Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ջրային ռեսուրսների փոփոխությունների գնահատում, անտառային հրդեհների բռնկման կանխատեսում. ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը Երկրի հեռազննման տվյալների և վեբ-ԱՏՀ գործիքների կիրառության նոր մոդելներ է մշակում

Նոյեմբեր 23,2021 17:06

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գեոինֆորմատիկայի լաբորատորիան մշակում է Երկրի հեռազննման տվյալների և  վեբ-ԱՏՀ (աշխարհագրական տեղեկատվական համակարգեր) գործիքների՝ մի շարք ոլորտներում կիրառության նոր մոդելներ:

Երկրի հեռազննման տվյալների և  վեբ-ԱՏՀ գործիքների հիման վրա մշակվել է մակերևութային ջրային ռեսուրսների որակական և քանակական փոփոխությունների գնահատման մոդել, ջրհավաք ավազանում ձյան շերտի և ջրային օբյեկտների լցվածության միջև կապի ուսումնասիրության մոդել, կազմվել է անտառային հրդեհների վտանգի գնահատման և բռնկման կանխատեսման համակարգի հայեցակարգային առաջարկ:

«Վերջին տարիներին լաբորատորիայի հետազոտական հիմնական ուղղությունն է Երկրի հեռազննման տվյալների և վեբ-ԱՏՀ գործիքների կիրառությունները ջրային ռեսուրսների քանակական ու որակական ցուցանիշների և դրանց փոփոխությունների գնահատման, բնական աղետների վտանգի և ռիսկի գնահատման և քարտեզագրման, կլիմայական փոփոխությունների վերլուծության համար։ Մշակվել են տարբեր հայեցակարգային բազմագործոն մոդելներ, որոնք թույլ են տալիս գնահատել ջրհավաք ավազանում ձյան շերտի բարձրության և ջրային օբյեկտների լցվածության միջև կապերը, հաշվարկել գետի կամայական կտրվածքում առավելագույն, նվազագույն և միջին հոսքի ծավալը, գնահատել և կանխատեսել սողանքների ակտիվացման, քարաթափումների, անտառային հրդեհների բռնկման և հեղեղումների վտանգները։ Բազմագործոն ասելով հասկանում ենք, որ դիտարկվում են բնական երևույթը կամ պրոցեսը ձևավորող և դրա վրա ազդող տարատեսակ պարամետրեր՝  ռելիեֆ, երկրաբանություն, կլիմայական պարամետրեր, մակերևութային և ստորերկրյա ջրեր, հողատեսքեր և հողօգտագործում, մարդածին ազդեցություններ և այլն։ Այսպիսի բազմագործոն վերլուծությունները հնարավոր են դառնում արբանյակային պատկերների,  հիդրոօդերևութաբանական վերգետնյա մոնիթորինգի, դաշտային ուսումնասիրությունների տվյալների միջև կապերի հաստատմամբ և ԱՏՀ վերլուծական մոդելների նախագծմամբ ու կիրառմամբ», – բացատրում է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գեոինֆորմատիկայի լաբորատորիայի տնօրեն Ալեքսանդր Առաքելյանը։

Գեոինֆորմատիկայի լաբորատորիայում՝ Գերմանիայի Հելմհոլցի բնապահպանական հետազոտությունների կենտրոնի ու Դարմշտադտի տեխնիկական համալսարանի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ/USAID ASPIRED) ծրագրի հետ համագործակցությամբ, կատարվել է նաև Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի ձևավորման հասակի և ծագման վերլուծություն։ Նոր հետազոտական մեթոդներով ստացված տվյալները վկայում են, որ Արարատյան ավազանի ստորերկրյա ջրերը ունեն խոցելիության բարձր մակարդակ մարդածին ազդեցությունների և կլիմայական փոփոխությունների նկատմամբ։ «Կիսաանապատային պայմաններում արտեզյան ավազանի ջրերի տարիներ շարունակ անխնա գերօգտագործումը, հատկապես ձկնաբուծական նպատակներով, հանգեցրել է ավազանում անշրջելի փոփոխությունների, ինչի արդյունքում բարձրարժեք ստորերկրյա ջրային պաշարների քանակական և որակական ցուցանիշների բարելավման համար կպահանջվեն տասնամյակներ։ Արարատյան ավազանի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումների ձեռնարկումն ունի կենսական նշանակություն ամբողջ հանրապետության ջրային անվտանգության տեսակետից», – նշում է Ալեքսանդր Առաքելյանը։

Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գեոինֆորմատիկայի լաբորատորիայի աշխատակիցների՝ ջրային ռեսուրսների կառավարման, աղետների ռիսկի գնահատման և վաղ ազդարարման համակարգերի մշակման ուղղություններով տարբեր տարիներին կատարված աշխատանքների արդյունքները ներդրվել են կիրառության ՀՀ շրջակա միջավայրի և արտակարգ իրավիճակների նախարարություններում։

Նշված գիտական արդյունքները ստացվել են ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի բազային ֆինանսավորման ծրագրի շրջանակներում և ՄԱԶԾ-ի, Համաշխարհային բանկի, Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության, Ճապոնական միջազգային համագործակցության գործակալության, Եվրամիության և այլ դոնորների կողմից:

Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի ձևավորման հասակի և ծագման վերլուծությանը նվիրված հոդվածն այս տարի հրատարակվել է Գեոինֆորմատիկայի լաբորատորիայի, ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ (USAID ASPIRED) ծրագրի և Հելմհոլցի բնապահպանական հետազոտությունների կենտրոնի ու Դարմշտադտի տեխնիկական համալսարանի հետ համագործակցության արդյունքում միջազգային «Hydrogeology Journal» ամսագրում (ազդեցության գործակից/Impact factor = 3.178): Աղետների ռիսկի գնահատման և քարտեզագրման ուղղությամբ մշակումները և ձեռքբերումները ներկայացվել են «Natural Hazards» պարբերականում (ազդեցության գործակից/Impact factor = 2.254)  լույս տեսած «Toward a disaster risk assessment and mapping in the virtual geographic environment of Armenia» հոդվածում։

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930