«ՀայՖեստ» փառատոնի շրջանակում իրականացնում են նաեւ ZOOM հանդիպումներ աշխարհի առաջատար ռեժիսորների հետ։ Կինոյի և թատրոնի ռուս ռեժիսոր, թատերական դիզայներ Կիրիլ Սերեբրեննիկովը (Ռուսաստան) «ՀայՖեստի» այս տարվա գլխավոր հյուրն է։
Նա 2012 թ. դարձել է Մոսկվայի Գոգոլ կենտրոնի գեղարվեստական ղեկավար, աշխատել Մոսկվայի Չեխովի, Լատվիական ազգային թատրոններում եւ այլուր, բեմադրություններ է իրականացրել Մարիինյան թատրոնում, Մոսկվայի Մեծ թատրոնում, Բեռլինի Կոմիշե օպեր և Շտուտգարտի օպերային թատրոններում: Նա բազմաթիվ մրցանակներ եւ պարգեւներ ունի, այդ թվում՝ «Ոսկե դիմակ» եւ «Նիկա»:
Հայկական լսարանի հետ հանդիպման ժամանակ Կիրիլ Սերեբրեննիկովն ասաց, որ հայրենական դրամատուրգիայի եւ գրականության վրա խարսխված դասական գործեր քիչ է բեմադրել, երբեք Գոգոլ, Դոստոեւսկի կամ օրինակ Տոլստոյ չի բեմադրել, բայց կարծում է, որ դեռ ամեն ինչ առջեւում է: «Ամենահամով բաները պահել եմ հետոյի համար»,-«արդարանում» է ռեժիսորը: «Սալտիկով-Շչեդրին ու Շեքսպիր էլ քիչ եմ արել, «Ճայը», «Երեք քույր ու մնացածը…»,-հավելում է նա:
Կարդացեք նաև
Ասում է ՝ եթե դու բազմաթիվ ռեժիսորների բեմադրած Շեքսպիր ես նայում, ակամայից բանավեճի մեջ ես մտնում նրանց հետ, քո լեզուն, ձեռագիրը եւ ոճը չես կարողանում հստակ ձեւակերպել. «Իսկ ես ուզում եմ այնպիսի գրականություն եւ դրամատուրգիա, որ ազատ ու անկաշկանդ լինեմ ստեղծագործելիս, իսկ այդպիսի գրականությունը ոչ դասականն է…Մի խոսքով, ուզում եմ ինձ հորինել որպես ռեժիսոր՝ իմ ուզած ձեւով… Երբ ազատ ես ու պատկանում ես միայն քեզ, քո ներսից կարողանում ես հանել այն ամենը, ինչ միայն քեզ է պատկանում»:
Հարցին՝այսօր հե՞շտ է կարիերա անելը ռեժիսորի համար, Սերեբրեննիկովը հետեւյալ կերպ է պատասխանում. «Կարիերան լավ բան է, բոլոր արտիստներին, իհարկե պետք է PR, փառք, ճանաչելիություն, այս բոլորը նույն փաթեթի մեջ են մտնում, որովհետեւ եթե հայտնի չլինես, քեզ դժվարությամբ հնարավորություն կտրվի ներկայացում բեմադրել կամ ֆիլմ նկարել: Այնպես որ անհրաժեշտ է կառուցել քո բրենդը… Շատերը շատ հեշտ դա անում են, օրինակ Tik-tok-ում՝ ունենալով 7-10 մլն հետեւորդ, բայց Tik-tok-ով թատրոն չես բերի, թատրոն եկողները լրիվ այլ մարդիկ են, որոնք գրանցված չեն Tik-tok-ում, նրանք այլ արժեհամակարգ եւ նախասիրություններ ունեն, քան Tik-tok-ի միլիոնավոր հետեւորդները»:
Սերեբրեննիկովի ձեւակերպմամբ, թատրոնը սերունդներին կրթելու, տարբեր սերնդի մարդկանց միմյանց մոտեցնելու միջոց է, թատրոնի հետ մարդիկ հասակ են առնում: Ընդգծում է՝ երբ ռուսական թատերական արվեստի բարեփոխիչ, անվանի ռեժիսոր երբ Յուրի Լյուբիմովը հիմնադրեց Տագանկայի թատրոնը, 50 տարեկան էր, բայց դերեր խաղացել է 18 տարեկանից:
Կիրիլ Սերեբրեննիկովը կարծում է, որ երիտասարդներին թատրոն բերելու համար պետք է նրա հետ աշխատել ավելի պարզ ու մատչելի, համոզված է՝ բարդն էլ կընդունեն, բայց չեն հասկանա ինչպես հարկն է. «Հանդիսատեսը պետք է թատրոնի հետ հասունանա ու ծերանա»:
Հարցին՝ ինչպիսի՞ն պետք է լինի իր հետ աշխատող դերասանը, ռեժիսորը հետեւյալ կերպ է պատասխանում. «Ես կարող եմ չափանիշների երկար ցանկ ներկայացնել, բայց այս պահին ձեռնպահ կմնամ դա անելուց, ընդամենը կասեմ, որ ես միշտ անսխալ տարբերում եմ՝ սա ի՞մ արտիստն է, թե՞ ոչ, որովհետեւ մարդը կարող է լավ արտիստ լինել, բայց իմը չլինել»:
Ասում է՝ կարեւորում է ունիվերսալ եւ շնորհալի դերասաններին, որոնք երաժշտական լսողություն ունեն, ձայն, երաժշտական գործիքներ են նվագում, կարողանում են իրենց մարմինը ենթարկել իրենց բանականությանը: Ընդգծում է՝ սիրում է «բաց» արտիստներին. «Թե չէ հաջող կարիերա արած արտիստներ կան, որոնք ամբողջ կյանքում «թաքցրել» են իրենց՝ գրիմի, կեղծամի, հազար ու մի բանի տակ, փակ են եղել, ոչ անկեղծ… Գուցե մի քիչ կոպիտ հնչի՝ ընդհանրապես դեբիլները թատրոնում ավելի վտանգավոր են, քան կյանքում»:
Սերեբրենիկովը Հայաստանի մասին էլ խոսեց հանդիպման ժամանակ, ասաց տպավորված է հայկական հզոր մշակույթով, իր սիրելի Փարաջանովի թանգարանով, այցելել է նաեւ Դիլիջանի դպրոց ու զարմացել. «Այդ դպրոցում երիտասարդները քաղաքակրթական այնպիսի պատրաստություն են ստացել, որ կարող են ապրել, ասենք Երեւանից դուրս, բայց լինել լավագույնը աշխարհում, որտեղ հաճախ մշակույթի գավառականացման վտանգ կա»: Հավելեց, որ եղել է նաեւ Մատենադարանում, Ցեղասպանության թանգարան ինստիտուտում: «Իհարկե, Ցեղասպանության թանգարանը ցավի տեղ է, բայց նաեւ ուժ է տալիս, ինչպես հրեաների Հոլոքոստի դեպքում…Դուք ասում եք՝ մենք չենք ուզում լինել զոհ, այլ ուզում ենք կրկին լինել ստեղծարար եւ միայն առաջ գնալ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Գլխավոր լուսանկարը՝ Վիքիպեդիայից