Երեւանի բարձրագույն ուսումնական հաստատությունների դիմաց ընթացող այսօրվա իրազեկման գործողություններին միացան նաեւ ուսանողներ։ Նրանցից մեկը, վերցնելով խոսափողը, դիմեց մյուս ուսանողներին․ «Գիտակցենք, որ այս պահին պետք է համախմբվել։ Ծանրագույն իրավիճակ է։ Կամ մենք նոր սկիզբ ենք ստեղծում հայոց պատմության համար, կամ դնում ենք դրա վերջակետը։ Խնդրում եմ, հասկացեք, որ ավելի կարեւոր բան չկա, քան այս պահն է։ Ձեր ամեն օրը սկսեք մտածելուց, թե ինչ եք անում հայրենիքի համար։ Ես սովորում եմ ԵՊՀ-ում, երրորդ կուրսում։ Համակուրսեցիներիս կոչ եմ անում միավորվել, գալ հրապարակ ու թույլ չտալ, որ ավարտվի հայոց պատմությունը»։
Շարժման մասնակից, փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հատկապես կանանց եւ աղջիկներին կոչ արեց միանալ շարժմանը․ «Հայ կնոջ կերպարը միշտ առանձնահատուկ նշանակություն է ունեցել, արիություն ներշնչել ընտանիքին, տղամարդուն»։
Շարժման մասնակիցները պարբերաբար հայտարարում են, որ շարժումը վերկուսակցական է, եւ շարժմանը միացածները վայր են դնում կուսակցական դրոշները։ Երթի մասնակիցների թվում նաեւ դասախոսներ կան։
«Մենք ձեզ դասադուլի կոչ չենք անում։ Հայրենիքը պետք է մասնագետներ ունենա։ Կոչ ենք անում դասերից հետո գալ Հանրապետության հրապարակ»,-իր հերթին հայտարարեց շարժման մասնակից Նաիրի Հոխիկյանը։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ից ազգային-ազատագրական շարժումը քաղաքացիներին համախմբման կոչ է անում՝ Երեւանից սկսելով բողոքի երթեր։ Մասնակիցներն իշխանությունից պահանջում են կանխել սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը, թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն, լիարժեք զինել առաջնագիծը եւ պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը: Այսօր 17:00-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք կլինի։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ