Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես միշտ է եղել, այսօր էլ խաղաղությունը պետք է պարտադրվի հակառակորդին. «Հայաստանի Հանրապետություն»

Նոյեմբեր 23,2021 09:56

ՌԴ-ն նորաթուխ գործընկերոջը՝ Թուրքիային, փաստորեն ակնարկում է, որ վերջինս իր ներկայիս վարչական սահմաններում եկվոր է: Այդ մասին դիվանագիտական լեզվով ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Մեկնաբանելով Թայիփ Էրդողանին Թուրքիայի ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիի նվիրած թյուրքական աշխարհի քարտեզը, Կրեմլի (ի դեպ, թուրքագետ) խոսնակն ասել է, որ դրա կարմիր աստղը՝ կենտրոնը Թուրքիայում չէ:  «Մեր թուրք գործընկերները շրջանառում են թյուրքական միասնության գաղափարը, ինչը նորմալ է: Ես միայն կարող եմ ափսոսանք հայտնել, որ քարտեզում, այնուամենայնիվ, նշված չէ կարմիր աստղ թյուրքական աշխարհի կենտրոնում, որը ոչ թե Թուրքիայում է, այլ Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ Ալթայում»,- հայտարարել է Կրեմլի խոսնակը:

Եթե Ռուսաստանն ունի հզոր ռազմական ուժ եւ իրեն կարող է թույլ տալ Պեսկովի շուրթերով սարկազմի ժանրում այդ քարտեզի վերաբերյալ հայտարարելու, որ թյուրքական միասնության գաղափարի շրջանառումը նորմալ է, ապա, մասնավորապես, Հայաստանը եւ Սիրիան ստիպված են անգնահատելի կորուստներով դիմագրավել այդ գաղափարի կյանքի կոչման գործնական քայլերին: Թուրքիան իրեն արյունակից թուրքմենների միջոցով փաստացի օկուպացրել է Սիրիայի հյուսիսը, մինչ այդ զավթել էր Կիպրոսի Հանրապետության հյուսիսային հատվածը, իսկ մեկ տարի առ փաստացի օկուպացրեց Արցախի Հանրապետության հարավը:

Արցախի ժողովրդի դեմ իրականացրած ռազմական հանցագործությունները համաշխարհային հանրության լռության պայմաններում մարսած համարելով, այսօր էլ Թուրքիան իր արտգործնախարարի բերանով սպառնում է Հայաստանի տարածքների կորստով: Թերեւս, այս միտման տրամաբանության մեջ էր Ադրբեջանի զինուժի միջոցով հոկտեմբերի 16-ին Հայաստանի տարածք ներխուժելու անհաջող փորձը: Հայաստանի իշխանությունների կողմից բարձր մակարդակով արվող հայտարարությունն այն մասին, թե պատրաստ են տարածաշրջանի հաղորդակցությունների բացմանը, ադրբեջանաթուրքական զույգը պատասխանում է արդեն Հայաստանի ինքնիշխան տարածքների վրա հարձակմամբ: Այդ առաջխաղացումը կանխվեց ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների հմուտ եւ սառնասիրտ գործողություններով: Միանշանակ է, որ ավելի մեծ ծավալի բախումների դեպքում ՀՀ-ում ՌԴ 102-րդ ռազմաբազայի ներգրավումն անխուսափելի կլինի:

Հայաստանի սահմաններին նման անցանկալի զարգացումների հեռանկարը լիովին իրատեսական է, քանի որ եւ՛ Քարվաճառի, եւ՛ Նախիջեւանի ուղղությամբ Ադրբեջանն ու Թուրքիան կենդանի ուժի, զինտեխնիկայի մեծ ուժեր են կենտրոնացրել: Այս գործողությունները չեն տեղավորվում տարածաշրջանում խաղաղության եւ համագործակցության դարաշրջան բացելու թյուրքական պետությունների  պարբերաբար արվող հայտարարությունների համատեքստում: Նման հայտարարություններն իրականում քող են վերջիններիս կողմից նախապատրաստվող նոր ռազմական սադրանքների համար, որոնք նրանք չեն դադարեցրել եռակողմ հայտարարությունն ընդունելուց հետո էլ: Հետեւաբար, ինչպես միշտ է եղել, այսօր էլ խաղաղությունը պետք է պարտադրվի հակառակորդին, քանզի վերջինս հասկանում է միայն ուժի լեզուն:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930