«Դասը տապալելու կոչ չեմ անում։ Եկել եմ իրազեկելու մի փաստաթղթի մասին, որի ստորագրման պայմաններում ազգային կարեւորագույն հիմնախնդիր ենք տապալելու՝ Արցախի կարգավիճակի հարցը»,-Երեւանի բուհական հաստատությունների դիմաց իրազեկման գործողությունների ընթացքում այսօր հայտարարեց ազատագրական շարժման մասնակից, «5165 շարժման» հիմնադիր-անդամ Մենուա Սողոմոնյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ից ազգային-ազատագրական շարժումը քաղաքացիներին համախմբման կոչ է անում՝ Երեւանից սկսելով բողոքի երթեր։ Մասնակիցներն իշխանությունից պահանջում են կանխել սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը, թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն, լիարժեք զինել առաջնագիծը եւ պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը:
Մենուա Սողոմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում շեշտեց․ «Չենք փորձելու բուհական շենք մտնել, ինչպես ժամանակին արվում էր։ Դրա նպատակը բախում հրահրելն էր։ Մենք նման բաներ չենք անելու։ Ժամանակին ուսանողներին ասում էին, թե դասերը կարեւոր չեն։ Մենք նման բան չենք ասելու։ Ուսանողներն ամեն ինչ շատ լավ տեսնում եւ հասկանում են։ Կոչ ենք անում գալ հրապարակ եւ լինել մեր կողքին։ Մեր պահանջն է, որ վարչապետը բացահայտի այն փաստաթղթի բովանդակությունը, որը պատրաստվում է ստորագրել։ Ի դեպ, մենք անտեսելու ենք նրա այսօրվա «լայվը», որը լի է լինելու մանիպուլյացիաներով։ Դա նրա կառավարման կարեւորագույն գործիքն է»։
Հավելենք, որ այսօր 17:00-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք կլինի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այսօր «ֆեյսբուքյան» մամուլի ասուլիսով է հանդես գալու։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ Մենուա Սողոմոնյանի ֆեյսբուքյան էջից