնել ադրբեջանցիներով եւ այդ ընթացքում արցախահայության վրա ճնշումներ է գործադրելու, որ հայերն իրենց բնակավայրը լքեն, իսկ իրենք ավելանան: Հետո չզարմանաք, որ, օրինակ, 2030 թվականին Ադրբեջանն աշխարհին կոչ անի, թե ժամանակին իրավունք, հանրաքվե էիք ասում, կարգավիճակի խնդիր դնում: Եկեք հիմա կարգավիճակի հանրաքվեի հարց դնենք: Ես պատրաստ եմ:

Իսկ երբ ասում ենք կարգավիճակ, շատերը մտածում են, թե մեր օգտին բան ասացին: Ոչ, ժողովուրդ ջան, դա այդպես չէ: Մշակութային ինքնավարությունն էլ է կարգավիճակ, ԼՂԻՄ-ն էլ էր կարգավիճակ: Մենք ինչի՞ն ենք պատրաստ լինելու: Արցախի անկախությա՞նը, ոչ Ադրբեջանի կազմում: Դե ուրեմն եկեք հրաժարվենք կարգավիճակ ասելուց, որպեսզի աշխարհն էլ հասկանա, որ 10 միլիոն հայերից յուրաքանչյուրը խոսում է Արցախի անկախությունից:

Բաներ կան, որ պետք է կարողանանք անել: Այսքան խոսելու փոխարեն, լավ կլիներ, որ մեծամասնությունը նախաձեռներ եւ ամեն ինչով օգներ Արցախի ԱԺ-ին «Ադրբեջանական օկուպացիայի մասին» օրենք ընդունել, այստեղ էլ նախաձեռնեին Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը: Օ՞ր են ուզում, սիմվոլիզմների կողմնակի՞ց են: Դեկտեմբերի 10-ը բոլորիս առջեւ է: Կոչ եմ անում դեկտեմբերի 10-ին, այդ օրը լրանում է Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեի 30-ամյակը, բոլորը լինեն Արցախում: Հատկապես, որ դեկտեմբերի 10-ը նաեւ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է:

Դե, եկեք այդ օրը բոլորս, նախկին ու ներկա բոլոր արտգործնախարարները, ԱԺ նախկին ու ներկա բոլոր պատգամավորները, կառավարության բոլոր նախկին ու ներկա աշխատողները, մենք բոլորս, գնանք Արցախ ու միասնական կոչով այնտեղից դիմենք աշխարհին: Շատ հետաքրքիր օր կստացվի, եւ աշխարհը կզգա, որ հայությունը Արցախից չի կտրվել եւ Արցախին պաշտպանելու է ամբողջ հայությունը: Միայն չասեք՝ գնալ չենք կարող: Նույնիսկ եթե չեք մասնակցելու, այսօրվա տեխնոլոգիաները թույլատրում են հեռավար ներկա լինել եւ մասնակցել վիրտուալ աշխարհից: Այլ պարագայում կրկին ունենալու ենք բաց թողած հնարավորություն եւ բացասական զարգացումներ»,-հայտարարեց Թեւան Պողոսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930