Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ն Ղազինյանին 13-րդ անգամ չընտրելու նոր պատճառ բերեց. «Ղազինյանն իր էջում կիսվել է, թե իբր զոհված հայ զինվորը ադրբեջանցի գերիներ հետ տանելուց գերի է ընկել»

Նոյեմբեր 23,2021 12:13

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին արդեն 13-րդ անգամ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում ընտրելու հարցն էր քննարկվում:

Հանձնաժողովականները նախ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի առաջարկով 1 րոպե լռությամբ հարգեցին երեկ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում հակառակորդի կրակոցից զոհված Սուրեն Սաֆարյանի հիշատակը:

Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ պաշտոնական տեղեկատվությունն ամբողջական չէ, մարդիկ չեն ինֆորմացվում ու երեսը թեքում են ադրբեջանական լրատվամիջոցներին. «Աննախադեպ է, որ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածում, որ կան զոհեր, չի հրապարակվում թիվ, չեն հրապարակվում անուններ: Դրա արդյունքում նաեւ հանրության, առաջնագծում ծառայող ունեցող ծնողների մեջ ստեղծվում է հուզական վիճակ: Իշխանական ԶԼՄ-ներով թվեր են հրապարակվում, ստեղծվում է խառնաշփոթ: Հանձնաժողովի նախագահը պետք է արտահերթ նիստ հրավիրեր՝ հենց այս հարցերը քննարկելու, կամ գոնե արտագնա նիստ կազմակերպելու»:

Ի պատասխան՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ հանձնաժողովի առանձին անդամներ եղել են թե՛ առաջնագծում, թե՛ մշտական գործունեություն են ծավալում անվտանգության ոլորտի բազմաթիվ կառույցների հետ: Ավելին՝ նա հորդորեց, որ Գեղամ Մանուկյանն ինքը ընդգրկվի այդ աշխատանքներում:

Իսկ ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ասաց. «Ձեզ սպասարկող ԶԼՄ-ներն են իրենց երեսը թեքում ադրբեջանական լրատվամիջոցներին, այդ ձեզ սատարող ԶԼՄ-ներն են, որ ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած ամենազազրելի բան բերում մտցնում են հայկական դաշտ: Ձեզ սատարող ԶԼՄ-ներն են, որ հայ գերիների՝ ոչ պատշաճ վիճակում վիդեոներ են հրապարակում մարտերի բուն ընթացքում: Ձեր ներկայացրած պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածուն է, որ իր էջում կիսվում է ապատեղեկատվությամբ, թե իբր զոհված հայ զինվորը ադրբեջանցի գերիներ հետ տանելուց գերի է ընկել, ծեծելով սպանել են: Պարոն Ղազինյանը դա չի՞ կիսվել, չի՞ տարածել: Դո՛ւք եք ապատեղեկատվության աղբյուրը, էլ չասած, որ մարտերի ընթացքում հավաք եք անում, իշխանափոխություն եք անում, դա՛ է աննախադեպը»:

Գեղամ Մանուկյանը հակադարձեց, սկսեցին բանավիճել:

Ավելի ուշ քվեարկությամբ Արթուր Ղազինյանը հերթական՝ 13-րդ մերժումը գրանցեց՝ չընտրվելով փոխնախագահի պաշտոնում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930