Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Դուք շաուրմա վաճառող լինեիք, կասեի՝ մարդ է, իր իրավագիտակցությունն այդքան է, բայց Դուք Կենտրոնական բանկի աշխատող եք». դատավոր Բալայանը՝ վկային

Նոյեմբեր 23,2021 12:51

«Էս ի՞նչ է՝ մեկից մեյլն են ուզում, մյուսին խնդրում են, ասում՝ արի ՍՊԸ-ից օգտվենք»,- Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործի քննության ժամանակ հայտարարեց նախագահող դատավոր Դավիթ Բալայանը՝ արձագանքելով գործով վկա Ազատ Թորոսյանի այն հայտարարությանը, թե իր ընկերը՝ Աշոտ Հովհաննիսյանն իրեն խնդրել է իր մեյլը, ուստի այդքանով է ինքը գործի հետ առնչվում:

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Ըստ մեղադրանքի՝ Սանասարյանը նպաստել էր իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը։ ՀՀ քննչական դեպարտամենտում ՊԵԾ նախկին պետի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել 308-րդ հոդվածի առաջին մասով`պաշտոնական լիազորությունների չարաշահում: Դավիթ Սանասարյանն ի սկզբանե պնդում էր, որ իր նկատմամբ որոշ տեղերից կազմակերպվեց շինծու մեղադրանքով գործ, որն աղերս չունի իրականության հետ: Քրեական գործով անցնում է 4 մեղադրյալ։ Սանասարյանից բացի՝ քրեական գործով անցնում է նաև ՊՎԾ եւս երկու աշխատակից՝ Գևորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը և վերջինիս ընկերը՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանը։

Դավիթ Բալայանը դատական նիստը հումորային մթնոլորտում է անցկացնում: Երբ իմացավ՝ վկան ծնվել է մայիսի 28-ին, հարցրեց՝ դա ի՞նչ օր է: Վկան պատասխանեց՝ ՀՀ առաջին անկախության: Դատավորն էլ հարցրեց՝ ինչի քանի՞ անգամ ենք անկախացել: Հետո վկան մեյլը չէր հիշում: Դատավորը կրկին կատակեց՝ կարո՞ղ է Ձեր մեյլը Ձեր անուն ազգանունով է:

Մյուս վկան Նելլի Ստեփանյանն էր: Նա ասաց, որ ճանաչում է գործով անցնող Գևորգ Խաչատրյանին, նրա հետ ունի ընդհանուր ընկերներ:

Գործով մյուս վկան Հայկ Կարապետյանն է: Նա հայտնեց, որ իր հայրը՝ գործով վկա Արթուր Կարապետյանն է հիմնադրել «Զորաշեն» ՍՊԸ-ն: Նա հայտնեց, որ ընկերության գործունեությամբ 2015-ից չի զբաղվել, քանի որ ԿԲ-ում է անցել աշխատանքի՝ Դիլիջանում: Ուստի լիազորել է իր ուսանողական ընկերոջը՝ գործով անցնող Տարոն Ավետիսյանին, որ իրենց ընկերության միջոցով տենդերների մասնակցի: Այդ մասին Տարոն Ավետիսյանն է իրենց խնդրել:

Դատավորը Հայկ Կարապետյանին հարցրեց՝ պատշաճ ծանուցվե՞լ է, որ մասնակցի նիստին: Վկան պատասխանեց՝ այո: Այնուհետև Դավիթ Բալայանը հարցրեց՝ ինչո՞ւ չի ներկայացել: Վկան պատասխանեց՝ հարմար չի եղել, Դիլիջանից պիտի գար: Այս առիթով նախագահող դատավորը վրդովվեց ու հարցրեց՝ Դիլիջա՞նն է մոտ Երևանին, թե՞ Կիրովականը: Հայկ Կարապետյանը պատասխանեց՝ Դիլիջանը: Դատավորն ասաց. «Կիրովականից եկել են դատի, Դուք Դիլիջանից չե՞ք կարողացել գաք: Սյունիքից է, որ չեն կարողանում գալ մարդիկ, թե չէ մյուս տեղերից հլը որ նորմալ է: Ի՞նչ է նշանակում հարմար չէր: Մենք ծանուցագիր ուղարկել ենք, մի հատ էլ զանգել, ասել ենք, որ գաք նիստին: Ձեր հայրն ասել է, որ վատառողջ է, չի կարող գալ, ձեզ խնդրել է, որ դատարանին տեղյակ պահեք, որ վատառողջ եք: Դու հերիք չի դատարանի ասածը չես արել, մի հատ էլ հորդ խնդրանքը չեք արել, Ձեզ զանգում ենք, ասում եք՝ հարմար չէ. ես Դիլիջանում եմ: Էդ ի՞նչ պատասխան է, էն էլ բանկի աշխատողի: Եթե Դուք շաուրմա վաճառող լինեիք, կասեի՝ մարդ է, իր իրավագիտակցությունն այդքան է, բայց Դուք բանկի աշխատող եք, չի կարելի այդպես, դա վատ է Ձեզ համար, որ այդ կարգավիճակն ունենալով՝ նման վերաբերմունք եք դրսևորում: Դու համ բարոյական դաշտում անելիք ունես, որ հորդ ասածը չես արել, համ իրավական դաշտում»:

Նոյեմբերի 23-ին տեղի ունեցած դատական նիստն այսքանով սահմանափակվեց: Դատարանը հաջորդ դատական նիստի ընթացքում՝ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 10:30-ին, կշարունակի վկաների հարցաքննությունը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930