Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում, երբ քննարկվում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին 13-րդ անգամ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում ընտրելու հարցը, իրավիճակը լարվեց, պատգամավորները սկսեցին թեժ վիճել:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ ՔՊ-ականները, հատկապես Անդրանիկ Քոչարյանը արդեն որերորդ անգամ փորձում են մանիպուլյացիաների դիմել, սուտ, կեղծ տեղեկություններ տալ: Քոչարյանը բարձր տոնով բղավեց. «Սուտը ինքներդ եք ասում, ստախոսը ի՛նքդ ես»:
Արծվիկ Մինասյանը հորդորեց. «Մի՛ ընդհատեք, երբ ես խոսում եմ: Դուք պետք է դատվե՛ք դեռ: Հիմա ես հրապարակային ասում եմ՝ դուք եւ Վահագն Ալեքսանյանը, որ ասում եք՝ գուցե «Հայաստան» դաշինքն է հրավիրել Ադրբեջանին, դուք պատասխա՛ն պետք է տաք: Հենց հիմա ձեզնից պատասխա՛ն եմ պահանջում եւ հրապարակային հայտարարում եմ՝ դուք դատվելո՛ւ եք: Եվ ոչ միայն այս հանցագործության համար»: Անդրանիկ Քոչարյանը տեղից բղավում էր, փորձում էր հակադարձել, իսկ Վահագն Ալեքսանյանն արձագանքեց. «Դատվողները շուտով կդատվեն»:
Կարդացեք նաև
Ընդդիմադիր պատգամավորները լքեցին հանձնաժողովի նիստը:
Անդրանիկ Քոչարյանը Արծվիկ Մինասյանի հետեւից բղավեց. «Գնա փողոցում քո գործն արա, այստեղ դուք ընդամենը մի հատ շոու անող եք…Գնացե՛ք, դուք շատ լավ կոմունիկացված եք Ալիեւի հետ»:
Արծվիկ Մինասյանը պաշտոնապես դիմեց դատախազությանը՝ անմիջապես հարուցել քրեական գործ ու բացահայտել, թե ովքեր են դավաճանները:
«Այո՛, այո՛, միանշանա՛կ, պետք է պարզել ովքեր են ադրբեջանական ԶԼՄ-ների հետ սինխրոն աշխատում՝ մեկին մեկ»,- բղավում էին ՔՊ-ականները:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ