Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին արդեն 13-րդ անգամ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում ընտրելու հարցը:
Հանձնաժողովում թեժ բանավեճ ծավալվեց ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորների միջեւ, երբ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ Անդրանիկ Քոչարյանը սուտ է խոսում, ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը մանիպուլացնում է ու դատվելու են:
Երբ ընդդիմադիրները լքեցին հանձնաժողովի նիստը, Վահագն Ալեքսանյանը արձագանքեց, որ իրենք են ապատեղեկատվություն տարածում, ինչ է թե մի հարված ավելի հասցնեն իշխանությանը. «Ինչ-որ միֆական բան են հորինել, թե իբր ադրբեջանցի գերիներ ենք ունեցել, իբր մեր զինվորն այդ գերիներին հետ է տարել Ադրբեջան՝ հրամանով: Չգիտես դա որ աբսուրդի ժանրից է, երբ գերեվարողը անձամբ հետ է տանում գերեվարվածին: Իբր այնտեղ իրեն գերի են վերցրել ու ծեծելով սպանել: Աբսուրդ է: Ես ասել եմ, ասում եմ ու էլի կասեմ՝ ցանկացած թշնամական ագրեսիայի ժամանակ, երբ երկրի ներսում ընդդիմությունը փորձում է քաղաքական լարվածություն ստեղծել, փորձում է աթոռակռիվ տալ, այո՛ այդ ընդդիմությունը վերածվում է թշնամական դիվերսիոն ջոկատի: Ասել եմ, ասում եմ ու կասեմ, ցանկացած դատարանում էլ պատրաստ եմ ասածներիս պատասխանը տալ: Իսկ թե իրենք ինչ պատասխաններ են տալու ինչի դիմաց, թող լավ մտածեն, հիմիկվանից փորձեն հասկանալ»:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ «ղազինյանական երեքշաբթիները» կշարունակվեն այնքան, մինչեւ ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի նախագիծն ընդունվի. «Մինչ այդ երեւի ամեն երեքշաբթի հայտարարություններ կանեն ու կգնան այն աթոռների հետեւից, որոնք կորցրել է Ռոբերտ Քոչարյանը իր արբանյակների հետ միասին: Բայց մի պարզ բան չեն հասկանում՝ այդ աթոռները այլեւս երբեք իրենց չեն վերադարձվի: Այդ աթոռները ժողովուրդը վերցրել է նրա համար, որ իրենք չխանգարեն մեր երկրի ապագային միտված գործողություններից ու ընթացքից»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ