Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հիմա Իշխանասարը տալու ժամանակն է, կռիվը դրա համար է. Խոսրով Հարությունյան

Նոյեմբեր 23,2021 15:01

«Ասում են` 41 քառակուսի կիլոմետր, ես էլ ասում եմ՝ ո՛չ, 4 հազար 100 հեկտար: Այսինքն՝ 4 հազար 100 հեկտարը մենք տվել ենք թշնամուն, սա է իրականությունը»,- այսօր անդրադառնալով նոյեմբերի 16-ին Սյունիքում տեղի ունեցած դեպքերին՝ ասաց նախկին վարչապետ, «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:

Նրա խոսքով՝ պետք է իրերն իրենց անուններով կոչել, որպեսզի հանրությունը ճիշտ գիտակցի մեր կորուստները. «Այդ 4 հազար 100 հեկտարը 4 հազար գյուղացիական տնտեսության հողակտորներ են: 4 հազար 100 ընտանիքի մենք զրկել ենք սեփականաշնորհման հնարավորությունից»,-ասաց պարոն Հարությունյանը՝ նշելով, որ սկսվել է սողացող օկուպացիայի գործընթացը. «Օրվա իշխանության գործունեության, անգործության արդյունքում ունենք լուրջ սպառնալիքներ մեր պետության, տարածքային ամբողջականության եւ մեր պետականության: Սա այն հանրագումարն է, որը մենք ունենք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո»:

Ըստ նրա, նոյեմբերի 9-ի համաձայնագրում ոչ մի կետ չկար սահմանազատման, սահմանագծման մասին. «Հետ քաշելով մեր ուժերը, նպաստեցինք այս զարգացումներին, համոզված եմ՝ գիտակցված, որովհետեւ, եթե դու այդ ռազմավարական դիրքերը զիջում ես, անշրջելի սպառնալիքներ ես ստեղծում քո իսկ պետության տարածքային ամբողջականության համար: Պետք էր լինել շատ կույր դա չգիտակցելու համար, իսկ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը շատ լավ գիտակցել է այդ սպառնալիքները, բայց թե ում հրամանով է արել…, ո՞ւմ հետ պայմանավորված»:

Խոսրով Հարությունյանի կարծիքով, եթե մեր սահմանները չզիջեինք, այս պահին չէր առաջանալու սահմանազատման խնդիր. «Ո՞ւմ է ձեռնտու սահմանազատումը, Ալիեւին ձեռնտու չէ, որովհետեւ, սահմանագծում եւ սահմանազատում, դա նշանակում է ուրվագծել մի սահմանագիծ, որը վաղը չէ, մյուս օրը, եթե դու փորձես խախտել, միջազգային հանրությունը քո վարքագիծը կդիտի որպես ագրեսորի: Թուրքիային նույնպես ձեռնտու չէ սահմանազատումը: Երբ Էրդողանն ասում է Զանգեզուրի միջանցք, նկատի ունի ողջ Սյունիքը: Նույնը մտածում է Ալիեւը: Այսինքն՝ նրան պետք են այն բարձունքները, որոնք վաղը չէ մյուս օրը ամբողջ Սյունիքը պահելու են սպառնալիքի տակ: Նա կարող է սկսել սահմանազատման գործընթացը, բայց դա կերկարացնի այնքան, որ տարիներ տեւի եւ այդ ընթացքում անընդհատ առաջ գա: Որ ասում եմ՝ սողացող օկուպացիա, այ, սա նկատի ունեմ»:

Խոսրով Հարությունյանը կարծում է, որ այսօր ունենք Սյունիքի լինել-չլինելու հետ կապված լուրջ սպառնալիք. «Մեկ տարվա ընթացքում որեւէ քայլ չի արվել՝ մեզ համար կարեւոր ռազմավարական բարձունքներն ամրապնդելու համար: Հիմա Իշխանասարը տալու ժամանակն է, կռիվը դրա համար է, որովհետեւ, եթե դու ունես Իշխանասարը Սյունիքի արեւելյան հատվածում, ունես ամբողջ Երեւան-Գորիս հատվածը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930