2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերը չեն քննարկել տեղահանվածների և փախստականների` իրենց բնակության նախկին վայրեր վերադարձի հարցը։ Այդ մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։
2020 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների ստորագրած հայտարարության 7-րդ կետում նշվում է, որ «ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ»։ «Հետք»-ը արտաքին քաղաքական գերատեսչությանը խնդրել էր պարզաբանելու՝ այս կետը վերաբերում է ադրբեջանցիների՞ն, թե՞, օրինակ, Հադրութի կամ Շուշիի տեղահանված հայ բնակիչներին, որոնք ևս կարող են վերադառնալ իրենց հայրենի բնակավայրեր։ ԱԳՆ-ն, հարցմանը պատասխանելու հնգօրյա ժամկետը լրանալուց հետո, հայտնել էր, որ մեր հարցմանը կպատասխանի 30-օրյա ժամկետում։
ԱԳՆ-ն նշում է, որ եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերի միջև այս հարցի շուրջ քննարկումներ չեն եղել, սակայն հայկական կողմը միջազգային գործընկերների հետ շփումներում բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տեղահանված անձանց և փախստականների վերադարձի վերաբերյալ։ Ըստ ԱԳՆ-ի՝ հայկական կողմը նշել է, որ 2020 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ ձեռնարկված ագրեսիայի արդյունքում տեղահանվել է ավելի քան 91 հազար մարդ, որոնց 88 %-ը կանայք և երեխաներ են։ Նրանց մի մասը հետպատերազմական շրջանում վերադարձել և բնակություն է հաստատել Արցախի՝ ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում գտնվող բնակավայրերում։ «Առաջնահերթ է Արցախի 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերից տեղահանված արցախահայերի՝ իրենց բնակության նախկին վայրեր արժանապատիվ վերադարձի համար պայմանների ստեղծումը»,- նշվում է ԱԳՆ-ի գրության մեջ։
Հստակություն մտցնելու նպատակով մենք արտաքին գործերի նախարարությանը հարցրել էինք, թե «Լեռնային Ղարաբաղի տարածք» ասելով աշխարհագրական ո՞ր տեղանքը ի նկատի ունեին հայտարարությունը ստորագրած կողմերը։ Ըստ ԱԳՆ-ի՝ խոսքը նախկին ԼՂԻՄ տարածքի մասին է։
Կարդացեք նաև
ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ չի քննարկվել նաև Հայաստանից և Ադրբեջանից 1980-ական թվականների վերջին և 90-ական թվականների սկզբին տեղահանված հայերի և ադրբեջանցինների վերադարձի հարցը։ «Հայկական կողմի դիրքորոշմամբ՝ նման քննարկում հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ և վերջնական կարգավորման համատեքստում»,- նշված է պատասխանում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: