«Օրակարգ չունեն, նույնիսկ օրակարգում ներառված թեկնածու չունեն: Թեկնածուն չկա: Թեկնածուն խայտառակ գրառումներ է անում, որը չի բխում ՀՀ անվտանգության շահերից»,- այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ այսօր հանձնաժողովի նիստում քննարկվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին արդեն 13-րդ անգամ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում ընտրելու հարցը:
Հանձնաժողովում թեժ բանավեճ ծավալվեց ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորների միջեւ, «Հայաստան» խմբակցության անդամները լքեցին նիստը:
Կարդացեք նաև
Անդրանիկ Քոչարյանը նրանց գնալուց հետո ասաց. «Եկան, իրենց ղժղժոցն արեցին, գնացին: Հիմա փողոցում թող ղժղժան, տեսնենք քանի՞ մեր քաղաքացի են իրենց ղժղժոցին հետամուտ լինելու: Գոռում էին նախկինում, որ բանակի կողքին են: Բանակն այսօր իր զորանոցներում չի: Բանակը գտնվում է դիրքերում: Իսկ ինչի՞ մենք բանակի կողքին չենք: Երբ որ մենք հանձնաժողովի անդամներով առաջնագծից հետ եկանք, առաջարկեցինք, որ իրոք, բանակն ունի կարիք մարդկային ուժի ավելացման: Բայց իրենք այսօր այդ ուժը տեսնում են Երեւանի փողոցներում: Երեւանի փողոցներում այսօր պետք է հանգստություն ապահովել, որպեսզի սահմանները լինեն ամուր եւ կայուն»:
Անդրանիկ Քոչարյանը նաեւ ասաց. «Տիգրան Աբրահամյանը հիմա բացակայում է, իր օգնականը գրություն է ուղարկել, որ բացակայում է, որովհետեւ կա քաղաքական որոշում աշխատանքներին չմասնակցելու»: Ըստ նրա, քանի որ հանձնաժողովի աշխատանքներից անհարգելի բացակայության դեպքում ֆինանսական տուժեր են լինելու, գրություն են ուղարկում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ