Լրահոս
Օրվա լրահոսը

«Է, մոնոպոլիստ դառնայիք, դեպարտամենտին ասեք՝ ինձ մի հատ էլ կնիք տա». դատավոր Դավիթ Բալայանի հումորները՝ Դավիթ Սանասարյանի գործով դատական նիստին

Նոյեմբեր 23,2021 11:57

Նոյեմբերի 23-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործի քննությունը: Կատարվում է վկաների հարցաքննություն:

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Ըստ մեղադրանքի՝ Սանասարյանը նպաստել էր իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը։ ՀՀ քննչական դեպարտամենտում ՊԵԾ նախկին պետի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել 308-րդ հոդվածի առաջին մասով`պաշտոնական լիազորությունների չարաշահում: Դավիթ Սանասարյանն ի սկզբանե պնդում էր, որ իր նկատմամբ որոշ տեղերից կազմակերպվեց շինծու մեղադրանքով գործ, որն աղերս չունի իրականության հետ: Քրեական գործով անցնում է 4 մեղադրյալ։ Սանասարյանից բացի՝ քրեական գործով անցնում է նաև ՊՎԾ եւս երկու աշխատակից՝ Գևորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը և վերջինիս ընկերը՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանը։

Գործով վկա Արթուր Կարապետյանի որդին Սամվել Ադյանի ընկերն է: Նա նշեց, որ «Զորաշեն» ՍՊԸ-ն լիազորագրով հանձնել են Տարոն Ավետիսյանին: Դատախազ Սարգսյանը հետաքրքրվեց՝ երբևէ զանգե՞լ է Սամվել Ադյանին, վկան պատասխանեց. «Սամվելին զանգել եմ, երբ Տարոնը քաղաքում չէր, գնացել էր Ռուսաստան: Զանգում էի Սամվելին, որ Տարոնին գտնեի»: Հարցին՝ իսկ ինչո՞ւ է զանգել Սամվել Ադյանին, նա ասաց՝ որդու ընկերն է, զանգել է: Դատավորը կես կատակ-կես լուրջ հարցրեց՝ ձեր տղայի բոլո՞ր ընկերներին եք զանգում: Վկան ասաց՝ ինքն իմ որդու տարիքին է, վստահել եմ, հետո էլ նշեց՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի մի կնիքն իր մոտ է եղել, մյուսը՝ Տարոնի: Դատավորը զարմացավ՝ մի կազմակերպությունը կարո՞ղ է ունենալ երկու կնիք՝ նույն կնիքից: Վկան պատասխանեց՝ կարող է հինգ հատ էլ ունենալ: Նախագահող դատավորը կրկին հումոր արեց՝ դեպարտամենտին ասեք՝ մի հատ էլ կնիք տա: Վկան արձագանքեց. «Կատակ եք անում, բայց այնքան անկատար են օրենքները: Մեծ բիզնեսն ուրիշ բան է, բայց փոքր բիզնես անելը շատ դժվար է»: Դավիթ Բալայանը կրկին հումոր արեց՝ է, մոնոպոլիստ դառնայիք: Վկան էլ, թե ո՞նց դառնայի:

Սամվել Ադյանի մասին դատավորը հարցրեց՝ գիտե՞իք, որ պաշտոնյա է, վկան պատասխանեց՝ գիտեի, որ վերահսկիչ պալատում է աշխատում: Դավիթ Բալայանն էլ այս առիթով ասաց. «Գիտեիք վերահսկիչ պալա՞տ: Դա լուծարվել էր, վերափոխվել էր: Էն կառույցը՝ Իշխան Զաքարյանի, դարձել է Սանասարյանի կառույց»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930