Չկրկնել ռուսական քարոզչամեքենայի՝ «եթե դուք չեք պաշտպանում ձեր հայրենիքը, ռուսը գա՞ պաշտպանի» ծիծաղելի, Հայաստանի համար՝ ամոթալի թեզը
Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունների փաստի առթիվ Ռուսաստանի անգործությունն արդարացնողներն ավելի ծիծաղելի իրավիճակում են հայտնվել, քան ռուսաստանցիները, որոնք հանդիսանալով ՌԴ քաղաքացիներ, պաշտպանում են Կրեմլի քաղաքական գիծը, կամ՝ սպասարկում ու ադրբեջանական «խավիարադոլարային» քաղաքականությունը:
Հայաստանի քաղաքական դաշտի հատկապես ընդդիմադիր ներկայացուցիչները «անգիր արած» կրկնում են Կրեմլի հրահանգով ռուսաստանյան փորձագիտական շրջանակների ու մեկնաբանների հետեւյալ միտքը՝ «Հայաստանը, եթե իր շահերը չի պաշտպանում, Ռուսաստանը գա՞ կռվի Ադրբեջանի դեմ…»:
Նախ, ողջ աշխարհի հայությունը 44-օրյա պատերազմի ընթացքում ապացուցել է, որ կռվում էր հանուն Արցախի, հետեւաբար՝ նաեւ հանուն Հայաստանի: Այն ժամանակ էլ՝ Մոսկվան «անկողմնակալ խաղաղապահի» հավակնություններով հայտարարում էր, թե չի կարող խառնվել, քանի որ Լեռնային Ղարաբաղը ճանաչված չի, այսինքն, ըստ պաշտոնական Մոսկվայի՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է:
Մոսկվան, առհասարակ, առավել հոգատարությամբ վերջին երկու տասնամյակներին պաշտպանել է հենց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ոչ միայն ԵԱՀԿ ՄԽ-ում ռուսաստանցի համանախագահների արած պաշտոնական հայտարարություններով, այլեւ աջակցել է, որպեսզի Ադրբեջանը «վերականգնի իր տարածքային ամբողջականությունը» գործնականում: Մինչեւ 2005 թվականը Ռուսաստանը Ադրբեջանին սպառազինություն չէր վաճառում, սակայն ամեն ինչ փոխվեց 2009-ից սկսած, երբ Մոսկվան շարունակաբար սկսեց զինել Ալիեւին, որը չէր թաքցնում հավակնությունները, հանդես էր գալիս ռազմատենչ հայտարարություններով, ընդհուպ մինչեւ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հավակնություններ էր ներկայացնում: Ադրբեջանին ռուսական սպառազինության վաճառքի հստակ թվերն արդեն պարզելը բարդ է, բայց մի առիթով Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանից 5 միլիարդ դոլարի սպառազինություն են գնել:
Կարդացեք նաև
Բացի այդ, մեկ տասնամյակից ավելի Մոսկվան հստակ ցույց էր տալիս, որ ցանկանում է ղարաբաղյան կարգավորում՝ ռուսական հովանու ներքո: Մոսկվան մշակում-վերամշակում էր կարգավորման տարբերակները, ներկայացնում կողմերին, սակայն որոշակի պահից սկսած Մոսկվան հասկացավ, որ Հայաստանի իշխանությունները անիրատեսական զիջումների չեն գնալու: «Լավրովյան պլանի» մերժումը, թերեւս, լցրեց Մոսկվայի «համբերության բաժակը», ու ինչ-որ պահից Մոսկվայի ու Բաքվի դիրքորոշումները՝ «ուժով» լուծել խնդիրը, համընկան:
Հիմա արդեն ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղը չէր թուրք-ադրբեջանական տանդեմի «երազանքը»: «Զանգեզուրի միջանցքը», Հայաստան-Ադրբեջան սահմանազատման ու սահմանագծման հրամայականը դրված է պաշտոնական Երեւանի առջեւ, եւ դա Մոսկվայի օրակարգն է, Ռուսաստանը ձգտում է նոր համաձայնության, կամ՝ նոր փաստաթղթի ստորագրման նաեւ այս հարցերով: Հետեւաբար, Մոսկվան կարո՞ղ է ընդդիմանալ մի բանի, որի հանգուցալուծմանն ինքն է սպասում…
Մոսկվայից հնչող արդարացումները հասել են անհեթեթությունների, արդեն բանը հասել է նրան, որ մեզ ասում են՝ «Մոսկվան չի կարող ընդդիմանալ ադրբեջանական օկուպացիոն քաղաքականությանը Հայաստանի նկատմամբ, քանի որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանները հստակեցված չեն»:
Այսինքն, Կրեմլում մինչեւ 44-օրյա պատերազմը միայն գիտեին Ադրբեջանի սահմանները ու գիտեին միայն Ադրբեջանի այն շրջանները, որոնք հայկական կողմի վերահսկողության տա՞կ էին… Այդ ինչպե՞ս էր Լավրովը ղարաբաղյան կարգավորման «պլաններ» մշակում, գծում, եթե չգիտեր Հայաստանի սահմանները, բայց հստակ պատկերացում ուներ, թե որ ադրբեջանական շրջաններն էին գտնվում հայկական վերահսկողության ներքո:
Ռուսական քարոզչական՝ «եթե դուք չեք պաշտպանում ձեր հայրենիքը, ռուսը գա՞ պաշտպանի» կեղծ ու ծիծաղելի, Հայաստանի համար՝ ամոթալի «հիմնավորում» է: Իրեն ու Հայաստանը հարգող որեւէ քաղաքական գործիչ չպետք է կրկնի այս թեզը, որովհետեւ ցանկացած հայ մարդ գիտե, որ 44-օրյա պատերազմում հայը կռվել է (դրա ապացույցը Եռաբլուրն է, ուր ՀՀ-ում ՌԴ դեսպանը հարկ էլ չի համարում այցելել), ու այսօր էլ պատրաստ են կռվել: Բացի այդ, եթե Մոսկվայից հիմա Հայաստանին «դրդում են» նոր պատերազմի ընդդեմ թուրք-ադրբեջանական տանդեմի՝ աջակցելո՞ւ են «ռազմավարական դաշնակցին», թե՞ «ձեռքերը լվանալու» են, հայտարարեն՝ մինչեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանները չճշգրտվեն՝ չենք կարող խառնվել այդ պատերազմին:
Խնդիրը շատ պարզ է՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից հարձակում է տեղի ունեցել, Մոսկվան չի պաշտպանում Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ չի կատարում երկկողմ համաձայնագրերով ստանձնած իր պարտավորությունները: «Բանավոր են դիմել», «գրավոր չեն դիմել» պատճառաբանությունները նույնպես զավեշտալի են: Մոսկվայից Հայաստանում ակնկալում էին ընդամենը մեկ նախադասություն՝ ՌԴ-ն պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, սա չի հնչում ու դրանով ամեն ինչ ասված է, ոչ ոք չի էլ ակնկալում, որ ՌԴ-ն զորք է ուղարկելու ընդդեմ թուրք-ադրբեջանական տանդեմի, դա վաղուց պարզ է, Մոսկվան դա չի կարող անել: Էլ չենք խոսում Հայաստանի հանդեպ ՀԱՊԿ-ի դրսեւորած անտարբերության փաստի մասին, որն էլ իր հերթին ապացուցում է, որ դա մի մեռելածին կառույց է, քանի դեռ իրենց իսկ նախանշած պարտավորությունները չեն կատարում, իսկ կառույցի որոշ անդամներ շարունակում են զինել Ադրբեջանին:
Այսպիսով, ամփոփենք, Երեւանի առջեւ դրված է Մոսկվայի օրակարգը, որը, հավանաբար, ակնկալվում էր հանգուցալուծման հասցնել նոյեմբերի 9-10-ին, դա չիրագործվեց, եւ արդյունքում մենք «նվեր ստացանք» ադրբեջանական ներխուժում ՀՀ ինքնիշխան տարածք:
Հայաստանի «ռազմավարական դաշնակից» երկրից ՀՀ քաղաքացիները այդպես էլ չլսեցին ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության վերաբերյալ մեկ նախադասություն, դրա համար Հայաստանը գրավոր կամ բանավոր չպետք է դիմեր Կրեմլին՝ նրա ուշադրությունը հայցելով: Փոխարենը մենք դա լսում ենք արեւմտյան երկրներից, կառույցներից, որոնք դատապարտում են ադրբեջանական ագրեսիվ քաղաքականությունը ՀՀ ինքնիշխան պետության նկատմամբ:
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը համաձայնել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում նախանշված ԵՄ եւ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին, այս մասին օրերս հայտնեց Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Մինչեւ դեկտեմբերի 15-ը Մոսկվան եռակողմ հանդիպում կկազմակերպի՞, թե՞ ռազմական նոր գործողություններ կհրահրվեն Հայաստանի սահմաններին՝ ցույց կտա ժամանակը:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 23.11.2021
Հարգելի Էմմա Գաբրիելյան
Կիսում եմ ձեր հոդվածում ներկայացված բոլոր մտահոգությունները ու խնդրեմ պատասախանեք հետեւյալ հարցերին:
1. Հայաստանում 2018-ի իրադարձություններից հետո իմացա՞ն, որ Ռուսաստանը խաբող-քցող ու շատ մեղմ ասած, անհուսալի գործընկեր է:
2. Հայաստանի իշխանության քայլերը բերեցին նրան, որ այսպիսի գործընկերը դարձավ մեր անվտանգության ՄԻԱԿ երաշխավորը: Ինչո՞ւ մերոնց բան չեք ասում:
3. Աշխարհը 44 օր ու դրանից հետո պարզապես հետեւում է, թե ինչպես էիր վարձկանները, թուրքերն ու ազերիները ուտում մեր զինվորներին: Մեր զինվորը ահաբեկիչ գերեվարեց ու ապացուցեց, որ վարձկաններ են կռվում: Սերբիան, Սիրիան, Լիբանան ու այլ երկրների օդային հարվածներ հասցրած Արեւմուտքը տեսավ մեր դեմ կռվող վարձկաններին ու բան չարեց: Ես հասկանում եմ, որ մեր իշխանությունն է մեղավոր, որ մենակ ենք ահաբեկիչ-թուրք-ազերիների դեմ: Այս իշխանության օրոք Հայաստանին ոչ ոք չի օգնելու: Ինչո՞ւ չեք խոսում նաեւ Արեւմուտքի հանցավոր անտարբերության մասին:
Հարգելի Նարեկ, Շնորհակալություն, ձեր մեկնաբանության համար: Փորձեմ պատասխանել ձեր հարցերին, թեեւ ձեր հարցերի վերաբերյալ ունեմ հոդվածներ:
1. Չգիտեմ, թե Հայաստանում 2018-ի իրադարձություններից հետո ում համար է պարզ դարձել, որ «Ռուսաստանը խաբող-քցող ու շատ մեղմ ասած, անհուսալի գործընկեր է»: Ես «Առավոտ»-ում 10 տարիրների ընթացքում գրել եմ Հայաստանի հանդեպ Ռուսաստանի գործած՝ «անհուսալի գործընկերոջ» քայլերի մասին: Իմ համար՝ գոնե նորություն չէ: Ում համար նորություն է՝ գուցե նրանց ուղղեք ձեր հարցը:
2. Երկրորդ հարցի պատասխանը մասամբ կա առաջինում, բայց այո, կարծում եմ նաեւ ՀՀ իշխանությունների սխալ հաշվարկված քաղաքականության պատճառով են որոշակի սրված իրավիճակը հայ-ռուսական հարաբերությունները, բայց կարծում եմ, որ ցանկացած իշխանության դեպքում Ադրբեջանը պատերազմ սկսելու էր՝ ունենալով «մեծերի» դաբրոն: «Ինչո՞ւ մերոնց բան չեք ասում»: Ասել եմ բազմիցս, ուշադրությամբ կարդացեք մյուս հոդվածներս, որոնցից վերջինում օրինակ ՀՀ արտաքին քաղաքականություն «զրո» եմ գնահատել:
3. «Ինչո՞ւ չեք խոսում նաեւ Արեւմուտքի հանցավոր անտարբերության մասին»: 44-օրյա պատերազմի շրջանում եւս քաղաքակիրթ աշխարհի անտարբերության մասին գրել եմ: Բայց պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Ռուսաստանն է մեր «ռազմավարական դաշնակիցը», Ռուսաստանի հետ ենք մենք մի քանի ռազմաքաղաքական դաշինքների անդամ, այլ ոչ թե արեւմտյան որեւէ երկիր է մեր «ռազմավարական դաշնակիցը», ու Ռուսաստանն է 2010 թվականից զինում Ադրբեջանին, որը Հայաստանը ոչնչացնելու բացահայտ քաղաքականություն է վարում: Այս հարցի պատասխանը առավել քան պարզ է:
Շնորհակալություն պատասխանի համար: Եթե ձեր խմբագիրը դեմ չէ, շարունակենք այս քննարկումը:
Այո, Ռուսաստանն ենք ՆՇԱՆԱԿԵԼ մեր ռազմավարական գործընկեր: Բայց Ադրբեջանին զինում են այլ երկրներ եւս՝ Իսրայել, Պակիաստան եւ այլն: Հիմա եթե նրանք մեր ռազմավարական գործընկերները չեն, լավ են անում??????????????????????
Ես ուզում եմ ասել, որ մենք պետք է մեկ եւ հստակ նպատակ ունենանք ու դրան հասնելու համար չնայեք ով է ռազմավարական, ով մարտավարական եւ այլն: Ցավոք, միշտ չէ, որ ժամանակ եմ ունենում կարդալ ձեր կայքը, բայց եթե գրել ենք, աշխարհի անտարբերության մասին՝ ԱՊՐԵՔ:
Կուզեի, որ այդ նպատակի մասին հաճախ խոսվեր: Դառնայինք այնպիսի մի երկիր, որ քո մազի ծռվելը մտահոգեր հզորներին:
Այո, Ադրբեջանին զինում են՝ Իսրայելը, Պակիստանը, որովհետեւ Ադրբեջանի հետ ունեն սերտ, ռազմավարական գործընկերության բազմաթիվ համաձայնագրեր, այսպես ասած՝ նրանք կատարում են իրենց ստանձնած սերտ գործընկերային պարտավորությունները Ադրբեջանի հանդեպ: Այդ առումով՝ նրանք իրենց դաշնակցին են զինում, ու մենք «պրետենզիա» կարո՞ղ ենք ներկայացնել Իսրայելին ու Պակիստանին, թե՝ ինչո՞ւ եք զինում ձեր դաշնակցին… Նրանք կպատասխանեն՝ Ադրբեջանն իրենց ռազմավարական գործընկերն է ու վերջ, Հայաստանը՝ ոչ: Ասածս դա է, մենք ունենք մի դաշնակից, որն արդեն 10 տարուց ավելի զինել է մեր հակառակորդին, որի արդյունքում խախտվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ռազմական բալանսը: Ինձ Հայաստանի թշնամական երկրի բարեկամների զինելը՝ Իսրայելի ու Պակիստանի, տվյալ դեպքում, չի զարմացնում, ինձ մեր երկրի «ռազմավարական դաշնակցի» զինելն է մեր հակառակորդին դատապարտելի թվում: Շնորհակալություն, մեկնաբանության համար:
Իրավացի եք
Մեզ պետք է անհանգստացնի մեր գործընկերոջ անպատասխանատու պահվածքը: Բայց մենք ենք չէ իրեն մեզ գործընկեր ՆՇԱՆԱԿԵԼ ու դարձրել անվտանգության երաշխավոր: Նիկոլն եկավ ու այս ուղղությամբ բան չարեց: Մենք ենք մեղավոր, որ ռուսը մեր հաշվին լավություն է անում Ադրբեջանին: Իսկ այս պայմաններում հակառուսական արշավը արդյունք չի տա: Ռուսներն էլի իրենց շահից ելնելով կգործեն: Ես կողմ եմ արեւմտյան եւ ոչ ռուսական արժեքներին, բայց այս իրավիճակում պետք է աշխատենք ԴԱՆԴԱՂ ՇՏԱՊԻՐ տրամաբանությամբ:
Կրկին ամենաընթերցվածն եք: Շնորհավորում եմ: Միայն թե, թույլ տվեք կասկածել քաղաքական վերլուծությունների լրջության վրա, որոնցում սեփական դիրքորոշումը հիմնավորելու հիմանական փաստարկներից է ընդդիմախոսի, «ախոյանի» (լինեն դրանք տեղացի ընդդիմադիրներ, թե ռուսաստանյան փորձագետներ), կամ նրանց ասածների ծիծաղելի ու զավեշտական լինելը: Սա կարմիր թելի պես անցնում է Ձեր վերջին վերլուծություններում: