Լրահոս
Օրվա լրահոսը

«Թշնամին հասկանում է միայն ուժի լեզուն եւ մեր հանրային վարքագիծը միշտ պետք է այդպիսին լինի». Թեւան Պողոսյան

Նոյեմբեր 23,2021 16:10

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» տնօրեն Թեւան Պողոսյաննն այսօր «Հենարան» ակումբի հյուրն էր:

«Հայկական-ադրբեջանական սահմանային լարվածությունը նորություն չէ եւ դրա օջախները եղել են 80-ական թվականներից: Մենք պետք է գիտակցենք, որ նույնիսկ սովետական ժամանակ ամեն ինչ պարզ ու հանգիստ չի եղել, եթե չասենք` մեկ դար առաջ: 80-ականներից այն տարածքներում՝ Սումգայիթում Գյանջայում, Բաքվում, որտեղ բնակվում էին հայերը, նույն լարվածությո՞ւնը չի եղել: Ի՞նչ տարբերություն Ադրբեջանի այն ժամանակվա եւ ներկայիս քաղաքականության մեջ: Նա որտեղ հայի վրա հարձակվելու հնարավորություն պատկերացնում է՝ հարձակվում է: Քանի դեռ չգիտակցենք, թե մեր թշնամին ով է, այս լարվածությունը անընդհատ լինելու է, ու զարմանք ենք ունենալու, թե ինչի այսպես ստացվեց: Պատասխանը պարզ է. Ադրբեջանը ուզում է ոչնչացնել հայությանը, Հայաստանը, ցանկացած պետական միավոր:

Ցավոք, մենք չեկանք այն գիտակցության, որ մեր թշնամին հասկանում է միայն ուժի լեզուն եւ որ մեր հանրային վարքագիծը միշտ պետք է այդպիսին լինի: Ադրբեջանը բացահայտ ասել է չէ՞. Սյունիքը պետք է տաք, եւ եթե չտաք խաղաղ ճանապարհով, ուժով կվերցնեմ: Ու հիմա իր համար ձեւավորում է այն դիրքերը, որտեղից մի օր իր վերջնական քայլերն անելու է: Մենք պետք է գիտակցենք ու պատրաստ լինենք դա թույլ չտալու»,-ասաց Թեւան Պողոսյանը:

Բանախոսի համոզմամբ, դրա համար առաջին հերթին պետք է փոխվի պարտված գլխավոր բանախոսը, ու լավ կլինի, եթե այդ գիտակցությունն ունենա հենց գլխավոր բանախոսը: Հակառակ դեպքում նորանոր պարտությունների շարք է լինելու:

Այս համատեքստում՝ Թեւան Պողոսյանն ասաց, թե միայն կողջունի ՀՀ ցանկացած քաղաքացու, որը պատրաստ է իր սեփական իրավունքներից օգտվել եւ իր բողոքի ձայնը բարձրացնել օրինականության շրջանակներում:

Նա խոսեց երեկ մեկնարկած ազատագրական շարժման մասին: «Ի՞նչ տեսանք երեկ: Լինելու են բողոքի խաղաղ պայքար, ցույցեր՝ հստակ պահանջներով: Ինչպե՞ս կարելի է դա բացասական դիտարկել: Վստահ եմ, որ նույնիսկ այն մարդիկ, ովքեր դեռ տներում են նստած, հոգու խորքում ուզում են հասկանալ, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել, ինչ բովանդակություն ունի: Այն մարդկանց, որոնք խիզախել են դուրս գալ փողոց, գնալ իրենց իրավունքների հետեւից եւ մտահոգությունները բարձրաձայնել, ինչպե՞ս կարելի է չողջունել, նրանց պայքարին հարգանքով չվերաբերվել ու չնպաստել»,-ասաց Թեւան Պողոսյանը եւ հանրությանը հորդորեց դուրս գալ ու միանալ նրանց: Առավել եւս, որ ազատագրական պայքարի կազմակերպիչները համեմատաբար նոր դեմքեր են քաղաքական դաշտում եւ որ հայտարարվել է, թե սա վերկուսակցական պայքար է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930