Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան Արևմտյան Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար ամենամեծ հույսերը կապում է Պորտասարի հետ. Akunq.net

Նոյեմբեր 23,2021 11:37

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ՝ Թուրքիայի խորհրդարանը-Ակունքի խմբ․) Պլանի և բյուջեի հանձնաժողովում նախարարության բյուջեին նվիրված քննարկումների շրջանակներում պատասխանել է պատգամավորների հարցերին։ Թուրք նախարարը մեկ անգամ ևս մատնանշել է, որ թուրքական պետությունը Արևմտյան Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար ամենամեծ հույսերը կապում է Պորտասարի (թուրք․ անվանումը՝ Գյոբեքլիթեփե) հետ։

Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Աղբյուրի համաձայն՝ Էրսոյն ընդգծելով, որ իրականության հետ չի համապատասխանում այն պնդումը, թե «Գյոբեքլիթեփեին բավարար չափով ուշադրություն չի հատկացվում, շեշտել է, որ այս հուշարձանը նախկինում երբեք այսքան շատ հայտնի չի եղել համայն աշխարհում, որքան՝ ներկայում։

Թուրք նախարարը նաև հավելել է․ «Մենք Գյոբեքլիթեփեն համարում ենք Հարավարևելյան Անատոլիայի փրկության դեղատոմսերից մեկը։ Գյոբեքլիթեփեն չի սահմանափակվում միայն այդ հուշարձանով։ Մինչ այժմ մեր կողմից իրականացված պեղումների արդյունքում բացահայտել ենք ևս 11 նմանատիպ բնակավայր, որոնցից մեկը Քարահանթեփեն էր։ Ես վերջինի մասին ավետիսը անցյալ տարի էի տվել։ Այդ հուշարձանների ընդհանուր թիվը 12-ն է։ Սակայն դրանք չեն սահմանափակվելու այդքանով, այլ բացահայտվելու են մինչև 20 հուշարձաններ»։

Էրսոյը նաև հայտնել է, որ այդ աշխատանքները միջազգային կարգավիճակ են ստացել, և որ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը ընդունել է Թուրքիայից ու արտասահմանից ստացված գիտական դիմումները։

Թուրք նախարարը, այդ քննարկումների շրջանակներում, պատասխանել է նաև Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (Halkların Demokratik Partisi / HDP) անդամ, Դիարբեքիրից ընտրված հայազգի պատգամավոր Կարո Փայլանի հարցին՝ եկեղեցիների վերականգնումների վերաբերյալ, և հաղորդել, որ Հիմնադրամների ընդհանուր տնօրինությունն ավարտին է հասցրել 21 եկեղեցու վերանորոգում։

Էրսոյը հանդես է եկել նաև ստահոդ պնդումներով՝ առ այն, թե իբր հայերը հուշարձաններ են ոչնչացրել Արցախում, մասնավորապես Շուշիում։ Նա այդ թեմայի մասին մասնավորապես ասել է․ «Ադրբեջանում, Ղարաբաղում, Շուշիում հայերը վերացրել են բոլոր հուշարձանները։ Հայաստանին, Փաշինյանին, խորհրդարանին այդ թեմայով նամակ գրած կա՞ն (նկատի ունի Կարո Փայլանին-Ակունքի խմբ․)։ Երանի թե բոլորը մեզ չափ տեր կանգնեին պատմական հուշարձաններին»։

Թուրք նախարարը ստում է ոչ միայն հայերի՝ իսլամական հուշարձաններ ոչնչացնելու թեմայով, այլև թուրքական իշխանությունների՝ քրիստոնյա և այլ, ոչ մահմեդական սրբավայրերին տեր կանգնելու առումով․ ինչպես հայտնի է, Թուրքիայի Հանրապետության ամբողջ պատմության ընթացքում շարունակաբար ոչնչացվել են թե՛ հայկական և թե՛ այլ ժողովուրդների մշակութային արժեքները։ Հատուկենտ սրբավայրերն էլ վերանորոգվում են կա՛մ մզկիթ, մշակութային կենտրոն, թանգարան ու գրադարան վերածվելու նպատակով, կամ էլ՝ զուտ շահադիտական տեսանկյունից․ նման կերպ տվյալ վայրերում զբոսաշրջության զարգացմանը զարկ տալու համար։ Մինչդեռ հարյուրավոր քրիստոնյա հուշարձաններ դիտումնավոր կերպով անտերության են մատնված պետության կողմից։ Գրեթե ամեն օր գանձագողերն ավիրում են հայկական, հունական և ասորական եկեղեցիներն ու վանքերը և մնում անպատիժ։ Բազմաթիվ քրիստոնյա սրբավայրեր վերածվել են ավերակի կամ, «լավագույն դեպքում», որպես գոմ ու ախոռ են ծառայում անասունների համար։

Մելինե ԱՆՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930