Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքում ռազմավարական բարձունքները գրավելով՝ Ադրբեջանը ձախողում է Պարսից ծոցը Սեւ ծովին կապող ճանապարհը, որը պետք է անցնի ՀՀ-ով. Խոսրով Հարությունյան

Նոյեմբեր 23,2021 16:21

Խոսրով Հարությունյանը, որը նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի պաշտոնը, այսօր «Հայելի» ակումբում ներկայացրեց ճանապարհների ապաշրջափակման իր նախընտրելի տարբերակը, որը կհավասարակշռի Ադրբեջանի եւ Հայաստանի շահերը միաժամանակ: Նա դեմ է Նախիջեւանով անցնող երկաթգծի վերագործարկմանը, քանի որ գտնում է, որ այն Հայաստանին տնտեսապես ոչինչ չի տալու, հակառակը՝ Հայաստանի տնտեսության համար առաջացնելու է ռիսկեր:

Խոսրով Հարությունյանի խոսքով, եթե, իրականում խոսում ենք ճանապարհների ապաշրջափակման մասին, պետք է դիտարկել Գյանջա-Ղազախ-Իջեւան-Դիլիջան-Հրազդան-Երեւան երկաթգիծը, որը կարող է հավասարակշռել երկու պետությունների տնտեսական շահերը, հետաքրքրություններն ու ռիսկերը. «Ի դեպ, այն այսօր գործում է, եւ այդ երկաթգծով մենք հատուկ բեռներ ենք հասցնում մինչեւ Դիլիջան: Եթե Ռուսաստանը մտածում է իր բեռները հասցնի Թուրքիա՝ շրջանցելով Վրաստանը, խնդրե՛մ, սա լավագույն հնարավորությունն է»:

Խոսրով Հարությունյանը խոսելով մեկ այլ ճանապարհի մասին, որը հնարավոր է անցնի Հայաստանով՝ Պարսից ծոցը կապելով Սեւ ծովին, ասաց. «Հիմա նոր օրակարգ է ձեւավորվել՝ Պարսից ծոցը Սեւ ծովին միացնող Հայաստանով ճանապարհը, որով շահագրգռված է ե՛ւ Իրանը ե՛ւ Վրաստանը ե՛ւ մենք ե՛ւ Եվրոպան ե՛ւ Միացյալ Նահանգները ե՛ւ ամենակարեւորը՝ Հնդկաստանը: Բայց կարեւորն այն է, երբ Ադրբեջանը նոր բարձունքներ է վերցնում, ռազմավարական նոր հենակետեր է վերցնում, որով սպառնում է մեր ամբողջ Սյունիքի տարածքին, ըստ էության, նա ձախողում է այդ ամբողջ ծրագիրը, որովհետեւ ո՛չ Ադրբեջանը ո՛չ Թուրքիան չեն կարող համաձայնել, որ Պարսից ծոցը Սեւ ծովի հետ կապող ճանապարհն անցնի Հայաստանով»:

Նրա համոզմամբ, իշխանություններն իրենց անգործությամբ հանգեցրել են նրան, որ վաղը չէ մյուս օրը Հնդկաստանը կարող է հետ կանգնել այդ ճանապարհից, քանի որ այն դառնում է շատ ռիսկային ծրագիր. «Մինչդեռ, սա մեզ համար աշխարհաքաղաքական նոր դերակատարում ստանձնելու, հետագայում դինամիկ զարգանալու ուղղակի իդեալական հնարավորություն է: Հետեւաբար հարց եմ տալիս, ինչո՞ւ ենք զիջում»:

Խոսրով Հարությունյանի խոսքով, արցախյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանն իր ռազմական բյուջեն 50 տոկոսով ավելացրել է, մենք՝ ավելացրել ենք ոստիկանության բյուջեն. «Հաղթած պետությունը ավելացրեց իր ռազմական բյուջեն, մենք մեր ռազմական կարողություններն ամրակայելու փոխարեն, ավելացրինք ոստիկանության բյուջեն: Այսինքն՝ խնդիր դրեցինք ոչ թե սահմաններն ամրապնդել, դիմագրավելու կարողությունները, բանակի հնարավորությունները մեծացնել, այլ՝ ոստիկանության ուժերը համալրելու ճանապարհով սեփական իշխանությունը պահպանել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930