«Մենք ապրում ենք ծուռ հայելիների թագավորությունում, եւ ծուռ հայելիներ դնողները փորձում են ներկայացնել, թե հենց դա է իրականությունը: Ողբերգությունն այն է, որ այն մարդիկ, որոնք սահմաններին խուճապի, խառնաշփոթի վախեցած զինվորի կերպարի հեղինակներն են, հիմա մեղադրում են Դաշնակցությանը եւ ընդդիմությանը, որ դուք եք մեղավոր այս խառնաշփոթի համար, եւ փոխանակ սահմանին առաջնահերթ ուշադրություն դարձնենք, եկել ու մեզ խորհրդարանում մեղադրում եք ինչ-որ բաներում»,- «Հայելի» ակումբում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Բագրատ Եսայանը:
«Իրենք ստեղծել են այս վիճակը, թուրքին բերել հասցրել են Հայաստանի սահմանին, բարձունքները տվել են, թուրքը մտել է Հայաստան, եւ այդ ամենի պատճառը իրենք են, բայց մեղադրում են ուրիշներին, որ սահմանին այս վիճակն է… Եվ սահմանին այս վիճակը լինելու է, մենք զոհեր ենք ունենալու, քանի դեռ դուք իշխանության եք, ձեր իշխանությունն է ծնում սահմանին այս իրավիճակը, ձեր իշխանության գոյությամբ է պայմանավորված թուրքի լկտիությունը, ախորժակի այս աստիճան մեծանալը:
Քանի դեռ դուք իշխանության եք, որեւէ բան սահմանին կազմակերպել հնարավոր չի լինելու: Եվ այն վայնասունը, որ դնում են՝ թե բա գնացեք սահման, ու սա ասում են Դաշնակցությանը, որ հազարներով մասնակցել է պատերազմին, որ պատերազմի առաջին իսկ օրը, մեկ-երկու ժամ հետո հայտարարեց, թե քաղաքական որեւէ հակադրություն դադարեցնում է»,-ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամը:
«Նույն ձեւով այս մեկօրյա պատերազմի ժամանակ մեր կամավորների միությունը հայտարարություն տարածեց, որ պատրաստ ենք ամեն վայրկյան, բայց Պաշտպանության նախարարությունից ասացին, թե կարիք չկա: Ասում են՝ կարիք չկա, որ սահմանին կանգնեք, հանկարծ ոչ մի բան չասեք, որ պատերազմ է…Հիմար վիճակ են ստեղծել, եւ այս քարոզչությունն աշխատում է ժողովրդի վրա…Պարզ, որեւէ բանից անտեղյակ ժողովրդի մասին է խոսքը, ես չեմ խոսում իրենց զոմբիների մասին, որ ինչ էլ ասես՝ հիմար թեզեր են հրապարակ բերելու… Պարզ ժողովուրդը մտածում է, եթե սահմանին պատերազմ է, որեւէ մեկը հանկարծ չխոսի իշխանության դեմ: Բայց ժողովուրդ ջան, այս պատերազմը սահմանին այս իշխանության պատճառով է…Մինչեւ այս իշխանությունը չգնա, պատերազմի վտանգը սահմանին չի վերանալու»,-ընդգծեց Բագրատ Եսայանը:
Կարդացեք նաև
Նա շեշտում է. «Զինվորը գնացել է սահման, բայց ունի չկրակելու հրաման, կամավորն ուզում է գնալ սահման, ասում են՝ կարիք չկա, սյունեցին ուզում է աշխարհազոր ստեղծել, ասում են զենք չենք տալիս, լավ ի՞նչ անենք ձեզ հետ…»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ