«Տրամաբանությունը հուշում է, որ դատարանը ՍԴ դիմելու հիմքեր չտեսավ։ Այնուամենայնիվ, մնում եմ իմ կարծիքին, որ ՍԴ դիմելու հիմքերը կային»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր դատարանի որոշման հրապարակումից հետո ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք՝ պաշտպանը երեկ առաջին ատյանի դատարանին միջնորդել էր դիմել ՍԴ․ ըստ նրա, անձի՝ պատգամավորի կարգավիճակի ձեռքբերումից հետո անձեռնմխելիության հաղթահարման մեխանիզմ չնախատեսելն օրենսդրական բաց է։
Էրիկ Ալեքսանյանը նշեց՝ այնուամենայնիվ, հարգում է դատարանի դիրքորոշումը․ «Վահե Միսակյանն այն եզակի դատավորներից է, որ որոշում կայացնելիս առաջնորդվում է իր կարծիքով՝ հաշվի չառնելով, թե մեզ կգոհացնի, թե ոչ, դուր կգա կամ ոչ։ Եթե նա կայացնում է որոշում, ապա դա իր կարծիքն է, ուստի մենք պարտավոր ենք այն հարգել։ Մեր պայքարը շարունակվում է»։
Պաշտպանը նաեւ հայտնեց՝ որոշման ամբողջական տեքստին դեռ ծանոթ չէ, ծանոթանալուց հետո կորոշի՝ բողոքարկե՞լ վերաքննիչ ատյանում, թե ոչ։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին ղեկավար, վիրաբույժ Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Նա մեղադրանքը չի ընդունում։
Էրիկ Ալեքսանյանը նաեւ ասաց, որ Արմեն Չարչյանի առողջական վիճակը նույնն է․ առողջական վիճակը կալանքի հետ համադրելի լինել-չլինելու հարցով փորձաքննությունն ընթացքի մեջ է։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ