Ակնառու է միջազգային հանրության լռությունն Ադրբեջանի մասով։ Այդ երկիրը ոչ միայն չի իրագործել նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հայտարարության պահանջները և հետ չի վերադարձրել ռազմագերիներին, այլև համարձակվում է նոր ռազմական ագրեսիա նախաձեռնել և ոչ միայն օկուպացնել Հայաստանին պատկանող ինքնիշխան տարածքները, այլև նոր գերիներ վերցնել։ Բաքվում դաժանաբար խոշտանգում են հայ գերիներին, նրանց դատում են ու բացահայտ նսեմացնում նրանց արժանապատվությունը։ Սակայն գերիների վերադարձն ապահովելու նպատակով մի քանի իրավապաշտպան կազմակերպությունների ու քաղաքական գործիչների հայտարարություններից բացի ոչինչ չի ձեռնարկվում Ալիևի վրա ճնշում գործադրելու համար։
Միևնույն ժամանակ, Ադրբեջանն իր հանցագործ քայլերով խաթարում է Սյունիքի սահմանամերձ համայնքների բնակիչների բնականոն կյանքը, սպառնալիքներ ստեղծում սահմանամերձ գոտում մարդկանց կենսագործունեության համար, իսկ Արցախից բռնազավթած տարածքներում ոչնչացնում է հայկական պատմամշակութային կոթողները, վերացնում է հայկական հետքն ու կեղծում պատմությունը։
Այդ երկրի նախագահ Ալիևն էլ պարբերաբար ամբողջ աշխարհի առաջ հրապարակային սպառնալիքներ է հնչեցնում հայ ժողովրդի հասցեին ու ավելի բորբոքում հայության նկատմամբ ազգային թշնամանքն ու ատելությունը։ Բայց միջազգային հանրությունը այդպես էլ համարժեք արձագանքի չի արժանացնում Ալիևի վարչակարգի գործած հանցագործությունները։ Տարբեր երկրներ, միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ միջնորդները, հիմնականում հավասարության նշան են դնում ադրբեջանական ու հայկական կողմերի միջև։ Նույն՝ մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկ համարվող Եվրոպան նույնիսկ որևէ մտադրություն չունի Ադրբեջանի ու Ալիևի նկատմամբ կոնկրետ պատժամիջոցներ սահմանել, քանի որ այդ երկիրն անցել է մարդու իրավունքների ոտնահարման բոլոր սահմանները։
Ու այս լռությունը քիչ չէ, բազմաթիվ երկրներ, միջազգային կազմակերպություններ ու ընկերություններ պատրաստակամություն են հայտնում Ադրբեջանին օգնելու ու Արցախից բռնազավթված տարածքներում ներդրումներ կատարելու հարցում։ Այնինչ, այսօր ամենաշատ օգնության կարիքն ունի Արցախի բնակչությունը, որը ադրբեջանական ագրեսիայի զոհ է դարձել։
Կարդացեք նաև
ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում